Բժշկի կյանքում էմոցիաների համար տեղ չի մնում…

Բժշկի կյանքում էմոցիաների համար տեղ չի մնում…

1090

Անահիտ Պողոսյանը «Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա» կլինիկական 1-ին կուրսի օրդինատոր է, աշխատում է Երևանի Շտապ օգնության երկրորդ ենթակայանում,  Էրեբունի բազայում որպես բժիշկ։ Բժշկի մասնագիտությունն ընտրել է՝ հաշվի առնելով անձնային որակները և բնավորության գծերը։ 

«Իմ կարծիքով՝ ամենակարևորը էմպաթիայի զգագումն է, երբ մաքսիմալ հասկանում ես դիմացինիդ դրությունը թե’ հոգեբանական, թե’ ֆիզիկական տեսանկյունից։ Եթե չպատկերացնես, չես կարող իրեն օգնել: Պիտի իր դրության մեջ մտնես, այ բնավորության այդ գծերն իմ մեջ գտել եմ և, դա կարևորելով, ընտրել եմ մասնագիտությունս: 

Էմպաթիան իմ դեպքում միշտ է ստացվում պահել: Ինձ մոտ դա մի քիչ ավելի շատ է. ես փորձում եմ մի քիչ ավելի զսպել, որովհետև շատն էլ, բնականաբար, վնասում է»,-ասում է Անահիտը։ 

Աշխատել սկսել է 4-րդ կուրսից, Շտապ օգնությունում բուժքույր էր: «Բժշկի համար «Շտապ օգնություն»-ը ամենակարևոր օղակն է: Անկախ հետագա մասնագիտացումից՝ այստեղ աշխատելը պարտադիր է, որովհետև փորձը, էմոցիաները, որ ստանում ենք այս կետում, ուրիշ ոչ մի տեղ չենք կարողանա գտնել»,- ասում է Անահիտը: 

«Շտապ օգնություն»-ում աշխատանքը, նրա համոզմամբ, օգնում է ապագա բժիշկներին նաեւ նեղ մասնագիտացում ընտրելու հարցում. «Երբ ես տատանվում էի, թե ինչ ուղղվածություն ընտրեմ, մտածում էի` եթե «Շտապ օգնության» աշխատանքն ինձ համար հաղթահարելի լինի, դա սիրով անեմ, ուրեմն ես ճիշտ ուղու վրա եմ, հակառակ դեպքում չարժի այդ բարդ ուղին ընտրել. փաստորեն ստացվեց…»։ 

2020 թվականին՝ համաճարակի և պատերազմի շրջանում, Անահիտն ակտիվորեն ներգրավված է եղել առաջին օգնության աշխատանքներում: Այդ շրջանը բժշկուհին այսպես է հիշում. «Պատերազմի առաջին օրը ես հերթապահ էի: Հենց առաջին կանչով գնացինք Վարդենիսի հոսպիտալ: Առաջին տեսարանը նկարագրելի չէ, դա ծանր էր 6-րդ կուրսի ուսանողի համար, որն աշխատանքային մեծ փորձ չուներ։ Ես ծնունդով Արցախից եմ, դա ուղղակի աշխատանք չէր ինձ համար, դա պարտականություն էր, որ հայրենիքի զավակը պիտի աներ։ Հենց դա գիտակցելով՝ շոկային փուլն անցավ, որովհետև էդպիսի էմոցիաների ժամանակ չկար: Դրանից հետո պարբերաբար եղել է, երբ օրվա մեջ նույնիսկ 2-3 անգամ գնացել ենք Ստեփանակերտ, հետ եկել: Հոգնեցնող էր ճանապարհը, հետո տեղ էինք հասնում, ու ամեն ինչ աշխարհում մոռացվում էր, առաջնային պլան էր գալիս մեր առաքելությունը»: 

Պատերազմի մարտահրավերն Անահիտը դիմագրավել է, ասում է՝ դա վերարժևորման շրջան էր, երբ հայացքներ փոխվեցին, մտածելակերպ, սկզբունքներ. «Երբ գիտես՝ ինչի համար ես աշխատում, ուժերդ առավելագույն չափով ներդնում ես գործում»:

Երիտասարդ բժիշկը հիմա մեկ նպատակ ունի՝ մասնագիտության մեջ կայանալ, լավ արդյունք ունենալ. «Լավ արդյունքը մեր գործում առողջացած, իրեն լավ զգազող բուժառուն է: Քանի հնարավորություն էլ ունենայի, կրկին կընտրեի այս մասնագիտացումը, բայց և ոչ մի ուսանողի խորհուրդ չէի տա այս ճյուղը. սա այն մասնագիտությունն է, որ պիտի գիտակցված կատարած այս ընտրությունը։ Ես անբացատրելի սեր ունեմ այս մասնագիտության նկատմամբ…»։ 

Հիասթափությունների եւ հաջողությունների մասին շատ չի խոսում, պարզապես նշում է, որ ամեն օր պետք է ժպտալ այն մարդկանց, ովքեր քեզնից սպասում ունեն, ում կյանքի համար դու պատասխանատու ես: Երբ բժշկի որոշման, գործողության շնորհիվ կյանքեր են փրկվում, դա մոտիվացնում է շարունակել։ 

Իսկ հիասթափությունները նախընտրում է հաղթահարել ու առաջ անցնել.

«Հիասթափություններ թե՛ ուսման ժամանակ, թե՛ հիմա կան, ուղղակի պետք է դրանց նայել որպես իրողություն, վերլուծել, հասկանալ՝ ինչ է պետք դրանից սովորել և շատ երկար ժամանակ չտրամադրել հիասթափությանն ու կոտրված վիճակին»։

Տաթեւ Ալիխանյան

3-րդ կուրս

Կիսվել