Անահիտ Սիմոնյանի՝ քաղաքական բնույթով, բայց ոչ քաղաքական ուղղվածությամբ սրճարանը

Անահիտ Սիմոնյանի՝ քաղաքական բնույթով, բայց ոչ քաղաքական ուղղվածությամբ սրճարանը

678

2020 թվականին Թալին քաղաքում Անահիտ Սիմոնյանը՝ ամուսնու՝ Նարեկ Թութխալյանի հետ, բացեց քաղաքում առաջին սրճարանը, որն անվանեցին «Political Cafe/Քաղաքական սրճարան»:

Սրճարանի առանձնահատկությունների և այն բացելու նպատակների շուրջ զրուցել ենք սրճարանի համահիմնադիր Անահիտ Սիմոնյանի հետ։

– Ինչո՞վ եք զբաղվում առօրյա կյանքում:

Առօրյայիս մեծ մասն է կազմում «Political cafe/Քաղաքական սրճարան»-ը, բացի այդ ամռանը Հանքավանի «Շողիկ» ճամբարում մանուկների, պատանիների և երիտասարդների համար կազմակերպում ենք ճամբարներ։ Ողջ տարվա ընթացքում մեր թիմով աշխատում ենք, մշակում ճամբարային ծրագիր, որը երեխաների համար կլինի ժամանցային, հետաքրքիր և դաստիարակչական։ Ամեն տարի փորձում ենք նոր գաղափարներով ավելի հետաքրքիր և կրեատիվ նորամուծություններ անել ճամբարում։

– Ի՞նչ մասնագիտություն ունեք և արդյո՞ք աշխատում եք հենց ձեր մասնագիտությամբ։

Սովորել եմ սոցիալական աշխատանք Երևանի պետական համալսարանում։ Իսկ 2017 թվականին ընդունվել եմ Բեյրութի համալսարան և սովորել Աստվածաբանություն բաժնում։ Այժմ ունեմ շատ բազմաբնույթ առօրյա գործեր, հատկապես սրճարանը բացելուց հետո՝ հետին պլան մղվեցին մասնագիտական աշխատանքներս։ Եվ հիմա կենտրոնացած եմ իմ և ամուսնուս ստեղծած ընտանեկան բիզնեսի վրա։

-Ինչպե՞ս ծնվեց «Քաղաքական սրճարանը» բացելու գաղափարը և ինչո՞ւ հենց Թալինում։

 -Մի օր մեր ընկերներից մեկը մեզ հյուր էր եկել, պտտվեցինք քաղաքում, Թալինի պատմամշակության կոթողները տեսանք, հետո որևէ տեղ սուրճ խմելու ցանկություն հայտնեց։ Մենք զարմացած իրար նայեցինք, որովհետև Թալինում սուրճ խմելու տեղ չկար։ Ու մեր հյուրն ասաց, թե ինչո՞ւ հենց մենք չենք հիմնում այդպիսի տեղ։ Այդպես ծնվեց Թալինում քաղաքական սրճարան բացելու գաղափարը, որն այն ժամանակ առաջինն էր քաղաքում։

– Ինչո՞ւ «Քաղաքական»։ Անունից կարելի է ենթադրել, թե սրճարանում ինչ մթնոլորտ է տիրում, բայց, արդյոք, դա հենց քաղաքակա՞ն ուղղվածության սրճարան է։ Ինչո՞վ են զբաղվում մարդիկ այնտեղ՝ բացի սնվելուց։

 – Իրականում, բոլորիս կյանքում շատ են քաղաքական դետալները և ամեն ինչ ողողված է քաղաքականությամբ։ Մենք մտածեցինք, որ քաղաքական ամեն ինչ ունենք, բացի քաղաքական սրճարանից։ Ու այդտեղից եկավ գաղափարը բացելու քաղաքական ոչ ֆորմալ վայր, որտեղ կարելի է սրճել, ուտել, խոսել ամեն ինչից՝ ներառյալ քաղաքականությունից։ Մեր սրճարանի պատերին փակցված են տարբեր քաղաքական գործիչների լուսանկարներ, հայտնի քաղաքական իրադարձություններից պատկերներ։ Մեր սրճարանում նաև կազակերպում ենք քննարկումներ և հավաքներ տարբեր թեմաներով, որոնց միջոցով կրթվում ենք և նոր ոլորտներից գիտելիքներ ստանում։ Սրճարանի անունին հավատարիմ մնալու համար հյուրընկալում ենք քաղաքական գործիչների, և մեր հաճախորդները նրանց հետ անցկացնում են հետաքրքիր քննարկումներ։

– Ի՞նչ մարտահրավերների առջև եք կանգնել սրճարանը բացելուց հետո։

Սրճարանի շինարարական աշխատանքներն ընթանում էին Կորոնավիրուսային համավարակից հետո հայտարարված «լոքդաունի» ժամանակ, դա իր հերթին դժվարեցրեց մեր գործը։ Սրճարանի բացումը նախատեսնված էր 2020-ի հունիսին, բայց բացվեց օգոստոսին։ Բացվելու օրից սկսած շատ լավ էր աշխատում սրճարանը, բայց ամեն ինչ փոխվեց սեպտեմբերի 27-ին։ Պատերազմի օրերին վերապրոֆիլավորվել էինք և տեղահանված արցախցիների համար ապրելու տեղ էինք որոնում, իսկ սրճարանում պատարստում էինք հաց և տանում նրանց բնակարաններ։

Սրճարանը նոյեմբերի 1-ին փակեցինք։ 2021 թվականի գարնանը նորից վերաբացեցինք, բայց ֆինանսական խնդիրներ կային։ Դիմեցինք տարբեր բարեգործական կազմակերպությունների և նրանց շնորհիվ կարողացանք մեր սրճարանը վերանորոգել և կահավորել։

– Ինչո՞վ է առանձնանում «Քաղաքական սրճարանը» այլ սրճարաններից։

Առաջին հերթին մեր սրճարանը առանձնանում է հենց իր քաղաքական բնույթով, բայց ոչ քաղաքական ուղղվածությամբ։ Մեր սրճարանում կազմակերպվող քննարկումներն են մեր սրճարանը դարձնում յուրօրինակ և երիտասարդների համար սիրելի վայր։ Նաև մեր սրճարանում կոկտեյլները և  խմիչքները Երևանի գների համեմատ կես գնով ենք վաճառում. այցելուները կարող են  առավել մատչելի տարբերակով փորձել և ծանոթանալ կոկտեյլներին, առհասարակ՝ սրճարանի խմիչքներին:

– Ինչպիսի՞ մենյու եք առաջարկում ձեր հաճախորդներին, կա՞ն այցեքարտային ճաշատեսակներ եւ խմիչքներ։

– Մեր սրճարանում, ինչպես և այլ սրճարաններում ամենավաճառվող ուտեստը պիցցան է, իսկ մեզ մոտ ամենավաճառվող պիցցան Մարգարիտան է։ Մենք մեր մենյուի մեջ այնպիսի ճաշատեսակներ ենք ներառել, որ Թալինի քաղաքացիների համար և՛ համեղ լինի, և՛ հետաքրքիր։ Մթերքների մեծ մասը Երևանից ենք գնում, իսկ գյուղամթերքը՝ Թալինից։ Սրճարանում բոլոր սոուսները մենք ենք պատրաստում՝ մեր ձեռքով։ Ինքս լավ խոհարար եմ, բայց այլ ճաշատեսակներ պատրաստելու համար Երևանից խոհարար հրավիրեցինք մեր սրճարան, և նա մեզ սովորեցրեց պատրաստել այդ ուտեստները։ Մեր մենյուում յուրօրինակ կոկտեյլներ ունենք։ Առաջին կոկտեյլը, որ պատաստել ենք, հանրահայտ Մոխիտոն էր։ Այնուհետև ավելացրեցինք կոկտեյլների թիվը և՛ ալկոհոլային, և՛ ոչ ալկոհոլային տեսակներով։ Այժմ պատրաստում ենք 30-ից ավելի տեսակի կոկտեյլներ։ Սրճարանի մենյուում ավելացրել ենք վրացական խոհանոցից ուտեստներ, նաև նոր խմորեղեններ։ Տեղում պատրաստում և մատուցում ենք էսթետիկ և նրբահամ Տերամիսու։

– Վերջին շրջանում նաև Իջևանում բացեցիք սրճարանի մասնաճյուղ։ Կա՞ն ապագայում Հայաստանի այլ շրջաններում նոր մասնաճյուղեր բացելու ծրագրեր։

– Նախքան Իջևանում սրճարան բացելը, ուսումնասիրել էինք Իջևանի շուկան և հասկացել, որ այնտեղ էլ յուրօրինակ սրճարանի պակաս կա։ Մենք ունենք շատ մեծ և թափանցիկ երազանք. նախատեսում և երազում ենք ամեն տարի Հայաստանի տարբեր մարզերում բացել քաղաքական սրճարաններ և այս հրաշալի հարթակը տեղափոխել նաև այլ մարզեր, որ այլ մարզերի բնակիչները ևս հնարավորություն ունենան գալու, օգտվելու և կրթվելու։

Արուսյակ Եղիազարյան

2-րդ կուրս

Կիսվել