Լորի «հեքիաթի» բոլոր հերոսները բարի են․․․

Լորի «հեքիաթի» բոլոր հերոսները բարի են․․․

829

«․․․Այս ձորերում ամեն ինչից օրորոցի հոտ է գալիս,

Պապենական սուրբ օջախի, ծուխ ու բոցի հոտ է գալիս,

Արմատի հոտ, բողբոջի հոտ ու խեժի հոտ տոհմածառի,

Վարող, ցանող հոր ձեռքերի ու մոր ծոցի հոտ է գալիս․․․»

Համո Սահյանի երգած ձորերի երկիր եմ հասել։ Լոր գյուղն է։ Այս հեքիաթը միայն մեկ անգամ տեսնելը բավական չէ։ Բարի, միամիտ, բացսիրտ լորեցիները հենց սկզբից են հարազատ դառնում, իսկ Լորի հրաշք բնությունը գովերգելու համար մտքումդ հեռուստատեսային հուշարարի պես վազում են Սահյանի տողերը՝ «Աստծո փեշից կախված սարեր» կամ էլ «կծիկ-կծիկ սարեր, կիրճեր՝ պարան-պարան, շարան-շարան ժայռեր, քարափ ու քերծ»։

Լորը հարուստ պատմական անցյալ ունի։ Ժամանակին քաղաքական և տնտեսական լուրջ ազդեցություն է ունեցել շրջակա բնակավայրերի վրա։ Լորին վերաբերող առաջին գրավոր արձանագրությունը վերագրվում է 9-րդ դարին, սակայն պեղումների արդյունքում գտնված նյութերը վկայում են, որ այս բնակավայրը շատ ավելի վաղ անցյալում արդեն իսկ որոշակի գերակատարում է ունեցել։

Գյուղն իր քնքուշ ու գեղեցիկ անունը ստացել է տեղացի իշխան Լորիկի պատվին։ Գյուղի մուտքի մոտ է գտնվում Լորիկի խաչ կամ Սպիտակ խաչեր կոչվող հուշարձան-մատուռը, որն ի հիշատակ ծնողների 1971թ․ կառուցել է Որոտշահ իշխանը։ Գյուղը հարուստ է հուշարձաններով։ Լորի կենտրոնում է գտնվում 1666թ․ կառուցված Սբ․ Գևորգ եկեղեցին, որը խորհարդային տարիներին հայտնի պատճառներով Հայաստանի շատ եկեղեցիների պես խոնարհվեց։ Լորեցիները հավատով սպասում են, որ եկեղեցու զանգերը մի օր նորից աղոթքի կկանչեն։ Գյուղից մի փոքր հեռու՝ բլրի վրա է գտնվում Սբ․ Հովհաննես եկեղեցին, որը նաև Ծառու են կոչում։ Անվան ծագումը կապում են ծառի պաշտամունքի հետ։ Հենց եկեղեցու հարևանությամբ էլ հոսում է, ինչպես տեղացիներն են ասում, Կծու ջուրը։ Իրականում ջուրը ոչ թե կծու է, այլ պարզապես հանքային, բնական գազավորումով անմեկնաբանելի համը «կծուով»  է բնորոշվել։

Միայն գյուղը չէ, որ Լորիկ իշխանի անունով է կոչվել։ Լորիկն իբրև անձնանուն մինչ այսօր պահպանվում է գյուղում։

Ծանոթացե՛ք, պարոն Լորիկ Արզումանյանն է։

-Ես ծնվել եմ այս գյուղում։ Ինձ ինչքան առաջարկել են քաղաք տեղափոխվել, չեմ համաձայնել։ Կմնամ այստեղ մինչև կյանքիս վերջ։

Լորում հրաշալի մարդիկ են ապրում, բայց բոլոր ժամանակների ամենահայտնի բնակիչը բանաստեղծ Համո Սահյանն է։ Սահյանը թեպետ դեռ պատանի է գյուղից հեռացել, բայց ծննդավայրի հետ կապը երբեք չի կտրել․ «Լորում չեմ ապրում, ապրում եմ Լորով»։ Նա առաջին իսկ հնարավորության դեպքում գյուղ է շտապել՝ ազգականների, ընկերների, սիրելի Լորագետի մոտ։ Գյուղացիները յուրաքանչյուր այցելուի հպարտությամբ են պատմում, որ Սահյանն իրենց համագյուղացին է։ Գյուղի մեծերն իրենց սիրելի Համոյի հետ կապված հիշողությունների ու պատմությունների մի ամբողջ կապոց ունեն։

-Սահյանի հետ անձամբ շատ մոտ եմ եղել։ Ամեն այցին միասին գնում էինք այգիները, նստում գետի ափին։ Համոն մեր մարդն է։ Անգամ մեր առօրյա խոսքն ու զրույցն է նրա տողերով համեմված,- նշում է Լորիկ պապը։

Գյուղում է Սահյանի հայրական տունը, որը նորոգվել և տուն-թանգարանի է վերածվել 2016թ ապրիլի 14-ին՝ գրողի ծննդյան օրը։

Գյուղում գրագետ ու կիրթ մարդկանց պակաս երբեք չի եղել։ Լորի գրիչներին և ծաղկողներին պատկանող ձեռագրերի մի մասը Մատենադարանում է պահվում։ Գյուղի դպրոցը կրում է  Ակսել Բակունցի անունը։

Ինչու՞ Բակունցի։ Հիմա կասեմ։

Գյուղի հին դպրոցը կառուցվել է 1905թ․։ Բակունցն իր հիշողություններում գրում է․ «Ինձ բանտարկեցին, եղավ փոթորիկ, ու ես բանտարկության 34-րդ օրը ազատվեցի, որպեսզի որպես ուսուցիչ գնամ այն հեռու գյուղը՝ Լոր»։ 1915թ․ Բակունցին բանտարկել էին  Գորիսի քաղաքագլխի և կառավարիչերի դեմ տպագրված ֆելիետոնի պատճառով և ազատ արձակել միայն Լոր մեկնելու պայմանով։ Եվ Բակունցը գյուղից միայն դպրոցական հիշողություններ չէին, որ տարավ։ Այդ տարիների ապրածի ու զգացածի ծնունդն է «Խոնարհ աղջիկը» պատմավածքը, որի խոնարհ հերոսուհին իրական կերպար է և ապրել է Լորում։ Խոնարհ անունով աղջիկը մեզ արդեն ծանոթ պարոն Լորիկի հարազատ հորաքույրն էր․

-Մեր տունն այն ժամանակ գյուղի ծայրին էր։ Բակունցը հաճախ էր գալիս մեզ այցի, քանի որ սիրահարվել էր Խոնարհին։ Բայց հետո նրան տեղափոխեցին, իսկ Խոնարհը ամուսնացավ հարևան գյուղից մեկի հետ։ Սակայն ճակատագրի բերումով մեկ տարի անց նա մահացավ։ Շատ գեղեցիկ աղջիկ էր, բայց բախտ չուներ,- արևից խանձված դեմքը հորիզոնին պարզած՝ պատմում է Լորիկ պապը։

Լորն իսկապես հեքիաթի գյուղ է հիշեցնում։ Չորս կողմից ուս ուսի տված երկնամերձ լեռները, թվում է, գյուղն իրենց գիրկն են առել, Լորագետն էլ, օձի պես գալարվելով, իր քչքչան երգն  է ասում։ Գյուղում հատուկ իրադարձություն է օղեթորման արարողությունը, որին էլ հնրավորություն ունեցա ներկա գտնվելու։ Հյուրընկալեցի պարոն Գառնիկին, ով խնձորի օղի էր թորում։ Եվ ինչպես նա է պնդում, խնձորի օղին լավագույնն է, այլապես Հիտլերը պատահական բան չէր սիրի (Հիտլերը հաճախ էր պատվիրում, որ իր համար Իսպանիայից խնձորի օղի բերեն)։ Կենացներն այնքան են քաղցրանում, որ անգամ ինձ չի հաջողվում խուսափել խնձորի օղու համտեսից։ Կյանքում առաջին ագնամ տնական օղի եմ համտեսում ու փորձում ինձ Հիտլերի դերում պատկերացնել։

-Բոլոր մրգերն էլ պատրաստի օղի են, մնում է քաշել,- օղու հերթական թասը մառանում դասավորելով՝ ասում է պարոն Գառնիկը։

Լորի բնակիչները, թվում է, թե անառիկ բերդում են ապրում, որի խաղաղությունը չորս կողմից փրփրանման ամպիկներին շոշափող լեռներն են հսկում։ Լորում անցկացված օրերից հետո ես միայն հասկանում, թե հարազատ եզերքը գովերգելիս ինչու Սահյանի բառամթերքը չէր սպառվում․

«․․․ Լուսնի վրա տուն ու այգի,

Մարսի վրա գահ ունենա,

Ուր էլ մնա, ինչ էլ անի,

Համո Սահյանն իր Լորինն է»։

Արփինե Ավետիսյան

3-րդ կուրս

Կիսվել