Գուշակությունները՝ դրամաշորթության միջոց

Գուշակությունները՝ դրամաշորթության միջոց

771

Երեսունամյա Մարգարիտը որոշեց դիմել գուշակությանը և իմանալ ապագան։ Նա կապ հաստատեց այն անձի հետ, ում հետ ծանոթացել էր անծանոթի միջոցով։ Վերջինս իրեն խորհուրդ էր տվել այցելել հենց այդ գուշակին, հավատացնելով, որ նա լավագույնն է։ Մարգարիտը, ըստ պայմանավորվածության, 25000 դրամ էր վճարել գուշակին, սակայն, գումարը վճարելուց հետո նա ոչ գուշակին տեսավ, ոչ նրա գուշակությունը։

«Գումարը վճարեցի թե չէ, երկու հոգի ներս մտան սկսեցին քաշքշել գուշակին, որից հետո նա ինձ խնդրեց, որ հաջորդ օրը այցելեմ իրեն, և գումարը պահեց իր մոտ։ Հաջորդ օրը գնացի նույն տեղը ու տեսա, որ չկա։ Հարցուփորձ արեցի այդտեղ ապրողներից, ասեցին, թե նման մարդու չեն ճանաչում։ Ոչ մի կերպ չկարողա գտնել ու դրանից հետո ոչ մի գուշակի ու նման բանի չեմ հավատում»,- ասում է նա:

Իսկ Հասմիկի պատմությունն այլ է։ Նա TikTok սոցիալական էջով պարբերբար տեսնում է գուշակությամբ զբաղվող անձանց տեսանյութերը և որոշում է գրել նրանցից մեկին: Գուշակը 10000 դրամ գումար է պահանջում նրանից: Հասմիկի խոսքով՝ գուշակը առցանց եղանակով պետք է մատուցեր իր ծառայությունները և հեռախոսահամար տրամադրել հրաժարվել էր:

«Մի քանի անգամ իրեն ասացի, որ գոնե հեռախոսահամարը տա, բայց ասում էր, թե ոչ մեկին չի տրամադրում հեռախոսահամար, միայն օնլայն է անում իր գուշակությունները, և պարտադիր գումարը ամբողջությամբ պետք է փոխանցեի իր հաշվեհամարին: Ճիշտ է, կասկածում էի, բայց փոխանցեցի գումարը: Մի քանի օր գրում էի, չէր պատասխանում, հետո տեսա, որ արգելափակել էր ինձ: Չգիտեի՝ ինչ անել»,- ասում է նա:

Հասմիկը, հասկանալով, որ խաբեության զոհ է դարձել դիմում է ոսիկանություն: Նրա խոսքով՝ մինչ օրս ոչ մի լուր չկա գուշակից:

Անժելան դիմել էր մի գուշակի, ով ձեռքի ափի միջոցով պետք է գուշակեր իր ապագան: Ոչ այնքան շատ գումար վճարելուց հետո գուշակը իբրև թե կանխատեսել էր Անժելային սպասվելիքը: Մի քանի օր անց Անժելան կրկին տեսնում է այն նույն գուշակին, ով նույն նախադասություններն էր ասում մեկուրիշին:

«Պարզվեց գուշակը այնքան էլ գուշակ չէր, պարզապես գումար էր աշխատում բոլորին նույն բանն ասելով»,- ասում է նա:

Գուշակները և գուշակությունները տարածված են Հայաստանում, այնուհանդերձ, նրանց վերաբերող որևէ իրավական ակտ, նորմ, օրենք մեզանում չկա։ Բայց խնդիր այն է, որ եթե նրանց ծավալած գործունեությունը շահույթ ստանալու նպատակ է հետապնդում, ապա պետք է գրանցվեն հարկային դաշտում, ինչը թերևս չի արվում:

Այդուհանդերձ հնարավոր չէ պարզել, թե քանի գուշակ կա մեր երկրում, ինչը հաստատեց ազգային վիճակագրական ծառայությունը: Գուշակները չեն գրանցվում նաև Պետռեգիստրում և հարկային մարմիններում։ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, գուշակությամբ զբաղվողները ինչ-ինչ ճանապարհներով գրանցումներ են կատարում, հստակ չնշելով, թե ինչով են զբաղվում.

«Հնարավոր է նրանք ինչ-որ ՍՊԸ-ի անվան տակ գրանցվում են, բայց գործունեության մեջ չեն գրում, թե իրականում ինչով են զբաղվելու, և անհնար է պարզել, թե քանի նման գործունեություն ծավալած կազմակերպություն կամ անհատ կա»,- ասում է նա:

Նրա խոսքով՝ ժամանակին Պետռեգիստրում գրանցված են եղել «Հայ աստղագուշակ», «Գուշակ» անունով ՍՊԸ-ներ, որոնք լուծարվել են:

Կախված գուշակության տեսակից՝ տարբեր է դրա համար վճարվող գումարը: Այսօր մեզանում  գուշակությունների ամենատարածված ձևերն են սուրճի բաժակ նայելը, թղթախաղի քարտերով գուշակելը, մոմ, արճիճ հալեցնելը, ձեռքի ափի գծերով գուշակություն անելը: Դրանցից ամենամատչելին, թերևս, սուրճի գավաթ նայելն է, օրինակ՝ 2000-3000 դրամ: Համեմատաբար մատչելի է նաև թղթախաղի քարտերով գուշակություններ անելը: Հաջորդը մոմ, արճիճ թափելն է, որի դեպքում գուշակի ամեն մի գործողությունն արժե մոտ 5000 դրամ, այսինքն, մեկ այցելությունը բավական չէ: Գուշակությունների մյուս տեսակները ավելի թանկ արժեն, հաճախ՝  հարյուր հազարավոր դրամներ: Հանդիպում են նաև գուշակներ, ովքեր հստակ գումարի չափ չեն նշում, ասում են՝ ինչ կտաս, տուր:

Հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պողոսյանի խոսքով  մարդիկ դիմում են գուշակների, երբ որոշակի դժվարություններ են ունենում իրենց կյանքում, իրենց անհաջողակ են համարում: Գուշակներին դիմելու բացասական կողմը, ըստ հոգեբանի, այն է, որ սկսում են կյանքը, գործողությունները պայմանավորել դրանով, ինչը շատ վտանգավոր է:

«Իրենց արժեզրկված են տեսնում, այնպես են մտածում, որ գուշակությունը արդեն ամեն ինչ ասել է իրենց ապագայի մասին, և դա ճակատագրական է, դրա վտանգավորությունը այն է, որ անձը չի կարողանում ինքնուրույնաբար զարգանալ»,- ասում է նա:

Ռուբեն Պողոսյանի խոսքով՝ իգական սեռի ներկայացուցիչները ավելի հակված են դիմել գուշակների, քան արական սեռի ներկայացուցիչները, բայց, ցավոք, մեզանում հնարավոր չէ պարզել, թե Հայաստանում քանի մարդ է դիմում գուշակի: Մասնավորապես՝ դեռահասները, երիտասարդները ավելի են հակված հավատալ գուշակություններին:

Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի առումով՝ գուշակների գործունեությունը, ինչ-որ իմաստով, կարելի է որակել նաև որպես խարդախություն: Օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն՝ խարդախությունը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունն է կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը: Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Այսինքն՝ միայն թեկուզ այս օրենքում որոշակի լրացումներ անելով՝ կարելի է գուշակներին բերել օրենսդրական պատասխանատվության դաշտ:

Հիշեցնենք, որ գուշակության ինստիտուտը հայտնի է եղել դեռևս հին աշխարհից, մասնավորապես՝ Հին Եգիպտոսից: Այն առաջացել է համարյա թե մարդկության ծագման հետ միասին: Գուշակները որոշակի օժտվածություն ունեցող մարդիկ էին և Հին Հայաստանում, Հին Եգիպտոսում  նրանք քրմական դասին էին պատկանում: Ժամանակի ընթացքում գուշակությամբ զբաղվելը դարձավ դրամաշորթությամբ զբաղվելու միջոցներից մեկը: Հավատա՞լ գուշակությանը, թե՞ ոչ, այլ հարց է, բայց փաստ է, որ այստեղ առկա է խարդախության և դրամաշորթության մեծ հնարավորություն ւև կասկածելի երևույթ նկատելու դեպքում հարկավոր է դիմել իրավապահ մարմիններին:

Սաթենիկ Խալաթյան

2-րդ կուրս

Կիսվել