Ձևավորված բարդույթներ՝ քողարկաված բնավորության տեսակի ներքո

Ձևավորված բարդույթներ՝ քողարկաված բնավորության տեսակի ներքո

1132

Աշխարհում 13–15 տարեկան աշակերտների կեսը՝ 150 մլն երեխա, ասել է, որ դպրոցում կամ դպրոցի տարածքում հասակակիցների կողմից ենթարկվում է բուլինգի:

Բուլինգը անձի նկատմամբ կիրառվող ագրեսիվ վարքն է՝ հետապնդում, հոգեբանական տեռոր, ծեծ, հեգնանք, ծաղրանք, բամբասանքների տարածում: Այն կարող է տեղի ունենալ ցանկացած խմբում, բայց առավել վտանգավոր է դպրոցականների շրջանում: Այս երևույթը մարդկային հասարակության մեջ կա վաղնջենական ժամանակներից․ ծաղրվել են թույլերը, տկարները, հետո՝ այլակրոնները, և այդպես շարունակ։ Շատ հոգեբաններ և մտածողներ նշում են, որ այլ մարդու թույլ կողմը կամ այլակարծությունը ծաղրելը բնորոշ է չինքնահաստատված, թույլ մարդկանց, որոնց առաջ գնալու ռազմավարությունը ոչ թե այլոց գերազանցելն է, այլ նվաստացնելը, որով իրենք առանց աճելու դառնում են մնացածից ավելի «բարձր»։ Սակայն ավելի կարևոր է հասկանալ, թե ինչպես պայքարել բուլիինգի դեմ դպրոցում, երեխաների շրջանում։

Բուլինգի հիմքը, որքան էլ տարօրինակ հնչի, դնում են ծնողները։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց հոգեբան Թագուհի Մակարյանը.

-Բնական է, երբ ծնողն իր երեխային մեծարում է, նրան ասում, որ ամենալավն է, ունի շատ ավելի արժանիքներ, քան այլ երեխաները։ Եվ այս թվացյալ սիրո դրսևորումը սերմանում է երեխայի մեջ մեծամտություն և փակում նրա աչքերը, որ չտեսնի իրականությունը և չցանկանա հավատալ, որ որևէ մեկն ինչ-որ բանում նրանից առաջ է անցել։

Բուլիինգի ենթարկվող անձը համարվում է բուլիինգի զոհ, իսկ բուլիինգի ենթարկող անձին համարում են բուլեր։  Բուլեր դառնում են այն մարդիկ ովքեր իսկապես կարիք են զգում ինքնահաստատման, և երբեմն որևէ մեկին վնասելու ցանկությունը լինում է հենց նախանձից։ Փորձերը ցույց են տվել, որ բուլերները հիմնականում լինում են այնպիսի ընտանիքներից, որտեղ օգտագործվում են ֆիզիկական ուժ, և նրանց ծնողները իրենց երեխաներին դաստիարակում են, որ յուրաքանչյուր խնդիր կարելի է լուծել ուժի, բռնության միջով։ Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ բուլերների (հիմնականում 6-9 դասարաններում) 60 տոկոսը արդեն քսանչորս տարեկանում գործած է լինում ամենաքիչը մեկ հանցանք։

Ըստ հոգեբանի՝ բուլինգի կանխարգելման համար միայն կոնֆլիկտի կողմերի հետ աշխատանքը բավարար չէ․ պետք է միջավայրի պատրաստվածություն։ Դրան նպաստում են խմբային պարապմունքները, երեխաների և ուսուցչական անձնակազմի հետ աշխատանքները։ Սակայն, անգամ այն դեպքում, երբ ամեն ինչ ճիշտ է արվել, հնարավոր են բուլինգի դեպքեր:

«Այստեղ շատ կարևոր է, որ երեխան հստակ հասկանա, որ մեծահասակներին դիմելուց հետո իրեն կօգնեն, ճիշտ կհասկանան։ Մեծահասակները ևս պետք է պատրաստ լինեն այդ զրույցին, որովհետև երբեմն նրանց միջամտությամբ խնդիրը լուծելու փոխարեն ավելի է արմատավորվում։ Հաճախ լինում են դեպքեր, երբ երեխան ակամայից զոհից մեղավորի է վերածվում։ Օրինակ՝ երբ հալածանքի պատճառը երեխայի գիրությունն է, մեծահասակները նրան ասում են՝ «նիհարիր, որ քեզ այլևս չծաղրեն»։ Նման դեպքերում երեխան բացարձակ անպաշտպան է մնում բռնարարի մոտ»,- բացատրում է հոգեբանը։

ԱՄՆ-ում բուլինգի մասին իրավական կարգավորումներ սկսեցին ստեղծվել 1999 թ․- ից սկսած, Քոլումբայնի հրաձգությունից հետո, երբ 2 աշակերտ, հրազենով սպանեցին 12 աշակերտի և 1 ուսուցչի։ Այդ դեպքից հետո, ԱՄՆ Ջորջիա նահանգը առաջինն էր, որ բուլինգի կանխարգելմանն ուղղված օրենք ընդունեց։ Առկա օրենքների շրջանակներում, նահանգների գրեթե 30 %-ում դպրոցների անձնակազմերը պարտավոր են զեկուցել բուլինգի դեպքերը դպրոցի ադմինիստրացիային, 30%-ը կարող են դա անել անանուն կերպով, իսկ 9 նահանգներ, պարտավոր են զեկուցել օրինապահներին։ Ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում դպրոցականների 38 %-ը տեսել է՝ ինչպես են իրենց շրջապատում որևէ երեխայի ծեծում, իսկ 35 %-ը առնվազն 1–5 անգամ դպրոցում ծաղրանքի ականատես է եղել: Սա նշանակում է, որ գրեթե յուրաքանչյուր երկրորդ երեխան դպրոցում բռնության ականատես է եղել:

Բուլինգը Հայաստանում ընդհանրապես անտեսված խնդիր է, մասնավորապես, դպրոցներում։ Չկա վիճակագրություն այն մասին, թե տարեկան քանի աշակերտ է բռնության ենթարկվում դպրոցներում հասակակիցների կողմից։

Մեր հերոսը, ով սովորում է  հանրակրթական դպրոցում, իր նկատմամբ խտրական վերաբերմունք չի զգացել։ Սիրված աշակերտ է, լավ է սովորում, խնդիրներ չի ստեղծում: Չնայած դրան՝ հենց դպրոցում է հասկացել՝ ինչի կարող է հանգեցնել բուլինգը.

«Ես դասրանում ոչնչով չեմ տարբերվում մյուսներից: Բայց մենք դասարանում մի աղջիկ ունենք, որի սանրվածքը շատ կարճ է, տղայի նման: Մյուս դասարանների տղաները նրան հանգիստ չեն տալիս: Շատ հաճախ մենք կռիվներ ենք ունենում նրա համար: Անգամ մի անգամ դասարանում մեկը իբր հումորի համար պարիկ էր նվիրել», — պատմում է հերոսը։

Մեր հաջորդ հերոսը դժվար է խոսում դասընկերների հետ հարաբերությունների մասին, սակայն նախընտրում է դասարանում աննկատ մնալ։

«Ինձ չեն ծաղրում, ուղղակի չգիտեմ ինչից  ա, որ ինձ ոնց որ չսիրեն։ Կարողա ուղղակի անցնեն ու հրեն, իբր թե պատահական։ Ես ուզում էի դասարանս փոխել, ուղղակի հետո մտածեցի, որ ուրիշ դասարանում գուցե ավելի վատ լինի։ Ես սիրում եմ մենակ մնալ, դասամիջոցներին դասարանից դուրս չեմ գալիս, հանգիստ նստում եմ ու նկարում»,- պատմում է հերոսը։

Ուսուցչուհու կարծիքով դա պարզապես երեխայի տեսակն է, և ոչ բուլինգի արդյունքում ձևավորված կոմպլեքս։ Նման կարծիք ունեն նաև հերոսի ծնողները։

«Այո, ինքը պատմում է դպրոցում տեղի ունեցողի մասին, պարզապես ինքը միշտ ինքնամփոփ երեխա է եղել, երբեք էլ չի սիրել իր հասկակիցների հետ խաղալ։ Կարծում եմ դա իր էությունն է։ Իհարկե, եթե նկատեմ, որ խնդիրն ավելի խորքային է դառնում, գուցե և դիմեմ մասնագետի»,- մեզ հետ զրույցում նշեց երեխայի մայրը։

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսյա Սվաջյանն ասում է՝ Հայաստանի դպրոցներում, հիմնականում ակադեմիական, գիտալիքահեն կրթություն է տրամադրվում։ Իսկ երեխաների աշխարհայացքի ձևավորման, միջանձնային հարաբերությունների կառուցման, հաղորդակցման հմտությունների ուղղությամբ հանրակրթական դպրոցներում աշխատանքներ չեն տարվում․

«Մինչ օրս բուլինգի նկատմամբ լայնածավալ, պետական մոտեցում երբևէ չի կիրառվել։ Բուլինգի դեմ ուղղված փոքրիկ, տեղային ծրագրեր իրականացվել են միայն տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից, այն էլ շատ փոքր ծավալով։ 

Դպրոցը շատերի մոտ ընկալվում է որպես պաշտպանված միջավայր, սակայն, մյուս կողմից էլ, պետք է հասկանալ, որ այդ միջավայրում հայտնվում են երեխաներ, որոնք ինքնահաստատման խնդիր ունեն, հետևաբար՝ վարքի տարբեր ձևեր կարող են դրսևորել»։

Բուլինգի հետևանքները կարող են շատ ծանր լինել, նաև անդառնալի: Բուլինգը հարկավոր է դադարեցնել, սակայն ինչպես դժվար է բուժել մի ամբողջ դպրոց համաճարակից, այնպես էլ դժվար է «բուժել» կոլեկտիվը բռնություն գործադրելու սովորությունից: Դա մի ամբողջ միջոցառումների փաթեթ է, հոգեբանների մասնակցությամբ ու աշխատակազմի պատրաստակամությամբ: Ավելի ցանկալի ճանապարհն է կանխարգելել իրազեկելու միջոցով՝ ներգրավելով պայքարի մեջ բոլոր հնարավոր թիրախային խմբերին:

Դանիելա Զանազանյան

3-րդ կուրս

Կիսվել