Ուսանողները ոտքի են ելել հանուն Արցախի

Ուսանողները ոտքի են ելել հանուն Արցախի

253

Տարբեր համալսարաններից ուսանողներ ոտքի են ելել՝ պայքարելու հանուն շրջափակման մեջ հայտնված Արցախի և արցախահայերի։ Դեկտեմբերի 15-ին ուսանողները բողոքի ակցիա են իրականացրել Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց։ 

«Մենք ոչ մի կուսակցական ուժի չենք պատկանում։ Մեր պայքարը դուրս է քաղաքական ցանկացած ենթատեքստից։ Մենք պայքարում ենք հանուն արցախահայերի իրավունքների վերականգման»,-  նշում է ակցիայի կազմակերպիչներից Սահակը։

Իրենց դիմում-բողոքը երիտասարդները հանձնել են, սպասել դեսպանատան կողմից արձագանքի․ «Չենք դադարեցնելու բողոքի ակցիաները, մինչև համապատասխան լուծում չստանա հարցը։ Փակելով Լաչինի միջանցքը՝ թշնամին ոտնահարում է նախ արցախցիների ազատ տեղաշարժվելու իրավունքը, երկրորդ՝ նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ պայմանագիրը»։

Ցույցերի ժամանակ ուսանողներին են միացել մարդիկ Արցախի տարբեր շրջաններից՝ իրենց հետ բերելով Արցախի դրոշը։

«Ապրեք, էրեխեք, անչափ շնորհակալ ենք ձեզ։ Ձեզ տեսնելով հասկանում ենք, որ ամեն ինչ կորած չի,- այսպես ուսանողներին ոգևորում էին ավագ սերնդի ներկայացուցիչները։

Ապա բոլորի մասնակցությամբ հնչել է Արցախի Հանրապետության օրհներգը, որին հաջորդել են հայրենասիրական երգերը։

Ռուսաստանի դաշնության դեսպանատան դիմաց հավաքվածներին են միացել նաև Արցախի պետական նախարարի խորհրդական  Արտակ Բեգլարյանը, Արման Թաթոյանը, Թագուհի Թովմասյանը և այլք։ Նրանց նախաձեռնությամբ իրականացվել է փոքրիկ ակցիա․ դեսպանատան ուղղությամբ նետվել են բազմաթիվ թղթե ինքնաթիռներ՝ ի նշան նրա, որ գոնե օդային ճանապարհը բացվի։ «Մենք ունենք տոտալ շրջափակում, այնինչ օդային ճանապարհը կարող է այլընտրաքային միջոց լինել գոնե հումանիտար բեռների փոխադրման համար, սուր կարիքների դեպքում մարդկային տեղաշարժի համար, հետևաբար մեր ակնկալիքն է բացել օդային ճանապարհը,- իր ելույթում ասել է Արտակ Բեգլարյանը՝ խոսքը փոխանցելով Թագուհի Թովմասյանին։

Ելույթների ավարտից հետո ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղից էլ դեպի ՄԱԿ-ի հայկական գրասենյակ։

Մերի Անտոնյան

2-րդ կուրս

Կիսվել