Սյունիքում երբեք չեն հանձնվում

Սյունիքում երբեք չեն հանձնվում

495

Հյուսիսում սահմանակից է Վայոց Ձորի մարզին, հյուսիս-արևելքում՝ Արցախի Հանրապետությանը, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, արևմուտքից՝ Ադրբեջանի հանրապետությանը. սրանք այն սահմաններն են, որոնց կարելի է հանդիպել գրքերում և կայքերում, մինչդեռ սյունեցու սահմանը սկսվում է իր տնից, ձգվում՝ Խուստուփի գագաթից դեպի ավազաններ՝  մայր Արաքսի:

Սյունիքի մասին հետաքրքիր փաստեր փնտրելիս կարելի է գտնել տեղեկություններ մոլիբդենի, պղնձի ու երկաթի հարուստ պաշարների մասին, մինչդեռ ամենահետաքրքիրը թաքնված է Վահանավանքի, Հալիձորի բերդի պատերի տակ, աշակերտական զրույցների մեջ, Թասի ոլորաններում, մայթերին՝ հին ու ասֆալտապատ և ի վերջո «ջիգյարդ օտիմ» բարբառում:

Հայաստանի սիրտը հարավում դարեր ի վեր բաբախում է վստահ ու անկոտրում՝ պայքարելով թե՛ դեմ բախտի, թե՛ դեմ «անբարեկամ» հարևանների, և թե՛ երկրի յուրաքանչյուր սանտիմետրին սպառնացող վտանգի դեմ: Ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձարձակված ռազմական գործողությունների ընթացքում Սյունիքը տվել է հավերժ հիշատակի արժանի անուններ. Սասուն Միքայելյան, Շանթ Խաչատրյան, Հարութ Մուրադյան, Յուրի Ալևորյան, Հայկ Իսայան….

Հայը ՀԱՅկի մեջ

Հայկ Սասունի Իսայանը ծառայում էր Ջրականում. օրինակելի զինվոր էր, հոգատար ընկեր, զգոն հրաձիգ: 2020-ի հունվարին տուն էր վերադառնալու: Սյունիքի սրտում՝ շուրջբոլորը լեռներով ծպտված Սվարանց գյուղում էր ծնվել Հայկը: Գեղեցկադեմ, բարձրահասակ, նպատակասլաց ու ողջամիտ տղա էր: Շատ էր սիրում կյանքն ու ամեն կերպ փորձում էր գեղեցկացնել այն: Սվարանցի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակում էր Կապանում: Հայկը գերազանց չէր սովորում, բայց շատ նպատակասլաց էր: Ջրականում ծառայելու փաստը անասելի ոգևորել էր Հայկին: Նրա պարտաճանաչ տեսակը օգնել էր կայանալ նաև զինվորի կերպարում: Պատերազմի ծանր օրերին զանգում էր տուն ու հայտնում իր կենդանության մասին: Ձայնը անհանգիստ չէր, բայց զգացվում էր դողը, ինչը, չնայած, ամեն կերպ փորձում էր թաքցնել: Պատերազմը կանգ չէր առնում, Հայկի զանգերը ևս, վերջինը թերևս բարեբախտաբար: Ընտանիքը անասելի լարված էր, անհանգիստ, խուճապահար: Հոկտեմբերի 12-ը առավել ծանր անցավ, ճիշտ 27-ի պես. Հայկի զանգերը ընդատվեցին: 3 ամիս անց գտնվեց Հայկը, ավելի ճիշտ ու ավելի դաժան՝ Հայկի մարմինը:

«Պատերազմի ընթացքում շատերը հասկացան, որ հայրենի հողը սեփական կյանքից թանկ է. այս համոզմանը գալով յուրաքանչյուրս արդեն մեկ մարդու պես էինք կռվում: Որոշ զինվորականներ էլ հասկացան, որ իրենց մասնագիտությանը թերի են տիրապետում։ Իրականությունը ընդունում էինք լիարժեք, հավատարիմ էինք մնում սեփական առաքելությանը» , ասում է 44-օրյա պատերազմի մասնակից՝ սերժանտ Հայկ Շահնազարյանը: Պատերազմից  հետո շատերը վերագտան իրենց առաքելությունը կյանքի և սերժանտ Շահնազարյանի զինակիցների պես եկան պայքարով ապրելու համոզմանը: Հայկ Իսայանի հարազատ քույրն ու եղբայրը գրանցվեցին ՈՄԱ-ում:

Ողջ մնալու արվեստը Հայաստանում

ՈՄԱ-ն Երևանում և  Հայաստանի   մի շարք մարզերում ուսուցում և պատրաստում է ապագա աշխարհազորայիններին, որոնց գործառույթն է պաշտպանել իրենց բնակավայրերը,  ինչպես նաև՝ օգնել արտակարգ իրավիճակների   նախարարությանն ու ոստիկանությանը:

Ազգ-բանակ-երկիր-ամրոց. ահա այս կարգախոսով էլ առաջնորդվում է ՈՄԱ-ն: Պարապմունքներին մասնակցելու տարիքային թույլատրելի շեմը սկսվում է 16-ից, այժմ մարզվողների հիմանական մասի տարիքը 22-ից 37 է, իսկ տոկոսային հարաբերությամբ՝ 55% տղա, 45% աղջիկ: ՈՄԱ-ի մասնակցության կուրսը տևում է 3 ամիս, կան նաև արագացված դասընթացներ:

Այն հարցին, թե որն է ՈՄԱ-ի գլխավոր նպատակն ու առաքելությունը, հիմնադիրներից Վաղինակ Վարդանովը պատասխանում է.
«Մեր հիմնական նպատակը մեր հայրենակիցների գոյատևման մակարդակը բարձրացնելն է, ինչպես նաև մեզ պես կազմակերպությունների տարածումը ամբողջ Հայաստանում»:

«44-օրյա պատերազմից հետո հասկացա, որ յուրաքանչյուրիս պատրաստվածությունն ու մասնակցությունը պարտադիր է երկրի պաշտպանությանը. ես պետք է կարողանամ պաշտպանել եղբորս գերեզմանն ու իմ հայրենի գյուղը», այսպես է մեկնաբանում ՈՄԱ-ին մասնակցելու իր պատճառները Սիրուշ Իսայանը, իսկ եղբայրւ՝ 24-ամյա Հովհաննեսը, ՈՄԱ-ի մարզիչներից է.

«Ես շատ եմ սիրում այս գործը, պարապմունքներ անց եմ կացնում Սյունիքի մարզի Տաթև համայնքում, մասնակիցների հոսքը թեև այնքան էլ շատ չէ, բայց դասերն անցնում են շատ արդյունավետ ու ինտենսիվ»:

ՈՄԱ-ն շատ երազանքեր ունի, որոնցից գլխավորը այնպիսի Հայաստան ունենալն է, որի հետ բոլորը հաշվի կնստեն. այնուամենայնիվ, դժվարությունները նույնպես շատ են ու անխուսափելի.

«Մեր գործունեության ընթացքում շատ բարդությունների ենք բախվել, խնդիրներ եղել են գրեթե բոլոր մակարդակներում, բայց մեր երազանքները միշտ ուժ են տվել շարունակելու», ասում է Վաղինակ Վարդանովը:

ՈՄԱ-ն ֆինանսավորվում է բարեգործական կազմակերպությունների և անհատների կողմից:

ՈՄԱ-ի մասնակիցներին դասավանդվում է ֆիզիկական մարտավարություն, առաջին բուժօգնություն, ալպինիզմ(լեռնագնացություն), տեղագրություն, կրակային պատրաստություն, դանակի նետում և ինժեներական գործ: Ֆիզիկական մարտավարության պարապմունքներն անց են կացվում խիստ ու բարդ պայմաններում, իրական դժվարությունների հետ համատեղ: Տղաներն ու աղջիկները մարզվում են միասին և նույն մեթոդներով: Նման միջավայրում իգական սեռի 45% մասնակցությունը և՛ զարմանալի է, և՛ ողջունելի:

«Ինձ դուր էին գալիս այն բոլոր կապտուկները, որոնք առաջանում էին ֆիզիկական պարապմունքներից հետո , դրանց շնորհիվ ես ինձ ավելի ուժեղ ու պիտանի էի զգում», ասում է մասնակիցներից 20-ամյա Անի Գրիգորյանը:

Առաջին բուժօգնության հրահանգիչներից Խաչիկ Դալլաքյանը, հետաքրքիր դեպքերը հիշելիս, մտաբերում է ՈՄԱ-ի արշավներն ու խաղերը. «Ապրելով Գորիսում՝ չգիտեի, որ մեզ մոտ այնպիսի հրաշք վայրեր կան, ինչպիսիք բացահայտեցի ՈՄԱ-ի արշավների շնորհիվ: Արշավները ուղեկցվում են երգ ու պարով և խաղերով, որոնք վերջում վերածվում են ծեծկռտուքի, իրականում խաղերի միտքը հենց դրանում է կայանում, որպեսզի մասնակիցները սովորեն պաշտպանվել»:

Առաջին բուժօգնության դասընթացը շատ կարևոր է մասնակիցների համար, քանի որ սովորեցնում է օգնել միմյանց, կողմնորոշվել ոչ միայն պատերազմական իրավիճակներում, այլ նաև կենցաղում:

«Հերթական քայլարշավի ժամանակ դիմացս քայլող աղջիկն ընկավ ու կոտրեց ոտքը, մեր ջոկատի հրամանատարի օգնությամբ ես կարողացա առաջին բուժօգնություն ցուցաբերել աղջկան, քանի որ արդեն ավարտում էի իմ մասնակցության կուրսը և ունեի բավականաչափ գիտելիքներ», ասում է Նարե Գալստյանը:

Ողջ մնալու արվեստը նաև ունի ՈՄԱ գումարտակ, որը կազմավորվում է անհրաժեշտության դեպքում ռազմական գործողությունների մասնակցելու համար: Եթե ընդհանուր մասնակիցները ցանկության դեպքում կարող են ներգրավվել, ապա գումարտակը կազմվում է կոնկրետ այն մարտիկներից, ովքեր նախօրոք համաձայնություն են կնքում՝ պարտադիր կերպով մասնակցելու հնարավոր ռազմական գործողություններին: Գումարտակի անդամներին սովորեցվում է այն ամենն, ինչ իրենց անհրաժեշտ է իմանալ առաջընթացում: Այժմ ՈՄԱ-ի մի գումարտակ գտնվում է Ջերմուկի պաշտպանական դիրքերում:

ՈՄԱ-ն ստեղծում է անվտանգության նոր համակարգ, որտեղ մարտիկները պետք է ըստ արժանվույն հանդերձավորված լինեն, այդ պատճառով ՈՄԱ-Ն իրականացնում է կանոնավոր դրամահավաք՝ տարածքային պաշտպանության աշխարհազորայիններին անհրաժեշտ հանդերձանք գնելու համար:

ՈՄԱ-ն ոչ միայն ֆիզիկական մարտավարություն ու պատրաստվածություն է տալիս մարդկանց, այլ նաև հոգեկան ու մտավոր զգոնություն, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն և որ ամենակարևորն է՝ սովորեցնում է արվեստ՝ մնալու ողջ և պաշտպանելու հայրենիքը: ՈՄԱ-ն մասնակիցների մեծ բանակ ունի Սյունիքում, և յուրաքանչյեւր մասնակից լիահավատ է դեպի ապագա՝ պայծառ ու անհաղթ:

Դռները բացե՛ք, գարուն է գալիս

Սյունիքի սահմանամերձ Տանձավեր համայնքի բնակիչ  60-ամյա Աշոտ Հակոբյանը դեռ պետք է իր 4-ամյա թոռան հարսանիքին պարի. «Չկա վախ, կա հաստատակամություն. պետք լինի՝ իմ գյուղը պահելու համար ինքս զենք կվերցնեմ», այսպես է ասում Աշոտը, իր թոռան՝ փոքրիկ Աշոտիկի հետ խաղալուն զուգահեռ:

Իսկ Սվարանց գյուղում մի արծիվ բարձրացել է երկինք ու ճախրում՝ բարձր, վսեմ, անկոտրում . Հայկն է:

Պատերազմը վատագույնն է բոլոր չարիքների մեջ, և հզոր է այն ազգը, ով կարողանում է ոտքի կանգնել նման դժողքից հետո: Հայը միակն է, ով ապրում է երկրում՝ դրախտի «համով» ու գեղեցկությամբ, և մինչդեռ բազմաթիվ գիտնականներ փորձում են պարզել՝ հավն է ձվից, թե ձուն հավից և կա՞ արդյոք դժողք ու դրախտ, մենք մեր փորձով ենք զգում այդ ամենն ու ապրում՝ ճիշտ մնացած բոլոր զգացողությունների նման: Սա պաթոս ու ռոմանտիզմ չէ, ու ոչ էլ հեքիաթ կամ երազ, սա մեր գիրքն է, մեր պատմությունը, բախտն ու ժամանակը: Լույս է թունելի վերջում միշտ էլ. հավերժ ունեցեք պայքար ու դռները բացե՛ք, գարուն է գալիս:

Աննա Հակոբյան

3-րդ կուրս

Կիսվել