Աճպարարությունը հոբբից առավել է. Արամ Ղարիբյան

Աճպարարությունը հոբբից առավել է. Արամ Ղարիբյան

573

Խաղաքարտերով հրաշքներ իրականացնող, աճպարար, ծրագրավորող, մաթեմատիկ Արամ Ղարիբյանը վստահեցնում է, որ ծրագրավորման և աճպարարության մեջ կան սերտ կապեր, որոնք էլ օգնում են իրեն ավելի կատարյալ լինել: Արամ Ղարիբյանը աճպարարությամբ սկսել է զբաղվել դեռ 5 տարեկանից, բայց նշում է, որ փորձում էր ինչ-որ բան անել, բայց գաղափար չուներ, թե ինչպես: Աճպարարությունը հոբբի՞, թե՞ աշխատանք, Արամ Ղարիբյանը դժվարանում է հստակ պատասխան տալ:

«Աճպարարությունը հոբբից առավել է, բայց աշխատանքից մի քիչ պակաս, որովհետև փոքր տարիքից սիրել եմ, ու դժվար ինչ-որ մի օր չսիրեմ: Հիմնական աշխատանք չէ, քանի որ զբաղվում եմ ծրագրավորումով: Նաև հետաքրքիր է լինում, երբ մեկ-մեկ փորձում եմ ծրագրավորումը և աճպարարությունը միքսել: Այս նոր դարում ծրագրավորումը ամեն ոլորտ ներխուժում է և աճպարարության ոլորտ անհնար էր չներխուժել»:

Արամը խաղաքարտերին անվանում է իր 52 ընկերները և աճպարարության հիմնական մասը կատարում է դրանցով:

«Աճպարարությունը սիրում եմ խաղաքարտերով անել, բայց բեմից դա մի փոքր դժվար է, չնայած գտել եմ լուծումը, և անում եմ մեծ խաղաքարտերով: Աճպարարություն անում եմ նաև շարիկներով, պարաններով»:

Աճպարար Արամը ունի 800-ից ավելի խաղաքարտեր, սակայն դրանք երբեք չի բացում՝ նշելով, որ դա կոլեկցիոներին բնորոշ հատկանիշ է:

«Խաղաքարտերի կոլեկցիա սկսել եմ հավաքել 2013-2014 թվականներից: Սկսեցի հավաքել, երբ ընկերս ինձ խաղաքարտ նվիրեց: Դրանք գեղեցիկ սև խաղաքարտեր էին, ու դրանից հետո արդեն ես սկսեցի գնել, որովհետև ինձ դուր էր եկել, հետո արդեն սկսեցին նաև ինձ նվիրել: Կա սեփական խաղաքարտերը ստեղծելու գայթակղությունը,  ու գուցե  մի օր ստեղծեմ: Դրա համար միտք է պետք, որովհետև խաղաքարտեր ստեղծում են ինչ որ մտքի շուրջ, հետաքրքիր միտք է պետք, բայց դեռ չունեմ»:

Նա աճպարարության մասին տարբեր գրքեր է կարդում, մասնակցում տարբեր դասընթացների, բայց, տիրապետելով ընդհանուր տեխնիկային, նոր հնարքները սովորում է ինքնուրույն:

«Եղել են ժամանակներ, երբ  ժամանակ չեմ ունեցել, ու երբ ուզել եմ նոր հնարքներ սովորել, զգացել եմ, որ ինչ-որ բանից հետ եմ մնացել, նոր բաներ են ստեղծվել: Միշտ պետք է ընթացքին համահունչ գնալ, չնայած դժվար է լինում, հատկապես, երբ այն քո հիմնական մասնագիտությունը չէ»:

Ինպես բոլոր մասնագիտություններում, աճպարարությունում ևս հնարավոր է սխալվել, հատկապես հանրության առջև, բայց Արամը նշում է, որ այստեղ կարևորն այնպես անել` չնկատեն, որ ինչ-որ բան այնպես չի գնացել և կարողանալ «տակից ճիշտ և հանգիստ դուրս գալ»:

Արամը ունի նաև խաղաքարտերի օնլայն վաճառքի էջ, ինչպես նաև Տիկ Տոկյան հարթակում ունի 237.000–ից ավելի հետևորդ: Նա հետևորդներին ցույց է տալիս իր նոր խաղաքարտերը, նկարում հումորային վիդեոներ և ցուցադրում աճպարարական հնարքներ:

«Փոքր տարիքից էլ ցանկացել եմ իմ հնարքները տեղադրել տարբեր հարթակներում: Տեղադրում էի յութուբյան ալիքում, սակայն այն չուներ Տիկ Տոկի ալգորիթմը, որ կարողանար առաջ տանել: Այդ պատճառով 2019թ.-ի համաճարակի ժամանակ բացեցի տիկտոկյան էջ և սկսեցի ամեն օր տեղադրել մեկ աճպարարական հնարք, որը գրավեց մարդկանց: Նաև դուր է գալիս այն զգացողությունը, երբ մարդիկ ճանաչում են ինձ»:

Իրեն բնութագրելիս՝ Արամը նշում է, որ ոչ շատ հարմարվող է և ոչ էլ շատ պահանջկոտ, պահում է ոսկե միջինը: Հավելում է, որ միշտ մոտիվացված է, ինչը իրեն շատ է օգնում:

«Ես երբեք չեմ շարժվում ըստ բոլորի կարծիքի: Եթե ունեմ կարծիք, որը ճիշտ է, ուրեմն մինչև վերջ պնդում եմ: Իմ տեսակով շատ համառ եմ, եթե ինչ-որ բան շատ եմ ուզում, ամեն ինչ անում եմ դրան հասնելու համար, իսկ այդ հարցում ինձ օգնում է իմ մոտիվացիայի աղբյուրը: Երբեք մոտիվացիայի պակաս չեմ ունենում, և սա իսկապես ինձ շատ է օգնում»:

Այժմ Արամ Ղարիբյանը աշխատում է իր մասնագիտությամբ և դասավանդում է Երևանի պետական համալսարանում: Նա ցանկանում է ապագայում  բացել  Հայաստանում առաջին խանութ-թանգարանը, որտեղ կցուցադրի իր խաղաքարտերը: Ասում է՝ կան այնպիսի գեղեցիկ նկարներ, որ կարող ես տեսնել միայն խաղաքարտերի վրա:

Սյունե Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել