Կիբերհանցագործություններ. շանտաժից մինչև պաշտպանություն

Կիբերհանցագործություններ. շանտաժից մինչև պաշտպանություն

671

17-ամյա Նառան «գրավիչ» բովանդակությամբ հաղորդագրություն է ստացել իր Instagram-յան օգտահաշվին, որում իրեն առաջարկել են հերթական «աննախադեպ» հնարավորություններից օգտվելու համար անցել ուղարկված հղումով և նշել այն անձնավորության անունը, ումից ստացել է նամակը: Նշելուց հետո պահանջվել է լրացնել նաև անձնական տվյալներ, կցել սոցիալական էջեր: Նառան այդ տեղեկատվությունը փոխանցելուց անմիջապես հետո չի կարողացել մուտք գործել իր էջ: Հասկանալով, որ էջը կոտրված է, փորձել է էլեկտրոնային հասցեով այն վերականգնել և տեսել, որ այն ևս հասանելի չէ:

Եղբոր սոցիալական էջով Նառան հաղորդագրություն է ուղարկել իր էջին և ստացել պատասխան՝ 50.000 դրամ փոխանցել իրենց հաշվեհամարին, հակառակ դեպքում անձնական հաղորդագրություններն ու լուսանկարները կհրապարկվեն էջում: Մի քանի լուսանկար է հրապարակվել, ինչին Նառան արձագանքել է՝ մի փոքր ավելի քիչ գումար առաջարկելով: «Բանակցություններն» անպտուղ են ավարտվել: Մի քանի օր անց աղջիկն իմացել է, որ կոտրվել է նաև իր ընկերուհու էջը, ինչից հետո նրանք դիմել են ոստիկանություն:

«Հիմա փորձում եմ զգույշ լինել, ամեն հղումով անցնելուց լավ զննում եմ, կամ չեմ էլ անցնում, եթե կասկածելի է, երկակի պաշտպանության ռեժիմն եմ ակտիվացրել, որ ավելի ապահով լինեմ»,- ասում է նա:

Ոստիկանության ակադեմիայի սան Ասմարեն, նույնպես հայտնվել է նման իրավիճակում: Կասկածելով, որ իր սոցիալական էջի հետ մի բան այն չէ, փորձել է փոխել գաղտնաբառը, որից հետո չի կարողացել մուտք գործել ֆեյսբուքյան իր էջ: Էջը կոտրելուց անմիջապես հետո հրապարակվել են Ասմարեի հետ որևէ առնչություն չունեցող հաղորդագրություններ: Որոշ ժամանակ անց Ասմարեի ընկերներից մեկը ստացել է հաղորդագրություն, ումից դարձյալ պահանջել են 50.000 դրամ, որպեսզի ջնջեն հրապարակումներն ու ֆեյսբուքյան էջը: Ասմարեն փորձել է տարբեր եղանակներով «փրկել» իր սոցիալական էջը, ինչը չի հաջողվել: Մի փոքր նվազեցնելով գումարի չափը՝ 20000 դրամ է փոխանցել ուղարկված հաշվեհամարին, որից հետո էջը փակվել է:

«Շատ էի լսել, որ էջեր են գողանում ու գումար պահանջում, բայց իրականում չէի մտածում, որ ինձ հետ էլ նման բան տեղի կունենար»-, ասում է նա:

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ չնայած վերջին շրջանում հստակ վիճակագրություն չկա, բայց կիբերհանցագործությունների թիվը միայն աճում է:

«Անչափահասների էջերն են ավելի շատ կոտրում, քանի որ նրանք տոկոսային հարաբերակցությամբ ավելի շատ են Instagram-ում, բայց հատուկ թիրախավորում չկա՝ ում ստացվում է, կոտրում են»,- ասում է նա:

Հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանը կիբերհանցագործությունների թվի աճը բացատրում է քաղաքացիների կողմից իրավապահներին ավելի հաճախ դիմելու փաստով: Նկատելով, որ աշխարհում կիբերհանցագործությունների դեպքերի բացահայտումը տատանվում է 1 տոկոսի սահմաններում՝ Սասուն Գրիգորյանն ասում է, որ դա պայմանավորված է տուժողների կողմից իրավապահներին չդիմելու հանգամանքով:

 Հայաստանի շատ քաղաքացիներ նույնպես տուժում են կիբերհանցագործություններից, բայց չեն բարձրաձայնում դրանց մասին: Քննիչը հորդորում է նման դեպքերում դիմել իրավապահներին և չփորձել ինքնուրույն լուծել խնդիրը, քանի որ դրանց բացահայտման մեխանիզմներն այլ են:

«Հանրապետությունում շատ են տարածված դեպքերը, երբ քաղաքացիներին, մոլորության մեջ գցելով, ստանում են անձնագրային և բանկային քարտերի տվյալները կամ խոստացված ծառայությունների դիմաց էլոկտրոնային եղանակով ստացված գումարը հափշտակում են»,- ասում է նա:

Սոցիալական ցանցերի տարածվելով շատերը սկսեցին օգտագործել դրանց ընձեռած հնարավորությունները՝ շփվելու, ծանոթություններ հաստատելու, ակնթարթային հաղորդագրություններ ուղարկելու համար: Այս ամենին զուգընթաց՝ սոցիալական ցանցերը չարագործների ձեռքին դարձան օրինական օգտատերերին վիրավորելու, վարկաբեկելու, սպառնալու, գումարներ շորթելու և այլ նպատակներով կիրառվող գործիք: Այդ իսկ պատճառով տեղեկատվական համակարգերից կամ համացանցից օգտվելիս՝ անհրաժեշտ է պահպանել որոշակի կանոններ, ինչը թույլ կտա հնարավորինս նվազեցնել համացացանցային վտանգները թե՛ անհատ քաղաքացիների, և թե՛ իրավաբանական անձանց համար:

Օգտատերերին խորհուրդ է տրվում առավելագույնս զգուշավոր մոտեցում ցուցաբերել անծանոթների հետ նամակագրություն վարելիս, սոցիալական ցանցերում կասկածելի վարք դրսևորող անձանց հետ շփվելիս: Գործարար շփումների դեպքում միայն վստահելի անձանց հետ կազմակերպել ապրանքաշրջանառությունը, ինչը հնարավորություն կտա նվազեցնել ռիսկերը: Պետք է զերծ մնալ նաև կասկածելի կամ պոռնկագրական բովանդակությամբ կայքեր այցելելուց:

Սաթենիկ Խալաթյան

2-րդ կուրս

Կիսվել