Երիտասարդների ինքնասպանությունը և հանրության արձագանքը. հանդիպում-քննարկում ոլորտի մասնագետների հետ

Երիտասարդների ինքնասպանությունը և հանրության արձագանքը. հանդիպում-քննարկում ոլորտի մասնագետների հետ

353

«Հայաստանում դեպքը նախադեպային չէ այն առումով, որ մարդիկ հասարակության, այլ անձանց ճնշման ազդեցության տակ դիմում են ինքնասպանության, բայց սա առաջին դեպքն է, երբ ինքնասպանությունից առաջ տղաները  սոցիալական ցանցում տեղադրել են իրենց համատեղ լուսանկարները, բացահայտել իրենց»,- «Մեդիա կենտրոնում» կազմակերպած քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով 2 տղաների ինքնասպանությանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ երկու տղա, որոնք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ են, ինքնասպանություն են գործել` նետվելով կամրջից։ Տղաներից մեկն անչափահաս էր։

Տղաներն ինքնասպանություն գործելուց առաջ իրենց սոցիալական ցանցում տեղադրել էին համատեղ լուսանկարները և կից գրել. «Ուրախ ավարտ… մեր բոլոր համատեղ գործողությունների մասին որոշումները միասին ենք կայացրել»։ Դեպքից ժամեր անց տեղեկությունը տարածվեց լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում, ու սկսվեց տղաների նկատմամբ ատելության և ցավակցական խոսքի տարածումը:

Հանդիպման ընթացքում «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Լուիզա Վարդանյանը նշեց, որ հանրությունը միշտ դեմ է եղել ԼԳԲՏ համայնքին և գտնում է, որ Հայաստանում այդ համայնքը պետք է ոչնչանա: Նա հավելեց. «Սա շատ ցավալի իրականություն է, մարդկանց բացասական կարծիքները թույլ չեն տալիս իրավապահպան մարմիններին լիովին կատարել իրենց աշխատանքը, քանի որ նրանք կաշկանդված են հանրության վերաբերմունքով և արձագանքով։ Մյուս կողմից սթրեսային մթնոլորտ է ստեղծվում մյուս ԼԳԲՏ անձանց համար, նրանք վախենում են, որ կարող են բռնության ենթարկվել»։ Բանախոսը նշեց,որ  դեպքը մի կողմից շատ ողբերգական է ինքնասպան եղած անձանց համար, մյուս կողմից շատ բացասաբար ազդեց Հայաստանում ամբողջ ԼԳԲՏ համայնքի վրա։

Բանախոսների խոսքով՝ հանրության արձագանքը սպասելի էր, սակայն մյուս կողմից մեդիան էլ ավելի նպաստեց ատելության տարածմանը: «Փինք» իրվապաշտպան ՀԿ-ի հաղորդակցման ղեկավար Մամիկոն Հովսեփյանը նշեց. «Արձագանքը հանրության կողմից սպասված էր։ Մեդիայում հայտնվում են այնպիսի նյութեր, որոնք զուտ տեղեկություն են արտացոլում, բայց լինում են ենթատեքստեր, որոնց նպատակն է դրա շուրջ ատելության մթնոլորտի ստեղծումը»: Նրա դիտարկմամբ՝ որոշ լրատվամիջոցներ հենց սենսացիաներ են տարածում, որպեսզի կարողանան այդ նյութի միջոցով գումարներ վաստակել։

Որոշ մեդիաների նպատակը, բանախոս Զառա Հովհաննիսյան դիտարկմամբ, ուղեղներ լվանալը և հասարակությանը կառավարելն է. «Այստեղ առաջ են գալիս մարդասպանություն քարոզող մեդիաներ, որոնք ուղղակի ուղեղներ են լվանում, փորձում են մարդկանց մեջ վախեր սերմանել, ատելություն քարոզել, մեծացնել հասարակության վախերը և կառավարել այդ հասարակությանը։ Մեդիաների մի մասն ուզում է հասարակությանը կառավարելի, կաշկանդված դարձնել։

Որոշ լրատվամիջոցներ դեպքի օրը տարածում էին ոչ ճշտված տեղեկատվությունը, որոնցից էր տղաների սխալ տարիքը»:

Ալյոնա Մուժիկյան

3-րդ կուրս

Կիսվել