Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում դեռևս 2021 թվականից շինարարական աշխատանքները ձգձգվում են:
Դպրոցը կառուցվել էր 1950-ականներին և գտնվում էր վթարային վիճակում: 2021-ին այն հիմնովին քանդել են՝ նոր շենք կառուցելու համար:
Մարտունու համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Հակոբ Մնացականյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց՝ շինարարական աշխատանքները փոքր-ինչ ձգձգվում են, քանի որ լիցքի համար հող դժվարությամբ են ձեռք բերել։ Այնուհետև հավելեց. «Նաև նախագծային խնդիրներ առաջացան, և հարակից հողամասերի հետ նախագծային նոր փոփոխություններ կատարվեցին»:
Գեղհովիտի վարչական ղեկավար Վարդան Պողոսյանն էլ նշեց, որ դպրոցի շենքն ապաստարան չի ունենալու, քանի որ հողի չափազանց խոնավության պատճառով հնարավոր չեղավ այն կառուցել: Վարչական ղեկավարի վստահեցմամբ՝ գյուղում այլ ապաստարաններ նույնպես կան՝ թիվ 1 միջնակարգ դպրոցում, մշակույթի տանը:
Գեղհովիտ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի բոլոր աշակերտները և դպրոցի ողջ աշխատակազմը 2021-ի հունվարից տեղափոխվել են գյուղի մյուս՝ թիվ 1 միջնակարգ դպրոց:
Թիվ 2 միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Ծովինար Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երկու դպրոցների աշակերտները, չնայած գտնվելով մեկ շենքում, միմյանց չեն խանգարում. «Առաջին հերթափոխին դպրոց են գնում թիվ 1 դպրոցի սաները և աշխատակազմը, իսկ երկրորդ հերթափոխին՝ թիվ 2 դպրոցի»։ Ուսուցչուհին հավելեց, որ անգամ տնօրենների աշխատասենյակներն են տարբեր, միայն ուսուցչանոցն են երկու դպրոցների ուսուցիչները համատեղ օգտագործում:
Վարդան Պողոսյանի խոսքով՝ դպրոցի շինարարական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, և 2023 թվականի ավարտին աշակերտները ուսումը կշարունակեն իրենց դպրոցում:
Լուսինե Արտակի Հակոբյան
3-րդ կուրս