ՄԻԵԴ-ը որոշել է Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև երկուշաբթի պատասխան ուղարկել Հայաստանին

ՄԻԵԴ-ը որոշել է Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև երկուշաբթի պատասխան ուղարկել Հայաստանին

207

Արդեն հինգերորդ օրն է Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Լաչինի միջանցքը: Մոտ 120 հազար մարդ մնացել է շրջափակման մեջ: Երեկ՝ դեկտեմբերի 15-ին հրապարակվեց Հայաստանի Հանրապետության և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների, Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին համատեղ զեկույցը:

Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի խոսքով զեկույցում ներկայացված էին փաստեր, որոնք ապացուցում են, որ «բնապահպանական» ակցիան իրականացնում է ադրբեջանական իշխանությունների ուղղակի ներգրավմամբ:

«Նույնականացում ունեինք իրականացրած ակցիայի կազմակերպիչների և ադրբեջանական  իրավապահ հատուկ ծառայությունների ծառայողների հետ»,- ասաց Գրիգորյանը:

ՀՀ ՄԻՊ-ը կարևորեց նաև վերոնշյալ զեկույցի օպերատիվությունը և նշեց, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին մեր հետևությունները ներկայացնելու համար անհրաժեշտ է լինել արժանահավատ և ներկայացնել փաստեր:

Խոսելով կատարված փաստահավաք աշխատանքների մասին՝ Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրեց, որ անմիջապես ձևավորվել է աշխատանքային փաստահավաք  երկու խումբ, որոնք տարբեր ուղղություններով իրականացրել են մոնիտորինգ:

«Մի ուղղությունը հիմնականում կենտրոնացել է բժշկական հաստատություններում արձանագրվող խնդիրները վերհանելու, մյուս ուղղությունը՝ գազամատակարարման դադարեցմամբ պայմանավորված առաջացող խնդիրները արձանագրելու և դրանց վերաբերյալ փաստեր հավաքագրելու»,- նշեց Ստեփանյանը:

Երեկ հայտնի դարձավ, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը դիմել է ՄԻԵԴ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Դատարանը որոշել է Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո Դատարանը կկայացնի վերջնական որոշում:

Եթե Ադրբեջանը չիրականացնի այն պահանջը, որը  Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ներկայացրել է Հաագայի դատարան,  ՀՀ-ն պատրաստվում է ներկայացնել նոր նախականխիչ միջոց: Միջազգային արձագանքին անդրադառնալով տեղեկացրեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար  Լիպարիտ Դրմեյանը:

«Նամակը երեկ չէ առաջին օրն է ուղարկվել դատարան, բառացիորեն րոպեների ընթացքում ծանուցում ենք ստացել դատարանից, որ փոխանցվել է Ադրբեջանին»,- նշեց բանախոսը:

Օֆելյա Արսենյան

4-րդ կուրս

Կիսվել