Մոտ 50 կայքից հեռացված զինանշանը ունի ավելի քան 30 լրամշակումների ու շտկումների կարիք: Թե երբ և ինչպես են այդ սխալները առաջացել, ինչ լուծումներ են դրանց պատրաստվում տալ, զրուցել ենք «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի տնօրեն Պավել Սարգսյանի հետ:
-Պարոն Սարգսյան, Համացանցում այսօր օգտագործվում են զինանշանի սխալ տարբերակներ: Դուք, լինելով ազգային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում սխալները կանխելու դեմ:
-Դեռևս ստեղծման օրից ի վեր` 2010 թվականից մենք, տարբեր պետական կառույցների դիմելով, փորձել ենք կանխել զինանշանի կիրառման 4 սխալ տարբերակներ: 4 տարբերակներն էլ չէին համապատասխանում օրենքին կից հավելվածին: 2012 թվականին գործընթացը ավարտվեց և բոլոր պետական կայքերում, որոնց թիվը հասնում է մոտավորապես 50-ի, շտկումներ իրականացրինք: Սոցկայքերում սխալներ հիմա էլ կան, բայց այն քանակով չեն, ինչ առաջ: Տարիների ընթացքում երկար աշխատանք ենք տարել՝ հասնելով նրան, որ 2017-ին Կառավարությունը հաստատեց էտալոնային նմուշ, որից պիտի օգտվեն պետական կառույցները: Այլ հարց է, որ նրանք այն չեն կիրառում կամ անգամ տեղյակ էլ չեն նմուշի մասին:
-Որրտեղի՞ց և ե՞րբ են ի հայտ եկել սխալ տարբերակները:
-Մեկնաբանել չեմ կարող, թե որտեղից էին հայտնվել սխալ տարբերակները, ովքեր էին դրանց հեղինակները: Սխալ կիրառությունը կանխելու գործընթացը սկսել ենք 2010-ից, բայց դրանից առաջ էլ օգտագործվել են ոչ ճիշտ տարբերակներ: Թե որ թվականից է սկսվել 3 այլ անհասկանալի տարբերակների կիրառությունը, ասել չեմ կարող, տեղյակ չեմ: Բայց փաստը, որ եղել է մեծ ծավալներով, հաստատ է:
-Կասե՞ք՝ որ կայքերից եք հեռացրել սխալ տարբերակներ:
-Օրինակ` parlament.am, president.am և այլն: Այս կայքերում եղած տարբերակները չէին համապատասխանում օրենքին կից հավելվածին:
-Ո՞ւմ թերացումն է, որ այսօր կա զինանշանի սխալ կիրառություն:
-Մենք չունենք կառույց, որ պիտի վերահսկի այս պրոցեսը: Մենք ունենք օրենքներ, որոնք լիարժեք չեն: Մենք չունենք խախտման դեպքում որևէ իրավական գործընթաց: Ունենք քրեական օրենսգրքում անարգի վերաբերմունք պետական խորհրդանիշների վերաբերյալ: Օրինակ, երբ վառում են, ոտքի տակ գցում, բայց ստանդարտներին չհամապատասխանող կիրառության դեպքում որևէ պատժամիջոց չկա:
-Լինելու դեպքում` պատժամիջոցը խնդրի լուծո՞ւմ է:
-Բնականաբար խնդրի լուծումը չի տրվում միայն պատժամիջոցներով: Սա մեր ներքին մշակույթի հարցն է, իսկ մենք այն ձևավորված չունենք պետական խորհրդանիշների հանդեպ:
-Ի՞նչ անել նման պարագայում, ինչպես այն ձևավորել:
-Մենք, օրինակ, ունենք պետական խորհրդանիշների տոն: 2012 թվականից նշում ենք Սահմանադրության օրվա հետ մեկտեղ` հուլիսի 5-ին: Քանի՞սը գիտեն այս ամենի մասին:
-Այսինքն, խնդիրը հասարակության իրազեկվածությա՞ն հետ է կապված:
-Լայն հասարակության շրջանում տեղեկատվության պակաս, այո՛, կա:
-Լավ, իսկ կապված օրենքի հետ ի՞նչ թերացումներ կան:
-Սահմանդրության մեջ փորձում ենք անել խմբագրումներ: Այսօր ունենք շատ պատմաբաններ, ովքեր Արշակունիները համարում են Արտաշեսյանների շարունակությունը ու առաջարկ կար Արշակունիների զնիանշանի փոխարեն դնել Ուրարտուի զինանշանը, քանի որ մեր հարևանների կողմից շատ է շահարկվում սխալ փաստը, որ Ուրարտուն հայկական չէ: Կամ նույն օրենքի մեջ նշվում է ճյուղ, հասկ, շղթա, ուզում ենք հասկանալ, թե ինչի ճյուղ է: Թվում են մանրուքներ, բայց լուրջ գաղափարաբովանդակային թերություններ են:
-Վերջին տարիներին ինչ նոր քայլեր են ձեռնարկվել փոփոխությունների հետ կապված:
-Եթե խոսենք վերջին տարիներից, ապա մի փոքր նախապատմություն կուզեմ նշել: 2011 թվականից ստեղծված Հերալդիկ խորհուրդը, որը ստեղծվել է մեր հիմնադրամի շրջանակներում, գտել է 30-ից ավել սխալ մեր զինանշանի մեջ: Իսկ մենք հերալդիկայի լուրջ մասնագետներ չունենք, եթե համեմատենք միջազգային մասնագետների հետ: Ստեղծված հանձնաժողովը տալիս է չափորոշիչներ, որով հայտարարվում է մրցույթ: 2019 թվականից ունենք այս ամենը նախաձեռնած, բոլոր հարցերը ևս կարգավորված են, մնում է միայն մրցույթ հայտարարել: Հաշվի առնելով, որ այս ամենը եղել է 2019-20 թվականներին, հաշվի առնելով նաև երկրում տիրող իրավիճակը, հետպատերազմյան վիճակը, պետության առջև ծառացած խնդիրները՝ կարծում եմ, մի փոքր հանդարտանալու դեպքում մրցույթը կհայտարարվի:
-Ինչպիսի՞ն է լինելու մրցույթը:
-Փակագծերը բացելով ասեմ, որ մասնակիցներին տրվելու է 5-6 ամիս ժամանակ՝ աշխատանքներ իրականացնելու համար: Սա մեկ անձի աշխատաքն չէ, այն իրենից ենթադրում է մի քանի ոլորտի ներկայացուցիչ՝ պատմաբաններ, հոգեբաններ, նկարիչներ, դիզայներներ: Սա նաև խմբային աշխատանք է, կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ խմբեր: Նախնական կա որոշում, որ կընտրվեն 3 լավագույն տարբերակները՝ սա որպես մրցույթի առաջին փուլ: Երկրորդում արդեն աշխատանքը հանձնաժողովի անդամների, առաջադրված փոփոխությունների հետ է կապված: Նաև առաջարկել եմ ընտրված 3 տարբերակները դնել հանրային քննարկման, որպիսի ժողովուրդը ևս հայտնի իր դիրքորոշումը: Եվ որ ամենակարևորն է, պետք է նշեմ, որ գործող զինանշանի կառուցվածքային և բովականդակային մասով որևիցե փոփոխություն չի լինելու: Լինելու են միայն լրամշակումներ:
-Պարոն Սարգսյան, Հայաստանի սահմաններից դուրս զինանշանի սխալ կիրառություն կա, թե խնդիրը միայն երկրի ներսում է:
-Առանձնապես մեծ տարբերություն չկա երկրից դուրս, թե ներս: Օրիանկ՝ մարզիկների դեպքում, երբ պետական պատվիրակություններ են գնում արտերկիր, ունենք հստակ չափորոշիչներ: Այս դեպքում սխալների այսօր չենք հանդիպում: Շատ ժամանակ նմանատիպ խնդիրներ առաջանում են մասնավորի մոտ: Պայամանական օրինակ բերեմ՝ Վերնիսաժը: Այնտեղ էլ սխալ տարբերակներ կարող են լինել: Բայց հիմա ունենք yeraguyn.com, drosh.am օնլայն հարթակները, որտեղից, օգտագործելու դեպքում, ճիշտ տարեբրակները կարող են բոլորը ներբեռնել:
Անի Հակոբյան
3-րդ կուրս