IT ոլորտը շատ մեծ դեր է խաղում մեր կյանքում: Տեխնիկական զարգացման այս փուլում գրեթե բոլորն օգտվում են համակարգիչներից, բջջային հեռախոսներից կամ տեխնիկական այլ սարքերից: Շատերը՝ հատկապես պատանիներն ու երիտասարդները, իրենց առօրյան չեն պատկերացնում առանց այդ սարքերի: Զարգացման ինչ ճանապարհ է անցել IT ոլորտը Հայաստանում, ինչ խնդիրներ եւ հեռանկարներ կան. այս հարցերի շուրջ զրուցել ենք ծրագրավորող, IT ոլորտի մասնագետ Հայկ Մանուկյանի հետ:
-Հայաստանում IT ոլորտն առաջացել է երկրի զարգացման հետ զուգահեռ և ներգրավվել գրեթե բոլոր ոլորտներում: Մեր երկրում տեխնիկական զարգացման հիմքերը դրվել են դեռևս նախորդ դարի 90-ականների սկզբին, երբ «համացանց» հասկացությունը ներմուծեց «Արմինկո» ընկերությունը, որը ստեղծել է առաջին մասնագիտացված կայքը՝ arminco.com հասցեով:
-Զարգացման ինչպիսի՞ ընթացք է ունեցել IT ոլորտը Հայաստանում:
-Ինչպես նշեցի, Հայաստանում առաջինն այս առումով «Արմինկո» ընկերությունն էր: Այդ հաջողված փորձին հետևեցին նաև այլ ընկերություններ, ինչի հետ աճեց նաև պահանջարկը: Մարդիկ սկսեցին ավելի հաճախ օգտվել համակարգիչներից, ստեղծվեցին առաջին կայքերը, որոնք օգնում էին կապ հաստատել աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մարդկանց հետ: Հետագայում տնտեսապես կարևոր ոլորտների համար նույնպես համացանցը դարձավ աշխարհի հետ կապ հաստատելու միջոց:
-Ի՞նչ հեռանկար եք տեսնում IT ոլորտի զարգացման համար Հայաստանում:
-Կարելի է ասել, Հայաստանում ոլորտը զարգանում է կայուն տեմպերով: Հուսով ենք՝ ապագայում այն կզարգանա ավելի արագ տեմպերով՝ համընթաց քայլելով մոլորակի զարգացման միտումներին:
-Խոսենք այս ոլորտը սպասարկող կադրերի մասին: Ծրագրավորողների մեծ մասը կրթություն ստանալուց հետո մեկնում է արտասահման՝ այնտեղ անցնելով աշխատանքի: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում սա կանխելու համար:
-Ցավոք սրտի, այդ երևույթի դեմն առնել առայժմ չի հաջողվում: Քայլեր ձեռնարկվում են, բայց դրանք առայժմ որևէ էական ազդեցություն չունեն առկա խնդրի լուծման համար: Ցավալի է, որ հայ մասնագետները նպաստում են այլ երկրների՝ IT ոլորտի զարգացմանը: Եթե նրանք մնան այստեղ, ապա մեր երկիրն առաջխաղացում կունենա բոլոր բնագավառներում: Չի կարելի այդպես հանգիստ այլ երկրների «զիջել» մեր լավագույն մասնագետներին:
-Ինչքա՞ն է Հայաստանում IT ոլորտի աշխատակցի միջին աշխատավարձը:
-Շատ բարդ է պատասխանել այդ հարցին: Ոչ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է 200-250 հազար ՀՀ դրամ: Կարծում եմ՝ մասնագետն առաջին հերթին պետք է մտածի մասնագիտական կատարելագործման մասին, իսկ եթե լինես լավ որակավորված մասնագետ, ապա գումարները կգան դրա հետ մեկտեղ:
-Հայաստանում աճո՞ւմ է IT ոլորտի մասնագետների պահանջարկը:
-Վերջին տարիներին պահանջարկն աճում է, քանի որ IT ոլորտն անբաժանալի է դառնում մնացած ոլորտներից: Դա սկիզբ է դրել IT ոլորտի զարգացմանը: Այսօր շատերն են ցանկանում դառնալ այս ոլորտի մասնագետ, բայց, առաջին հերթին, մեծ աշխատասիրություն է պետք և հետո՝ շատ գիտելիքներ:
-Ի՞նչ խորհուրդ կտայիք այս ոլորտի ապագա մասնագետներին:
-Խորհուրդ կտայի մանրամասն ուսումնասիրել իրենց մասնագիտությունը: Օգտվել ուսումնական կենտրոններից և աշխատել ոլորտը զարգացնելու ուղղությամբ, քանի որ երկրում այս պահի դրությամբ դրա համար մեծ ներդրումներ են կատարվում: Կառավարության աջակցությամբ արդեն տևական ժամանակ է՝ իր գործունեությունն է ծավալում «Թումո» կենտրոնը, որը խթանում է տեխնոլոգիական գիտությունների զարգացմանը: Մեծ ներդրումներ են կատարվում նաև ռոբոտաշինության մեջ:
-Ի՞նչ առավելություններ ունի Ձեր մասնագիտությունը:
-Առավելությունները շատ են: Շատ երկար կտևի մեր զրույցը, եթե թվարկեմ բոլոր կետերը: Կարելի է ասել`, IT ոլորտն այս պահի դրությամբ իշխում է մնացած բոլոր ոլորտների նկատմամբ, քանի որ հենց նրանից է կախված մյուս բոլոր ոլորտների բնականոն աշխատանքը: Օրինակ՝ միջազգային արագ կապերը, ներքին կապերը: Կարելի է ասել, մենք՝ այս ոլորտի մասնագետներս, այս պահի դրությամբ աստիճանի վերևում ենք:
Զրուցեց Վարդան Արմենյանը
2-րդ կուրս