Յուրի Գևորգյանը ծնվել է Արցախում, մեծացել Հայաստանում։ Նրա համար Արցախն ամեն ինչ էր, հանուն որի չխնայեց կյանքը։ Յուրին մեզանից յուրաքանչյուրի մեջ իրենից մի մասնիկ թողեց ու պատգամեց ապրել հանուն այն ամենի, ինչը հայրենիք է կոչվում։
Յուրին ծնվել է 2001 թվականի մայիսի 19-ին։ 2007-2019 թթ. սովորել է Քասախի Ռ. Գևորգյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանում Ֆրանսիական համլսարան ու նույն տարվա հուլիսին զորակոչվել բանակ։
Ընկերներն ասում են, որ առանձնահատուկ վերաբերմունք ուներ յուրաքանչյուրի նկատմամբ և սիրում էր կրկնել․«Ամեն մարդ իր ձևով է մարդ։ Անկախ մարդկային որակներից՝ պետք է հարգել բոլորին»։
Նրա համար ընկերներն առանհձնահատուկ նշանակություն ունեին, ու նրանց համար պատրաստ էր ամեն ինչի։ Պատրաստ էր լսելու ու խորհուրդ տալու, հասկանալու ու կիսելու ընկերոջ դժվարությունները և ցանկացած խնդիր ժպիտով հաղթահարելու։
Ամեն օր դասարան մտնելիս իր հետ ժպիտ էր ներս բերում, դուռը բացում էր ու ժպիտը դեմքին իր ավանդական ողջույնի խոսքն էր ասում՝ «Բարև բոլորին»։
Ինձ համար մեծ պատիվ է եղել իր հետ նույն դասարանում սովորել ու իր նման ընկեր ունենալ։ Ես ու այն մարդիկ, ովքեր ունեցել են Յուրի, ուրեմն հաստատ ունեցել են անչափ լավ օրեր ու դրական հուշեր։ Նա ընկեր էր, ով իրոք սրտացավ ու կարեկից էր, ում աչքից չէր վրիպի քո տխրությունն ու վատ տրամադրությունը։ Նրանք ովքեր ճանանչել են Յուրիին, կհամաձայնեն այն մտքի հետ, որ նա թերևս ամենամարդամոտ ու կամեցող մարդկանցից է եղել։
Հանրահաշվի ու Երկրաչափության ստուգողական գրավորների ժամանակ էլ դասարանի փրկությունն էր, ինքն ամեն ինչ գիտեր, ու չկար մի խնդիր, որ նա չկարողանար լուծել։ Հնարահաշվի ուսուցչուհին՝ Աղբյուրիկ Բզնունին, Յուրիի մասին ասում է․« Յուրին մեր լուսավոր ու պայծառ աշակերտներից մեկն էր, նա այնքան դրական մարդ էր, որ ստիպում էր բոլորիս ժպտալ, ես նրան միշտ հիշում եմ ժպիտը դեմքին։ Յուրին մեծ նպատակներ ուներ՝ կապված մասնագիտության հետ։ Նա մեծ հեռանկար ուներ»:
Յուրին առանձնակի հպարտությամբ էր նշում, որ արցախցի է, բոլորին հրավիրում էր իր ծննդավայր, իսկ արձակուրդնեից վերադառնալիս դասընկերների համար ժինգյալով հաց էր բերում։
Բազմաթիվ նախասիրություններ ուներ, բայց ֆրանսերենը նրան դեռ վաղ տարիքում էր գրավել։ Սկսել էր ինքնուրույն պարապել, ու բավական լավ էր ստացվում, հետո արդեն գնաց մասնավոր պարապոմունքների։
Մեծ ոգևորությամբ հաճախում էր բարեգործական ծրագրերի, իր թիմի հետ միասին այցելում մանկատներ, հիվանդանոցներ, քաղծկեղով հիվանդ երեխաների համար ֆրանսերենով հեքիաթներ կարդում։ Որպես Ֆրանկոֆոնիայի Ֆորումների լավագույն մասնակից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից արժանացել էր հավաստագրի։
Յուրին առանձնահատուկ էր իր տեսակով, իր տարեկիցներից ավելի հասուն էր մտածում։ Կախարդական ժպիտ ուներ, ու եթե ընկերներից որևէ մեկը ինչ-որ բանից դժգոհում էր, իր ժպիտով ստիպում էր լավատես լինել ու համոզում, որ ամեն բան լավ կլինի։ Անակնկալներ մատուցելու վարպետ էր, ոչ մի առիրթ բաց չէր թողնում հարազատներին ուրախացնելու համար, սիրելիների օրը տոն էր դարձնում յուրօրինակ անակնալներով։ Ամեն ինչից գլուխ էր հանում։ Խելացի ու նպատակասլաց Յուրին ուսումը արտերկրում շարունակելու մտադրություն ուներ և վստահ քայլում էր իր երազանքների հետևից, սակայն․․․
2020 թ․ 44-օրյա պատերազմի օրերին զինծառայության մեջ գտնվող Յուրին ու իր ընկերները տեղափոխվում են Արցախ։ Հրամանատարը պատմում է, որ երբ Արցախ գնալու հրաման են ստանում, Յուրին պատրաստակամորեն է ընդունում այն՝ մտածելով, որ հերթն իրենն է հայրենիքը պաշտպանելու։
Մարտական ընկերը պատմում է․ «Ֆրանսերեն շատ էր սիրում, երբ մի փոքր բան անգամ մոռանում էր, զանգում էր իր մտերիմ ընկերուհուն, ու սկսում էին միասին ֆրանսերեն խոսել, ես ոչ մի բան չէի հասկանում, բայց շատ հաճելի էր լսելը։ Ֆրանսերեն գրքեր ուներ իր մոտ պահած ու Աստվածաշունչը՝ պարտադիր։ Պատերազմի ժամանակ, երբ մեր դիրքից այլ դիրք էինք տեղափոխվում, որ հետհարձակում գործեինք, մենք նույն մեքենայի մեջ էինք։ Երբ մեքենան պայթեցրին, ես մի կերպ դուրս պրծա, իսկ ինքը մնաց մեքենայում։ Մինչև վերջ հույսով սպասել եմ նրան, որ տեսնելու եմ թեկուզ վիակապված, բայց տեսնելու եմ»։
Վեհանձն, կյանքով լի Յուրին կյանքը չխնայեց հայրենիքի համար, կռվեց 7 օր՝ մինչև վերջին շունչը հավատալով, որ հայրենիքում ապրում և ապրելու են նրա իրական տերերը։ Հոկտեմբերի 15-ին՝ դաժան մարտեր մղելուց հետո, անօդաչուի հարվածից Ֆիզուլիում Յուրին անմահացավ։
Յուրիին երկար փնտրեցին՝ հավատալով, որ կգա։ Գտան միայն 5 ամիս հետո։ Յուրին այսօր էլ կա, մեր կողքին է՝ լուռ ու հանդարտ, ինչպիսին միշտ է եղել։
Նվիրվում է Յուրի Գևորգյանի վառ հիշատակին։
***
Հիմա աշխարհում լույսը պակաս է։
Լուսավորները վերև բարձրացան։
Հիմա աշխարհում սերը պակաս է։
Սեր տածողները վերև բարձրացան։
Հիմա մեր հոգում դատարկություն է։
Լիարժեք ոչինչ՝ էլ չի մնացել։
Ոչ սեր
Ոչ սպասում
Ոչ ժպիտ
Ոչ կյանք…
Ու թե հանդիպենք մի օր, մի վայրկյան։
Թեկուզ երազում, Քեզ կասեմ մի բան․
-Ես գիտեմ, որ կաս։ Հողից եմ զգում, օդից՝ հայկական, Քո ջերմությունը արևի մեջ է, ես գիտեմ․ Դու կաս։
Սիրվարդ Կարապետյան
3-րդ կուրս