Աղբահանության թերացման պատճառով բնապահպանական տարբեր խնդիրներ են առաջանում

Աղբահանության թերացման պատճառով բնապահպանական տարբեր խնդիրներ են առաջանում

467

Ամբողջ աշխարհում ամեն վայրկյան աճող աղբի ծավալն իսկական աղետ է բնության համար։ Աղբի ստեղծումից մինչև աղբավայր հասնելն ու դրանից հետո առաջ են գալիս մի շարք խնդիրներ՝ վնաս հասցնելով բուսական ու կենդանական աշխարհին։ Թափոնների կառավարման և աղբահանության խնդրի բնապահպանական հետևանքների մասին ենք զրուցել ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Գագիկ Աղաջանյանի հետ։

-Նախ՝ փորձենք հասկանալ, թե բնապահպանական ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ աղբահանության թերացման պատճառով։

-Եթե փորձենք խմբավորել, թե էական ինչ խնդիրներ կարող են առաջ գալ, կարող ենք ասել, որ աղբահանության խնդիրը ազդեցություն է ունենում հողային ռեսուրսների, մթնոլորտային օդի, մակերևութային և ստորերկրյա ջրերի, հասարական առողջության ու կենսաբազմազանության վրա։ Սրանք բոլորը կապված են աղբահանության գործընթացի կազմակերպման հետ ու, իրականում, փոխկապակցված են։

-Համայնքներում ի՞նչ խնդիրների կարելի է հանդիպել։

-Աղբի հավաքման գործընթացից սկսած բազմաթիվ խնդիրներ կան։ Շատ գյուղական բնակավայրերում ուղղակի բացակայում է այս փուլը, ինչի հետևանքով էլ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնում։  ՀՀ-ում այսօր շահագործվող աղբավայրերը որևէ ստանդարտի չեն համապատասխանում։

-Հայաստանում աղբի մի մասը հայտնվում է գետերում ու ջրամբարներում։ Կանխման ինչպիսի՞ միջոցներ են կիրառվում։

-Ամեն օր տեսնում ենք, թե ինչպես է հասարակությունը շրջակա միջավայրին վերաբերվում։ Այդ վերաբերմունքը պիտի փոխվի։ Շատ համայնքներում այդ կուտակված աղբի ծավալները կան, չնայած շատ բաներ արդեն ժամանակի ընթացքում վերանում են, բայց տնային տնտեսությունների մակարդակում դրանք տեսանելի են։ Այլ բան է պատասխանատվության ինստիտուտի ձևավորում, ինչը ևս անտեսել չի կարելի։

-Մեզ մոտ կոշտ թափոնների վերամշակման գործընթացը գնալով ավելի լայն տարածում է ստանում, սակայն որոշ շրջանակների համար այն դեռ օտար երևույթ է։ Ի՞նչն է պատճառը։

-Կարծում եմ՝ այստեղ մշակույթի ձևավորման խնդիր կա։ Մենք առաջարկել ենք, որ դպրոցներում «Ես և շրջակա աշխարհը» առարկայի շրջանակներում առնվազն երկու դաս հատկացնեն աղբի գոյացման, տեսակավորման ու վերամշակման թեմային, որպեսզի սա որպես մշակույթ մտնի մեր կենցաղ։

-Քաղաքի տարբեր հատվածներում կան տեսակավորման տարաները, բայց այդ ծավալը մեծ չէ։ Առաջիկայում աղբ վերամշակող գործարաններ կունենա՞նք։

-Մոտակա տարիներին, կարծում եմ, մեծ գործարաններ չենք ունենա։ Այսօր շատ փոքր ծավալներով աղբի վերամշակում տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվում է՝ հիմականում տեսակավորման հատվածի վրա կենտրոնացած։ Վերամշակման գործընթացում թղթի, պլաստիկի, մետաղի վերամշակում ինչ-որ չափով անում են, այն էլ ոչ բոլոր տեսակների համար։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման գործարանները միանգամից չեն ստեղծվում. աղբը դեռ պետք է հասնի գործարան, մինչ դրան հասնելը շատ փուլերով պիտի անցնենք։  

Նարե Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել