«Մարմնի լեզուն գործնական կյանքում»՝ Հակոբ Մակդիսի մեկնաբանությամբ

«Մարմնի լեզուն գործնական կյանքում»՝ Հակոբ Մակդիսի մեկնաբանությամբ

288

Նոյեմբերի 24-ին ԵՊՀ 8-րդ մասնաշենքում տեղի ունեցավ հանդիպում «Big Mind» ուսումնական կենտրոնի հիմնադիր, ՀՀ Կառավարական ակադեմիայի դասախոս և ոչ-վերբալ հաղորդակցության փորձագետ Հակոբ Մակդիսի հետ: Հանդիպման հիմնական թեման էր «Մարմնի լեզուն գործնական կյանքում»: Մասնակիցները ծանոթացան ժեստերին, դրանց ճիշտ և սխալ կիրառմանը, մի քանի գաղտնիքների, թե ինչպես դրանցով ազդել մարդկանց վրա, ձեռքսեղմումների նշանակությանը և հասան մինչև հագուստի ընտրությանը: Իմացան, որ ժեստերը, դիմախաղը, աչքերի կոնտակտը շատ բան կարող են ասել մարդկանց մասին, և դրանց սխալ կիրառումը, թեկուզ ենթագիտակցորեն, կարող է մեզ դրական արդյունքի չբերել: Բայց  այդ ամենը կարելի է կառավարել շատ հեշտությամբ:

Հիմնական ունկնդիրները Հոգեբանության ֆակուլտետի ուսանողներ էին, որոնք հղում էին իրենց հետաքրքրող հարցերը և այս հանդիպման շնորհիվ ավելի էին հմտանում իրենց մասնագիտության մեջ:

Հարցին, թե արդյոք այսքան բան իմանալը կյանքում բարդություններ չի առաջացնում, Հ․ Մակդիսը պատասխանեց, որ խանգարելու դեպքում կարելի է հաղորդակցվելիս օգտագործել 3-րդ ես-ը ու հեշտությամբ դուրս գալ այդ վիճակից: Նա նաև նշեց, որ իր ուսանողներից քչերն են, որ կարողանում են գնալ մինչև վերջին փուլ, որովհետև շատերին խանգարում է դիմացինի ամեն հայացքն ու շարժումն անգիր իմանալը: Որպես ամփոփում՝ Հակոբ Մակդիսն ասաց` ավելի լավ կլինի, որ շատերը հետաքրքրվեն և ուսումնասիրեն այս ամենն ու սովորեն կառավարել իրենց մարմնի լեզուն։

Հանդիման վերջում զրուցեցի ներկա գտնվող ուսանողների հետ` պարզելու, թե որքանով էր հանդիպումն արդյունավետ իրենց համար։ Բոլորին էլ շատ էր դուր եկել հանդիպումը։ Ասում էին՝ շատ նոր բաներ սովորեցին, որ նախկինում չգիտեին,  և վստահորեն նշեցին, որ հետագայում իրենց պրակտիկայում անպայման կկիրառեն այդ հմտությունները:

Իրինա Արևշատյան

2-րդ կուրս

Կիսվել