Քաղցրը բանակում է համեղ

Քաղցրը բանակում է համեղ

946

-Սամ ջա՞ն, ո՞նց ես, բալես։

-Ընտիր, մամ ջան։

284 օր, ամեն երեկո նույն հարցն ու պատասխանը մեզ չեն հոգնեցնում։ Ամեն օր դրանք հնչում են ավելի կարոտով ու սրտատրոփ սպասումով։

Եղբայրս` կրտսեր սերժանտ Սամվելը, ժամկետային զինծառայող է։ Ծառայությանը սպասել է մեծ ոգևորությամբ։ Միայն ստիպված էր ընդունել, որ մազերը, որոնց միշտ խնամում էր, պետք է կտրեին։ Հիմա դրանք կարճ են։

Առաջին օրից հարմարվել է ծառայությանը։ Դեռ մի քանի ժամ էր անցել նորակոչիկներին ավտոբուսներով տանելուց, զանգեցինք.

-Սա՞մս, լա՞վ ես։

-Ճիշտ այդպես։

Դեռ չգիտեր ` որտեղ է ծառայելու, բայց արդեն զինվոր էր։ Հպարտ զինվոր։

Փոքր ժամանակ, երբ միասին կռվում էինք, ասում էր` ե՞րբ եմ գնալու բանակ, հանգստանամ քեզնից։ Հիմա այդքան երկար սպասված բանակում է, բայց կարոտում է, և կարոտում ենք։

«Օգոստոսի 30-ին Սամը դարձավ 19 տարեկան։

Մենք բարեկամներով անակնկալ էինք արել, գնացել էինք այնտեղ, որտեղ Սամն է ծառայում։

Մենք շատ էինք։ Բոլորս թողել էինք մեր ամենակարևոր գործերը ու գնացել ծնունդի։ Այդ օրը մեզ համար շատ կարևոր էր։ Տորթի մոտ մենք բոլորս նրա հետ երազանք պահեցինք, որ խաղաղ երկինքի տակ Սամի 20- ամյակն էլ նշենք։ 21 տարեկանում արդեն տանը կլինի», – պատմում է հորեղբորս որդին։

Սամվելի համար շատ լավ ժամանակ անցկացրինք։ Ուրախ էինք բոլորս ու փորձում էինք չհիշել, որ մի քանի ժամից նորից վերադառնալու է ծառայության, ու իրեն տեսնելու ենք մի քանի ամիս հետո։

«Տղաս երկար ժամանակ է` պոստերում է։ Հպարտ պահում է սահմանը, հսկում զինվորներին։ Հիմա արդեն հասկացել է, որ իր սիրած «Բանակում» հեռուստասերիալում ներկայացվող կյանքը այդքան էլ իրական չէ։ Իրական կյանքում ամեն ինչ ավելի բարդ ու պատասխանատու է»,- ասում է հայրս։

Մայրս փաստում է, որ Սամը կենդանիներ շատ է սիրում։

«Չկար մի օր, երբ բակում խաղալիս մի շուն հետը տուն չբերեր։ Ասում էր` մեղք է, մրսում է, սոված է։ Բայց եթե բոլոր շներին պահեինք, հիմա չեմ պատկերացնում` ինչ կլիներ։ Շանը կերակրում էր, ջուր տալիս ու ստիպված բաժանվում։

Փոքր ժամանակ, երբ նեղանում էր մեզնից, հավաքում էր իրերը, գնում` ասելով, որ շան բույն կսարքի և շների հետ կմնա»։

Հիմա էլ կենդանիների նկատմամբ նրա սերը չի պակասել։ Մի օր պոստերից զանգեց։

-Ի՞նչ կա, քուրս։

-Ոչ մի բան, Սամս։ Ո՞նց ես, ի՞նչ ես անում։

-Նստած ենք։

Լսում եմ ինչ-որ ձայներ։

-Սա՞մ, ի՞նչ ձայներ են։

-Հեչ, քուրս։ Ադրբեջանցիների պոստից մի շուն եկել, ոտքերիս տակ նստել, արդեն քանի օր  չի գնում մոտիցս։

-Սամ, զգույշ եղիր։ Հաստատ դիտավորյալ են ուղարկել, ձայնագրող սարք կլինի վրան։

-Չէ հա, քուրս։ Էս շունը գիտի` ում մոտ մնա, ում մոտ` չէ։ ։

Ամեն օր շունը արթնանում ու քնում է տղերքի հետ` նրանց հավատարիմ  մնալով։

Սամվելը երգում է փոքրուց։ Բոլոր միջոցառումներին երգում էր։ Դպրոցում ուսուցիչները դժգոհում էին` ասելով, որ դասի ժամին քթի տակ երգում է անընդհատ։

Տանն էլ էր այդպես։ Քթի տակ պարտադիր ինչ-որ երգ էր երգում։ Ամբողջ օրը երգ էր լսում։ Եթե մի երգ էլ շատ էր դուրը գալիս, երեք-չորս օր լսում էր։

Հունիսին տասը օրով տուն էր եկել։ Հասցրեց նաև ձայնագրվել։ Հիմա` երբ կարոտում ենք, իր երգերն ենք լսում։ Այսինքն` անընդհատ իր երգերն ենք լսում։

Բանակում ոչ մեկին չէր ասել, որ երգում է։ Մի օր ղեկավարներից մեկը լսում է երգը, հաջորդ օրը տանում միջոցառման՝ երգելու։ Դրանից հետո բանակում «Երգիչ Սամո է կնքված։

«Սամոս 5 տարեկանից մեծանուն երգիչ-երաժիշտների հետ բեմ է բարձրացել։ Բայց երբեք չի պարծեցել։ Շատ տեսահոլովակներում մեծ մասնակցություն է ունեցել։ Շատ սիրով է անում այն ամենը, ինչը կապված է երաժշտության հետ։

Մեր բարեկամական միջոցառումներին միշտ կիթառով է, պարտադիր նվագում է արդեն բոլորիս կողմից շատ սիրված «Я салдат» երգը, միասին երգում ենք»,- պատմում է մայրս։

Հիմա էլ, երբ տուն է գալիս, առաջինը կիթառի լարերն է ստուգում։ Եղբայրս մասնագիտացված կրթություն ստացել է, բայց ամեն ինչ անում է ինքնուրույն` առանց նոտաների։

«Մի օր կիթառի դասից եկավ, բացեց նոտաների գիրքը ու սկսեց երկար նայել գրքին։ Հարցրի` Սամո ջան, ինչի՞ն ես էդքան երկար նայում, պատասխանեց` պապ, դասատուս ասելա, որ նոտաները նայեմ։

Նայելը այստեղ նշանակում էր նվագել, ծանոթանալ նոտաներին։ Բայց դե Սամվելը ուղիղ իմաստով էր հասկացել»,- ժպտալով պատմում է հայրս։

Բնավորությամբ Սամվելը շատ բարի է։ Եթե ունենա մեկ կտոր հաց և ինքն ու ընկերը անսահման սոված լինեն, հացը ընկերոջը կտա։

Սուրճ շատ է սիրում։ Եթե տանը տասը հատ սառը սուրճ լինի, տասն էլ միանգամից կխմի։ Հիմա հիմնականում խմում է այն ժամանակ, երբ տուն է գալիս։

Նաև քաղցր է շատ սիրում։

Մինչև ծառայության գնալը քաղցր շատ-շատ էր ուտում։ Հիմա շատ ենք ուղարկում բանակ, բայց իրեն գրեթե չի հասնում։ Բոլորին հյուրասիրում է ու շատ դեպքերում, երբ հարցնում ենք` կերել է, պատասխանում է` տղերքին բաժանեցի, ինձ չհասավ։ Բայց երբ տուն է գալիս, մի կտոր քաղցր բերանը չի դնում։ Ասում է` մամ ջան, քաղցրի կարիքը բանակում ենք զգում։ Տանը էդքան էլ քաղցր չի։

Հիմա երեկո է։ Միացված է բարձրախոսը, մենք` հավաքված իրար մոտ։  Սամը զանգել է.

-Սամ ջա՞ն, ո՞նց ես, բալես։

-Ընտիր, մամ ջան։

Օֆելյա Հարությունյան

3-րդ կուրս

Կիսվել