44-օրյա պատերազմից անցել է արդեն մեկ տարուց ավելի, բայց վերքերը դեռ թարմ են։ Պատերազմի մասին խոսելիս կամ լսելիս չեմ կարողանում զսպել հուզմունքս, հաճախ նույնիսկ խուսափում եմ խոսել դրա մասին, հատկապես երբ շուրջս պատերազմի մասնակից է լինում։
Մի քանի ամիս առաջ, երբ սովորում էի Պանարմենիա մեդիա դպրոցում, դերասանի վարպետության դասընթացի ժամանակ դասախոսը խնդրեց բոլորիս պատմել մեզ համար ամենադժվար պահերի մասին՝ նշելով, որ այդպես իրար ավելի լավ կճանաչենք։ Իրարից տարբեր բնավորություններով մարդիկ հավաքվել էին մի վայրում, վերհիշում էին անցյալը, բայց այդ օրը ոչ մեկի պատմությունն այդքան չտպավորվեց իմ մեջ, որքան Վանիկի պատմությունը։
«Երբ ես հոսպիտալում էի, հեռու էն ամենից, որ տեղի էր ունենում պատերազմի դաշտում, էդ 3 օրերն ինձ համար իմ կյանքի ամենադաժան օրերից էին, եթե ոչ ամենադաժանները, որովհետև լինել մոտ, բայց չկարողանալ ոչինչ անել, իմ կարծիքով մարդուն կարող է հասցնել խելագարության»,- այս խոսքերը պատմության սկիզբն էին, որոնք լսելուց հետո հասկցա, որ դա լսել չեմ կարող։ Մնում էր թողնել և դուրս գալ այդտեղից։ Բայց մի բան, միևնույն է, ինձ պահում էր այդտեղ։ Երևի հենց այն, որ Վանիկը դեռևս առաջին օրից գրավել էր իմ ուշադրությունը որպես հավասարակշռված, զուսպ, խելացի անձնավորություն, ու չլսել նրան հնարավոր չէր։
Եվ այսպես, պատերազմը սկսվելուց առաջ նա վիրահատվել էր և հսպիտալում էր։ Սկզբում ամեն ինչ շատ անսպասելի էր․ ձայներից էին արթնացել։ Մոտ 30 րոպե հետո ամեն ինչ պարզ էր դարձել․ սկսել էին ինտենսիվ կերպով վիրավորներ բերել տարբեր զորամասերից՝ հիմնականում այրվածքներով ու շատ ծանր. «էդ ամենը շարունակվում էր 3 օր շարունակ և նույն կերպ, առանց փոփոխությունների։ Ինձ, քանի որ վիրակապով էի, չէին ուղարկում զորամաս, ու հոսպիտալում օգնում էինք վիրավորներին տեղափոխել, ջուր էինք բերում, մի խոսքով՝ օգնում էինք, ինչով կարողանում էինք։ 4-րդ օրն ասացին, որ ինձ պիտի տանեն Ստեփանակերտի հոսպիտալ։ Նստեցի ավտոբուս։ Ավտոբուսի մեջ ծանր վիրավորներ կային։ Որ տեսա էդ պատկերը, հասկացա, որ չեմ կարող իրանց հետ գնալ, ու հասկացա, որ ես իրականում կարող եմ լինել դիրքերում, քանի որ իրանց վիճակի հետ համեմատած՝ իմ վիճակը լավ էր։ Ավտոբուս բարձրանալուց 2 րոպե հետո եկավ հոսպիտալի պետը ու հարցրեց, թե ով ա ուզում գնա զորամաս ու կռվի, ես ասացի, որ ուզում եմ, ինքն էլ ասաց, որ ինջնեմ ու սպասեմ մեր զորամասի բուժկետի մեքենայում։ Հենց էդ օրն էլ գնացի զորամաս՝ պատերազմը սկսվելուց 4 օր անց»։
Պատերազմը փոխել է շատերիս․ մի մասը դարձել է էմոցիոնալ, ինքնամփոփ, մի մասը դեռ չի հասկացել, թե կոնկրետ ինչն է փոխվել իր մեջ։ «Կարող եմ ասել մի բան, որ երբ պատերազմը ավարտվում է, ու դու ողջ ես, հասկանում ես, որ քո ապրելով ինչ-որ մի կարևոր բան պիտի անես՝ կա՛մ քո կյանքը փոխելով, կա՛մ ինչ- որ ուրիշի»,- ասաց Վանիկը։
«Պատերազմը լրիվ այլ կյանք ա, խաղաղ ծառայությունը՝ այլ»,- շարունակեց ու մեկնաբանեց իր ասածը հետևյալ դեպքով. «Մի տղա կար Երևանից։ Երբ պատերազմը սկսվեց, 9 ամսվա ծառայող էր։ Էդ տղեն մինչև պատերազմը խելոք, հանգիստ էր, բայց պատերազմի ժամանակ անսպասելի փոխվեց։ Դարձել էր նախաձեռնող ու փորձում էր իր վրա վերցնել սերժանտների պարտականությունները։ Էդ ինձ շատ հաճելի էր, շատ տպավորիչ»։
«Իմ կարծիքով ամեն մարդ կարող է երջանիկ լինել տարբեր առիթներով։ Ինձ երջանակացնում են այն բաները, որոնք բավարարում են ներքին ցանկություններս»,- ասաց Վանիկը և իր հետաքրքրություններից առանձնացրեց գրքեր ընթերցելը և ֆուտբոլ խաղալը։ Ոգեշնչվելով Սվետլանա Ալեքսիևիչի «Պատերազմը կնոջ դեմք չունի» գրքից և անցնելով պատերազմի թոհուբոհի միջով՝ Վանիկը որոշել է գիրք գրել, ներկայացնել, թե ինչի միջով են անցել տղաները 44-օրյա պատերազմի ընթացքում. ««Պատերազմը կնոջ դեմք չունի» գրքում այնքան բնական էր ներկայացված ամեն ինչ, որ դրանից ոգեշնչվելով՝ սկսեցի գրել։ Մոտ տասը էջ գրելուց հետո հասկացա, որ ես պատրաստ չեմ դրան էդ պահին, քանի որ բառամթերքս այդքան էլ զարգացած չէր, բայց մտածում եմ, որ մի օր կսկսեմ գրել ու ավարտին կհասցնեմ»։
Ներկայումս Վանիկն իրեն համապատասխան մասնագիտություն գտնելու ճանապարհին է, փորձում է լինել այնտեղ, որտեղ միջավայրն իրեն կհամապատասխանի։ Այդ մասնագիտությունը, նրա պնդմամբ, հաղորդավարությունն է։ Վանիկը սովորում է Պանամարմենիա մեդիա դպրոցի հաղորդավարության բաժնում, բայց միայն սովորելով չի բավարարվում։ Սովորելուն զուգահեռ մասնագիտական պրակտիկա է անցնում, որպեսզի ավելի մոտ լինի մասնագիտությանը։
«Ցանկացած իրավիճակում աշխատում եմ գտնել էն օգտակար գործիքները, որոնք կարող են ինձ պետք գալ կյանքում»․ Վանիկի կարգախոսն է։
Ալյոնա Մուժիկյան
2-րդ կուրս