Պատերազմը խլում է ամենաթանկը․․․ երեխեքին. արցախցի ընտանիքը նոր կյանք է սկսել Սպիտակում

Պատերազմը խլում է ամենաթանկը․․․ երեխեքին. արցախցի ընտանիքը նոր կյանք է սկսել Սպիտակում

337

«2022 թվականի սեպտեմբերի 27-ն էր, առավոտյան 7:30  կլիներ, սկսվեցին կրակոցները, մենք մտածեցինք սովորական կրակոցներ կլինեն, ինչպես միշտ, որ ամեն անգամ մի քանի հատ կրակում էին ու վերջ։ Ապաստարան չիջանք, ասեցինք՝ կանցնի, գնալով ամեն ինչ թեժացավ, երանի էի տալիս քնած էլ մնայինք, էս անտանելի ցավը չտեսնեինք»,- այսպես է հիշում ու պատմում Գայանե Ավդալյանը արցախյան երկրորդ պատերազմը։ Նրա ընտանիքը, ով Արցախի Մարտակերտի շրջանի Նոր կարմրավուն գյուղից էր, թողել է հայրենի տունը թշնամուն ու հեռացել՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին, և բնակություն հաստատել Սպիտակ քաղաքում։ 

«Գյուղի բնակիչներով հավաքվել էինք գյուղապետարանում, սպասում էինք՝ կրակոցներն ավարտվեն, որ հասկանանք՝ ինչ ենք անելու, բայց ասեցին՝ շուտ վազեք ապաստարաններ, կռիվ ա սկսվել։ Ես, ամուսինս, ամուսնուս ծնողները ու մեր 4 անչափահաս երեխաները իջանք ապաստարան, անդադար կրակոցներ էր, գյուղը ռմբակոծվում էր, տղաս ամենափոքրն է, վախից ամուր սեղմել էր ատամներն ու ձեռքերը, ինչքան էլ հանգստացնում էի, չէր ստացվում, աղջիկներս մեծ էին ու ամեն բան լավ հասկանում էին, մեծս 18 տարեկան էր այդ ժամանակ, միջնեկս՝ 15, փոքր աղջիկս՝ 12։ Ժամերը չէին անցնում, տուն բարձրանալ հնարավոր չէր, ոչ հագուստ էինք վերցրել, ոչ ուտելիք։ Ապաստարանում մնացինք 2 օր, մի կերպ դիմացանք, ամսի 30-ն էր, կրակոցները մի պահ դադարեցին, մտանք տուն, արագ-արագ հագուստ ու մի քանի բան վերցրինք, նստեցինք մեքենան, որ արագ դուրս գայինք գյուղից։ Գյուղը ռմբակոծված էր, տները՝ ավերված, մեր հարևան Անուշի տունը դեռ վառվում  էր, սուս գնում էինք՝ աղոթելով, որ կհասցնենք դուրս  գալ։ Հասանք Ստեփանակերտ, հորեղբորս կինը մեր գյուղից էր, իրենք ընտանիքով մնացել էին գյուղում, զանգեց, ասեց՝ Գայ ջան, խփեցին ձեր տանը, ցավդ տանեմ, ինչ լավ ա՝ գնացիք, փրկվեցիք»,- սեպտեմբերի 30-ի իրադարձություններն է հիշում Գայանեն։

Սպիտակում նրանք տեղավորվել են ամուսնու հորաքրոջ տանը։

 «Ամեն պահի զանգի էինք սպասում, լուրեր էինք նայում, որ լսենք՝ վերջացավ պատերազմը։ 44 օր սպասեցինք այն հույսով, որ տուն կգնանք, մեր տունը կկառուցենք նորից, բայց մենակ հուշեր ու ցավ մնաց։ Հոկտեմբերի 10-ին գյուղը դատարկ ա եղել արդեն, վերջին դուրս եկողը գյուղապետն ա եղել։ Բոլորս կորցրինք իրար։ Հիշում եմ, թե ինչպես էինք նստում սուրճ խմում, ամեն մեկը մի պատմություն էր պատմում, ասում-խոսում, ուրախանում էինք։ Էս ցավից մեր հարևանի կինը՝ տիկին Հասմիկը, պատերազմից մի քանի ամիս անց մահացավ, պատերազմին էլ որդուն ու ամուսնուն կորցրեց, սիրտը չդիմացավ, մի տան լույս մարեց։ Մենք էլ հիմա ապրում ենք այստեղ՝ Սպիտակում, տունը մեզ նվիրեցին, հող գնեցինք, մշակում, ապրում ենք»։

Գայանեի ամուսինը՝ Վարդան Ասատրյանը, ցավից ճերմակել է, ասում է՝ սիրտս ու հոգիս թողել եմ Մարտակերտի իմ Կարմրավուն գյուղում․ «Երբեք չէի մտածի, որ սենց կստացվի, առանց հետ նայելու կթողնենք ու կգնանք, մեր պապերը ազատագրեցին, որ մենք հանձնենք, ոչ մեկը չմտածեց մեր մասին, անմեղ երեխեքի մասին։ Իմ սիրտը տանս համար չի ցավում, իմ սիրտը զոհված երեխեքի համար ա ցավում, ես տուն կունենամ, բայց երեխեքը էլ հետ չեն գա, պատերազմը մեզանից խլում է ամենաթանկը․․․»,- արցունքն աչքերին ասում է Վարդանը, ով այս պատերազմում կորցրել է մանկության ընկերոջը և նրա որդուն։

Վարդանի խոսքով՝ ինքը  կարողանում է հոգալ իր մեծ ընտանիքի կարիքները, Հայաստանի կառավարությունից օգնություն չեն ստացել,  ոչ մեկն իրենցով չի հետաքրքրվել ու ինքն էլ ոչ մեկից ոչինչ չի սպասում։ «Ես պահում եմ իմ ընտանիքը, շատ մարդիկ իրոք ունեն դրա կարիքը, թող իրենց տան, ինձ պետք չէ»,- ասում է նա։ 

Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանն ասաց, որ տեղյակ է գյուղում բնակություն հաստատած նոր բնակիչներից, գիտի, որ տուն են ստացել բարեկամից, իրենք էլ համայնքային հողը մատչելի գնով վաճառել են արցախցի ընտանիքին, ջերմ ընդունել են ու ամեն ինչով պատրաստ են օգնել։

Սվետա Վարդանյան

3-րդ կուրս

Կիսվել