Երևանի գետնանցումների մի մասը նորոգման և մաքրման կարիք ունի

Երևանի գետնանցումների մի մասը նորոգման և մաքրման կարիք ունի

425

Լուիզա Հովհաննիսյանն ապրում է Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոց փողոց խաչմերուկի բազմահարկ շենքերից մեկում։ Նա իր երկու երեխաների հետ ամեն օր օգտվում է խաչմերուկի գետնանցումից, բայց՝ ահը սրտում, քանի որ փլուզման վտանգ կա։

«Ես և երկու երեխաներս ամեն առավոտ անցնում ենք այս գետնանցումով, երեխաներս դպրոց են գնում, ես՝ աշխատանքի։ Երեխաները վախենում են միայնակ գնալ դպրոց, քանի որ մի քանի օր առաջ ականատես եղան անցումի առաստաղի հերթական փլուզմանը։ Խնդրում ենք, որ քաղաքապետարանը անհապաղ վերանորոգի այս գետնանցումը»,- ասում է Լուիզա Հովհաննիսյանը։

Սբ․ Գ․ Լուսավորիչ-Մաշտոց  խաչմերուկի գետնանցում

Իսկ ուսանողուհի Անին նշում է, որ վեջին փլուզումը հասցրել է նկարել տեսախցիկով և պատրաստ է ուղարկել քաղաքապետարան։

Այս գետնանցումից փոքր-ինչ վերեւ Փակ շուկայի անցումն է՝ Մաշտոցի պողոտայում, որը նույնպես լավ վիճակում չէ, բայց այս պահին վերանորոգման փուլում է։ Անցորդներից տիկին Աշխենի խոսքով՝ երեկոյան ժամերին, երբ աշխատանքից վերադառնում է, այս գետնանցումով անցնելը վտանգավոր է։
«Նախ՝ լուսավորությունը թուլանում է երեկոյան ժամերին, շատ դեպքերում էլ  անցման մի հատվածում լուսավորություն ընդհանրապես չկա»։

«Փակ Շուկա»-ի գետնանցում

Երևանի տարբեր վարչական շրջաններում գրեթե բոլոր գետնանցումները վերանորոգման կամ հիմնանորոգման կարիք ունեն։ Մի շարք գետնանցումներում սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության պատճառով մշտապես գարշահոտություն է տիրում։ Այդ գետնանցումներից են՝ կենդանաբանական այգու, Սուրբ Գր.Լուսավորիչ-Մաշտոց պող. խաչմերուկի, Հանրապետության հրապարակի մետրոյի և «Հայրենիք» կինոթատրոնի դիմացի ստորգետյա անցումները։

Տիկին Ամալյան ապրում է «Հայրենիք» կինոթատրոնի հարեւանությամբ, ասում է՝ գետնանցումը գիշերը դառնում է հասարակական զուգարան։ Գետնանցում լվացողները ստիպված են լինում անընդհատ գալ և լվանալ այն։

Հայրենիք կինոթատրոնի գետնանցում

Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ մոտակա անցման գարշահոտությունը պայմանավորված է հենց այգու գործունեությամբ. «Էդ կենդանիներին, որ լողացնում են, կանալիզացիայի պատճառով  ջուրը մեկ-մեկ գնում լցվում ա անցումի կողքի գետը։ Էդ հոտի դեմ պայքարել չի լինում, իսկ կողքի լուկը բաց ա։ Էդ խնդրի համար պիտի պատկան մարմինները երևի կանալիզացիայի հարցը լուծեն, որ էդ հոտի հարցը լուծվի, որովհետև ինչքան էլ փոխում ես ջրի ճամփեն, մեկ ա` ջուրն անցումի տակով գնում ա»։

Ամենաշատ գետնանցումները Երեւանի փոքր կենտրոնում են։ Այստեղ կա 15 անցում, որոնցից 7-ը վերանորոգման կարիք ունի։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության 2018-2022թթ. ծրագրերով Երևան քաղաքում իրականացվել է 5 ստորգետնյա հետիոտնային անցման հիմնանորոգման աշխատանք:

Դրանք են՝ Ազատության պողոտայի ստորգետնյա անցման հիմնանորոգում (Հաղթանակ զբոսայգու մուտքի մոտ), Մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի մուտքերի աստիճանների հիմնանորորգումներ, Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկի ստորգետնյա անցման հիմնանորոգում, Ազատության պողոտա -Դավիթ Անհաղթ փողոցի խաչմերուկի ստորգետնյա անցման հիմնանորոգում։   
Ներկայում Երեւան քաղաքում գործում է 29 վերգետնյա եւ 41 ստորգետնյա անցում, որոնց շատ քիչ մասն է անվտանգ և մաքուր։
Քաղաքապետարանը պատրաստվում է հայտարարել եւս 4 նոր վերգետնյա անցման նախագծման աշխատանքների մրցույթներ.
1.  Տիգրան Պետրոսյան փողոց («Տաշիր Պիցայի» հարեւանությանբ)
2.  Եղվարդի խճուղի («Արմենիա» հեռուստաընկերության մոտ)
3.  Անաստաս Միկոյան փողոց («Ծիրան» սուպերմարկետի հարեւանությամբ)։  
4. «Սասնա Ծռեր» փողոց (Սրբոց Նահատակաց եկեղեցու հարևանությամբ)

Սիլվի Պետրոսյան

Մերի Սահակյան

Շուշան Սիրադեղյան

4-րդ կուրս

Կիսվել