«Կյանքը ՀՊՈՒՄՆԵՐԻ մասին է»․ նկարիչ Հասմիկ Ավետիսյանը՝ իր ցուցահանդեսի մասին

«Կյանքը ՀՊՈՒՄՆԵՐԻ մասին է»․ նկարիչ Հասմիկ Ավետիսյանը՝ իր ցուցահանդեսի մասին

198

Նոյեմբերի 5-25-ը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ նկարիչ Հասմիկ Ավետիսյանի «Հպում» խորագրով ցուցահանդեսը։ 

Նկարիչն արդեն հասցրել է ներկայանալ երկու՝ «Եթե» և «Ալպինոս» արտ ծրագրերով, բայց «Հպումն» իր ձևաչափով և ոճով այլ էր և տարբերվում է իր կոնցեպտուալությամբ։ «Համաճարակի ժամանակ ես սկսեցի մտածել նուրբ հպումների մասին, որոնք քանի գնում, մեր կյանքում պակասում են․ մարդիկ ավելի կոշտ են դարձել, աշխարհը ավելի պարզունակ է  ու կանխատեսելի։  Հին ստեղծագործություններ կարդալիս տեսնում ես, որ փոքր, նուրբ հպումների արձագանքը մարդկանց մեջ այնքան գեղեցիկ է եղել, իսկ հիմա նայում եմ՝ դա այլևս չկա։  Բոլորը միայն վազում են, ձգտում են ինչ-որ բանի հասնելու, արդյունքում ոչինչ  չեն նկատում, այսինքն միայն կենտրոնանում են բացասականի վրա, մարդիկ սկսել են պարզապես չնկատել։ Այդ գաղափարն իմ մեջ վաղուց կար, գրեթե հինգ տարի ուղեղումս պտտվում էր, անգամ նախորդ ցուցահանդեսի՝ «Եթե»-ի ժամանակ արդեն իսկ պլանավորում էի,- մեզ հետ զրույցում ասաց նկարիչը։ 

Ցուցադրությունը 6 բաժին էր ներկայացնում։ Առաջին՝ «Բոլորից հեռու՝  ինքդ քեզ հետ» բաժին մտնում էիր՝ անցնելով ձեռքերի տարբեր ժեստերի միջով ու հայտնվում հայելապատ սենյակում՝ մնալով ինքդ քեզ հետ։ 

Այնուհետև «Լսի՛ր» տաղավարն էր․ այստեղ միայն ձայներ էին, որոնք նկարիչն ինքն էր         ձայնագրել՝ վերցնելով առօրյայի բոլոր ձայները, որոնք ուղեկցում են մեզ։

«Տե՛ս» բաժնում նկարչի ռեալիստիկան ոճի նկարներն էին՝ մարդկային հույզերից մինչև հպումներ։

«Զգա»  բաժնում 5 սափորներներ էին՝ ներսում առարկաներ։

«Փոխի՛ր» բաժնում ինքդ կարող էիր արվեստից արվեստ կերտել։

«Մտածի՛ր» բաժնում երկլեզու ցուցանակ էր՝ բաժանված երկու մասի՝ զգայական և ֆիզիկական։

Ցուցահանդեսի ոճն անտարբեր չէր թողնում այցելուներին։ Հայաստան ժամանած Ռուսաստանի բնակիչ Մ․ Մ․-ն ասաց, որ մինչև ՌԴ վերադառնալը կարևոր էր համարում ցուցահանդեսին ներկա լինելը․ «Մի բառով չեմ կարող ասել, որովհետև խառնված են զգացողություններս, սա մի քանի տարվա արտահայտումն էր նրա մտքերի․ դե, նկարների մեջ ասվում էր ամեն բան։ Ստացա պայքարի էմոցիաներ, պայքարի ձգտում՝  լավի սպասումներով»։ 

Մեզ հետ զրույցի ավարտին Հ․ Ավետիսյանն ասաց․ «Սա ինձ համար նոր ֆորմատ է։ Ես արել եմ մի քանի ծրագրեր, բայց դրանք կոնցեպտուալ օբյեկտներ չեն ունեցել, այնպես որ սա առաջինն է, որի հիմնական հաղորդագրությունն այն է, որ մենք կոշտ չդառնանք, զգանք, որ նուրբ հպումներն ավելի հետաքրքիր են։ Կյանքը հպումների մասին է։ Ես ուզում եմ վերաիմաստավորել դա, որ մի րոպե կանգ առնենք, տեսնենք ու զգանք։ Աշխարհը հետաքրքիր է»։

Հռիփսիմե Ավագյան

2-րդ կուրս

Կիսվել