Զրուցել ենք բլոգեր և դիմահարդար Աստղիկ Ղազարյանի հետ։
-Ինստագրամ սոցիալական ցանցում ունեք 52.600 հետևորդ, ինչու՞ որոշեցիք զբաղվել բլոգավարությամբ, ո՞վ Ձեզ ոգեշնչեց:
-Մինչ բլոգավարությամբ զբաղվելը հատուկ քայլեր չեմ արել կամ որոշել, ուղղակի այդպես ստացվել է: Ինստագրամ սոցիալական ցանցում տեղադրում էի իմ կատարած դիմահարդարումները, դրա հետ մեկտեղ տեղադրում էի իմ լուսանկարները: Ժամանակի ընթացքում հասկացա, որ մարդկանց ավելի շատ հետաքրքրում է իմ առօրյան, քանի որ, երբ տեղադրում էի իմ լուսանկարները, արձագանքը լսարանի կողմից ավելի մեծ էր լինում: Այդ ամենից հետո որոշեցի ավելի շատ կիսվել հետևորդներիս հետ իմ առօրյաով: Հետևորդներ ավելանալուց հետո, հասկացա, որ սկսել եմ զբաղվել բլոգավարությամբ: Բլոգ վարելը ինձ մոտ եղել է անգիտակցաբար:
-Որքան հուզական է բլոգի տեքստը, այնքան ավելի անկեղծ է այն ընկալվում և ներշնչում ընթերցողների վստահությունը: Ինչպե՞ս կարողացաք շահել Ձեր հետևորդների վստահությունը:
-Ես իմ էությամբ շատ բաց մարդ եմ, չեմ սիրում ձևականություն, այն ամենն, ինչ մտածում և զգում եմ, այդպես էլ արտահայտվում եմ: Կարծում եմ՝ մարդիկ հենց դա էլ իմ մեջ սիրեցին, որովհետև կեղծավորություն չկար իմ բլոգում:
-Ի՞նչն է ամենաշատը հետաքրքրում Ձեր հետևորդներին բլոգում, ո՞ր հրապարակումներն են պահանջված։
-Իմ հետևորդները 90 %-ով աղջիկներ են: Նրանք սիրում են դիմահարդարման և կոսմետիկայի հետ կապված ամեն ինչ, այդ ամենի հետ մեկտեղ նրանց հետաքրքրում է ուսուցողական հոլովակները: Սիրում են նկարներս արված ամուսնուս և բալիկիս հետ, հիմնականում մարդկանց հետաքրքրում է շատ նեղ անձնական թեմաները:
-Ակնհայտ է, որ շատ եք սիրում Ձեր աշխատանքը, ինչպե՞ս եք կարողանում համատեղել ընտանիքն ու աշխատանքը:
-Իմ բլոգը չեմ համարում աշխատանք, ուղղակի սիրում եմ բլոգինգը, հետաքրքիր է, անգամ եթե եկամուտ և շահ չունենայի, միևնույն է կվարեի, քանի որ ինձ շատ հարազատ է: Բալիկս երբ դեռ չէր ծնվել, ինձ համար ամեն ինչ ավելի հեշտ էր: Բալիկիս ծնվելուց հետո մի փոքր ամեն ինչ բարդացավ, այս շրջանում մի փոքր դժվարանում եմ համատեղել: Ցանկանում եմ երեխայիս հետ շատ ժամանակ անցկացնել, սակայն դրա հետ մեկտեղ ամեն ինչ անում եմ, որ բլոգս այդ ամենից չտուժի: Միանշանակ դժվար է, բայց եթե մարդը իր աշխատանքը կատարում է սիրով, ապա անպայման կկարողանա համատեղել: Բլոգավարությունից զատ զբաղվում եմ դիմահարդարմամբ, բլոգինգը ավելի շատ հոբբի է:
-Ո՞րն է Ձեր կարծիքով բլոգավարության ամենահիասթափեցնող կողմը:
-Բլոգավարության մեջ ինձ հիասթափեցնում է այն, երբ սթորիներս դիտում են ակտիվությամբ, բայց չեն ցանկանում հետևել կամ հավանել լուսանկարներս: Իրականում ես նեղվում եմ այդ ամենից, երբ սթորիներիս դիտումները մի քանի հազարով ավել են, քան իմ լուսանկարների հավանումները: Ինչ-որ բան չեմ տալիս ստանալու համար, այս ամենը անում եմ ուղղակի իմ հավեսի համար:
-Ո՞րն է սոցիալական մեդիայի լավագույն ռազմավարությունը բլոգում ավելի շատ այցելուներ ունենալու համար:
-Այսօր Ինստագրամը մեր կյանքի անբաժան մասն է դարձել, թե ՛ բիզնեսի տեսանկյունից, թե ՛ ցանկացած այլ բնագավառում, կարող ենք ասել՝ Ինսագրամը առաջնային է: Հետևաբար, եթե գրանցված ես Ինստագրամ սոցիալական ցանցում, ապա կարող ես ունենալ վաճառք ու ակտիվություն: Ինչու չէ, ես ել Ինստագրամում ցանկանում եմ վաճառել իմ դիմահարդարումը: Բլոգում շատ այցելուներ (հետևորդներ) ունենալու համար հարկավոր է ամեն օր ակտիվ պահել էջը և հնարավորինս լինել անկեղծ, այնպես, ինչպես կաս, առանց ինչ որ ձևականությունների ու միտումնավոր պատրաստած սթորիների:
-Նշեք Ձեր սիրելի բլոգերներից մի քանիսին, ինչու՞ են նրանք Ձեր ֆավորիտները:
-Բլոգերներից հետևում եմ Գոհար Ավետիսյանին և Լեռ Չեկին: Հետևում եմ իմ ընկեր բլոգերներին: Հայ բլոգերներից հատուկ ինչ-որ մեկին չեմ հետևում:
Վերա Հայրյան
4-րդ կուրս