Գիտական շոու, փորձեր, հանդիպումներ գիտնականների հետ՝ գիտության փառատոնում

Գիտական շոու, փորձեր, հանդիպումներ գիտնականների հետ՝ գիտության փառատոնում

385

Գիտական շոու, քիմիական հետաքրիքր փորձեր, վարպետության դասեր ու վիկտորինաներ, հանդիպումներ գիտնականների ու գիտության երկրպագուների հետ, ֆոտոտարածքներ ու DJ․ այս ամենը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիակական համալսարանի հարակից այգում։ Այստեղ անցկացվում է «Look around 2022» գիտության փառատոնը։

Փառատոնի տարածքը բաժանված է մի քանի թեմատիկ գոտիների։ Այգի մտնելիս այցելուներին դիմավորում է գիտնականի գունավոր կերպարն ու բարձր, ուրախ երաժշտությունը։ Տաղավարներում ցուցադրված են գիտական մի շարք նվաճումներ, ինչպես նաև կան գիտական-խաղային գոտիներ։ Մի տաղավարում 3D ակնոցներով կարելի է դիտել ռուսական ատոմակայաններից մեկը, հետո կարելի է հավաքել էլեկտրական շղթա, ատոմները համապատասխանեցնել իրար և այլն։ Այցելուները բազմաթիվ փոքրիկներ են, որոնք շտապեցնում են ինձ ու խնդրում արագ ավարտել հարցերս ու նկարահանումներս։ Հարցրի՝ ինչո՞ւ եք այդքան շտապում։ Պատասխանեցին, որ յուրաքանչյուր խաղից ժետոններ են ստանալու, իսկ դրանք կկարողանան փոխարինել ամենատարբեր նվերների հետ՝ թերմոս, կպչուններ (ստիկեր), գրիչներ և այլն։

Մոտեցա փառատոնի կամավորներից Էլենին։ Նա շատ արագ ու եռանդուն ինչ-որ բան էր պատմում։ էլենը Պոլիտեխնիկի ավագ դպրոցի սան է։ Նա նշեց․«Դարձել եմ կամավոր, քանի որ կարծում եմ, որ Հայաստանի զարգացման հարցում հենց մենք պետք է ունենանք մեր նեդրումը»։

Այնուհետև մոտեցա լսարան բաժնին, որտեղ անցկացվում են դասախոսություններ։ Այստեղ հանդիպեցի փառատոնին մասնակցելու համար մարզից եկած դպրոցականների խմբի։ Նրանք եկել են ֆիզիկայի ուսուցչուհու գլխավորությամբ։ Լոռու մարզի գյուղերից մեկից եկած 8-րդ դասարանցի Արամը տպավորված է։ Նա մեզ հետ զրույցում նշեց․«Ինձ համար ֆիզիկան ուրիշ աշխարհ է, ու այն, ինչ հիմա տեսնում եմ, ինչին մասնակցում եմ, երկար եմ հիշելու»։

Արամի դասընկերուհիներից մեկի մազերին գեղեցիկ, գունավոր թելերով հյուս կար։ Պարզվում է՝ այն ևս փառատոնի ընթացքում են պատրաստել։ Ես դեռ չէի հասցրել այդ գոտում լինել։ Թողեցի գիտական խաղերն ու բանախոսությունների լսարանը, շարժվեցի դեպի արվեստ բաժինը։ Այստեղ գույների տարափ է․նկարում են հատակին, թղթերի վրա, ներկում տարբեր պատկերներ, ինչպես նաև գունավոր թելերով հյուսում աղջիկների մազերը։ Մոտեցա, խնդրեցի իմն էլ հյուսել։

Կազմակերպիչների տեղեկացմամբ՝ այսպիսի նախաձեռնությունները կլինեն շարունակական և շուտով նոր անակնկալներով կզարմացնեն գիտության երկրպագուներին։

Նկարները՝ Look Around Armenia ֆեյսբուքյան էջից։

Էմիլյա Հոսյան

3-րդ կուրս

Կիսվել