Եղանակային անբարենպաստ պայմաններն ու դրանց հետևանքով առաջացած խնդիրներն Աշոցքում

Եղանակային անբարենպաստ պայմաններն ու դրանց հետևանքով առաջացած խնդիրներն Աշոցքում

711

Մարտի 20-23-ը Հանրապետության որոշ մարզերում առատ ձյան պատճառով բնակիչների կրած վնասները դեռևս չեն փոխհատուցել։ Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Շիրակի մարզի Աշոցքի շրջանի Մուսաելյան գյուղը օրեր շարունակ հոսանքազրկվել է։ Էլեկտրաէներգիայի անջատման և փակ ճանապարհների հետևանքով գյուղի բնակիչներն ունեցել են անգամ հացի խնդիր. տեղի արտադրամասը չի գործել, մայրաքաղաքից էլ բերել հնարավոր չէր ձնաբքի պատճառով։

 «Ալյուր ենք գնում, վառարանում հաց թխում, բաժանում մեկս մյուսի մեջ։ Կարծես նորից  90-ականներում ապրենք։ Խարխուլ տների տանիքից  ու պատուհաններից ձյունը ներս է լցվել։ Գնումներ կատարելը ևս դժվար է։ Խանութներում վաճառում են միայն տուփով ապրանքներ, կիլոգրամով ոչինչ չեն վաճառում՝ կշռել հնարավոր չէ»,- ասում է Մուսաելյանի բնակչուհի Իրինա Հովհաննիսյանը։

Մուսաելյանի վարչական ղեկավար Կարեն Վարդանյանի խոսքով՝ գյուղի ճանապարհները մաքրել դժվար է. «Որոշ հատվածներում առատ ձյունից գոյացել են բլուրներ, անգամ տեխնիկայով վերացնել չի ստացվում։ Որոշ տների տանիքներ ջարդվել են, վնասները մեծ չեն, բայց կան»:

Աշոցք համայնքի աշխատակազմի քարտուղար Համլետ Ավետիսյանն էլ պարզաբանում է, որ բնակիչների կրած վնասների փոխհատուցում դեռևս չի եղել. «Ֆինանսավորումը պիտի լինի համայնքապետարանի բյուջեից, մնացած կառույցները հրաժարվում են որևէ աջակցություն ցուցաբերել»:

Բնակիչները հույս ունեն, որ կստանան փոխհատուցում, որ գոնե ունենան ամուր տանիք՝ հնարավոր ձնաբքից ու անձրևից պաշտպանվելու համար։

Նարե Օհանյան

3-րդ կուրս

Կիսվել