ԻՄ ՀՈԲԲԻՆ՝ ՇԱԽՄԱՏԸ

ԻՄ ՀՈԲԲԻՆ՝ ՇԱԽՄԱՏԸ

2505

«Շախմատի մասին պատկերացումները հակասական են: Ոմանք դա համարում են սպորտ, ոմանք` արվեստ: Կարծում եմ` այդքան էլ կարևոր չէ որոշել, թե որ կատեգորիային է դասվում շախմատը: Ժամանակակից շախմատում ամենակարևորը վերջնաարդյունքն է»:  

Ալեքսանդր Մորոզևիչ

Շախմատ սիրում են գրեթե բոլորը, սակայն ոչ բոլորն են տիրապետում շախմատի կանոններին։ Շատերն այն համարում են կյանքի խաղ, շատերը՝ բարդ խաղ։ Սակայն ամեն ինչ շատ պարզ է․ նախ սովորում ենք խաղի կանոնները, այնուհետև զարգացնում մեր հմտությունները խաղում։

Իմ զրուցակիցը Նորայր Հովհաննիսյանն է, ով շախմատը համարում էր իր հոբբին, այնինչ հիմա օրվա հիմնական մասը տրամադրում է դրան։

Նախ կխնդրեմ՝ մի փոքր պատմես քո և քո մասնագիտությունների մասին։

-Ես ծնվել ու մեծացել եմ Գյումրիում, ավարտել եմ «Ֆոտոն» վարժարանը, սովորել եմ հումանիտար հոսքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ՝ արվեստաբանության բաժին։ Այնուհետև ուսումս շարունակել եմ մագիստրարուրայում՝ հայագիտություն մասնագիտությամբ։ Եվ դրանք եղել են իմ կյանքի լավագույն տարիները։ 3-րդ կուրսից որոշեցի զուգահեռ զբաղվել նաև իմ հոբբիով՝ շախմատով, որը 7 տարի պրոֆեսիոնալ ուսումնասիրել էի, և փորձեցի դպրոցում դասավանդել. շատ լավ ստացվեց։

– Խնդիրներ չառաջացա՞ն աշխտանքի ընդունվելիս. ուսանող էիր ու դպրոցում պետք է աշխատեիր։

-Ոչ, ընդհանրապես։ Իմ գերխնդիրն էր կարողանալ դասարան պահել և երկրորդ՝ կարողանալ գիտելիքը փոխանցել։ Ինձ մոտ ստացվեց։ Արդեն 4-րդ տարին է, ինչ աշխատում եմ «Տաթև» դպրոցում։

-Շախմատի նկատմամբ սերը ե՞րբ է առաջացել։

-7 տարեկանում մայրս որոշեց ինձ տանել շախմատի։ Երբ սկսեցի պարապել, շատ սիրեցի շախմատը, եթե ինձ հարցնում էին՝ ինչ ես ուզում դառնալ, ասում էի շախմատի մարզիչ։ Հետո մերոնք սկսեցին անհանգստանալ, որ ես բացի շախմատից ուրիշ բան չէի պատկերացնում, ու ինձ ուղարկեցին տարբեր պարապմունքների՝ մարմնամարզության, կարատեի, պարի, համակարգչային դասընթացների, հաղորդավարական դասերի,  դպրոցի բոլոր խմբակներին գնում էի. մի խոսքով, ամեն ինչի մասնակցում էի։ Հետո եկավ ժամանակը համալսարան ընդունվելու, որոշեցի շախմատը թողնել ու պարապել այն առարկաները, որոնցով պետք է ընդունվեի։ Ընդունվեցի։ Արդեն այդ ժամանակ դպրոցում անցնում էին շախմատ, ու ես էլ որոշեցի դասավանդել դպրոցում։ Ու հիմա կարելի է ասել՝ իմ մանկության երազանքը իրականացավ։

-Դու հիմա ունես քո սեփական դպրոցը պատմիր դպրոցի ստեղծման ճանապարհի և նրանում հանդիպած դժվարությունների մասին։

-Երբ սկսեցի աշխատել դպրոցում, միտք առաջացավ բացելու սեփականը։ Դպրոցը բացվեց 2016 թ. նոյեմբերի 1-ին։ Նախօրոք երեխաներ գրանցվել էին․ սկսեցինք 25 աշակերտով։ Ընկերներիս օգնությամբ շատ բան արեցի։ Հիմա արդեն աշխատում եմ նոր գույք ձեռք բերել, որ երեխաների համար էլ ավելի հարմարավետ լինի։ Պլաններ ունենք դպրոցը տրանսպորտային միջոցներով հագեցնելու, որպեսզի այն ծնողները, ովքեր ժամանակի առումով խնդիր ունեն և չեն հասցնում տանել-բերել երեխաններին, դպրոցի մեքենաները տանեն-բերեն։ Նաև դպրոցը ունի բանավոր պայմանագրեր տարբեր կազմակերպությունների հետ, ըստ որոնց՝ մեր դպրոցի երեխաներ այդ կազմակերպությունների առաջարկներից օգտվելիս ստանում են հատուկ զեղչեր։ Այդպիսի պայմանավորվածություն ունենք, օրինակ, «Բուկինիստ» գրախանութների ցանցի և Հրաչյա Օհանյան խանութի հետ։

-Ի՞նչ տարբերություն կա «64» շախմատի դպրոցի և մյուս շախմատի դպրոցների միջև։

-Առաջինը՝ մեզ մոտ նվիրվածությունը շատ մեծ է, ու գերիշխում է հավասարությունը, այսինքն, եթե մի երեխան լավ է խաղում, մյուսը՝ ոչ այնքան, մենք տարբերություն չենք դնում ու բոլորի նկատմամբ ցուցաբերում ենք նույն մոտեցումը։ Մեր երեխաները կարճ ժամկետներում հասնում են մեծ արդյունքների։ Մեզ մոտ շատ հետաքրքիր է անցնում։ Ամեն արձակուրդներին 3 օրով գնում ենք ուսումնամարզական հավաքների։ Այնտեղ երեխաները շախմատից բացի սովորում են տարբեր բաներ անել, օրինակ, լավաշ թխել, գաթա պատրաստել, խորոված սարքել և այլն։

-Շախմատը օգնո՞ւմ է քեզ կյանքում ինչ-որ քայլ անելիս։

-Շախմատը ես համարում եմ հենց կյանքը, ցանկացած բնագավառ ես կարող եմ համեմատել շախմատի հետ։ Ընդհանրապես, ես դասավանդելիս աշխատում եմ միշտ միջառարկայական կապեր ստեղծել ՝ օրինակ, համեմատում եմ այս պահը շախմատի հետ, ու երեխաներին միշտ ասում եմ՝ եթե քայլ եք անում շախմատում, դուք պետք է մտածված անեք, նույնն էլ կյանքում՝ եթե բառ եք ասում, դուք պետք է նախօրոք մտածեք հետևանքների մասին։

-Ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշես երեխաների հետ կապված։

-Մի քանի օր առաջ աշակերտս մոտեցավ ինձ ու ասաց` «Բարև պապ», ասացի` «Բարև, բայց ես քո պապան չեմ, ու քո պապայից բացի ուրիշ ոչ մեկին պապա չասես», ինքն էլ պատասխանեց` «Լավ ուրեմն դուք իմ շախմատային պապան կլինեք»։

-Մտածե±լ ես քո հայրենի քաղաքում դպրոց բացելու մասին։

-Մտքեր եղել են, բայց ժամանակի առումով չեմ կարողանում հասցնել։ Նախ էստեղ այնքան գործ կա, որ երկու տեղով կիսվելը շատ դժվար կլինի։ Հետագա պլաններիս մեջ կարծում եմ, որ կմտնի այդ կետը, և հնարավոր է` մասնաճյուղ բացեմ այնտեղ։

 

Արաքսյա Փաշոյան

2-րդ կուրս

Կիսվել