Արագածոտն մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում այսօր ապրում ու ստեղծագործում է մի պարզ ու համեստ մարդ Սամվել Թորոսյան անունով, ունի վեց զավակ, տասներեք թոռ․ իր խոսքով նրանք իր կյանքի ամենամեծ հպարտություններն են, իր այդքան սիրելի գերդաստանի շարունակողները։ Գյուղի մարդկանց համար նա անփոխարինելի խորհրդատու է, երեխաների համար մարդ լինելու և հայ լինելու օրինակ: Ծագումով Սասնո աշխարհից, ծնունդով Թալինի շրջանից Սամվելը՝ սասունցուն հատուկ բեղերով և խրոխտ, բայց և պարզ ու անկեղծ հայացքով գրավում է շրջապատի ուշադրությունը։
Այս անաղմուկ ու հանդարտ մարդը իր հիշողություններում հազար ու մի կյանքեր ունի պահած՝ պատմություններ, հերոսներ ու երգեր։ Նա մանկուց հայրենասիրական ոգով երգերի տակ է մեծացել , իր ձայնը բոլորը գիտեն. զարմանալի է, թե այս փոքր մարմնում այդքան հզոր, զրնգուն ու քաղցր ձայնը որտեղից։ Որպես տոհմիկ սասունցի՝ նա ողջ կյանքում երգել ու պատմել է այն, ինչ թանկ ու նվիրական է իր համար, նա ամենուր, ամեն առիթով հայրենակիցներին հիշեցնում էր իրենց ինքնությունը։ Աննկուն, քաջ ու անձնվեր այս մտավորականը Արցախյան ազատամարտի օրերին զենք վերցրեց, Բերձոր ազատագրեց։
Սամվել Թորոսյանը մասնագիտությամբ պատմաբան է, պատմությունն ուսումնասիրելն իրեն ավելի իրազեկ է դարձրել իր ժողովրդի ճակատագրին, լույս ու ստվերին և օգնել ընկալելու ազգային ստեղծագործության կարևորությունը։ Նկարվել է նաև «Գորանի թմբուկ» և «Գորանի» ֆիլմերում՝ որպես երգիչ։ Որպես հայ երգի նվիրյալ մարտիկ՝ Սամվել Թորոսյանն իր երազանքներին մարմին տվեց պատանիների հետ շփվելով, երեսուն և ավել տարի սերունդ կրթած ուսուցչին հիշում են բոլոր աշակերտները, նա հայրենասիրության սիմվոլ է ու, չնայած պատկառելի տարիքին, շարունակում է դասավանդել։
Աշակերտները պատմում են․ «Երբ դաս էր բացատրում, այնքան պատկերավոր ու էմոցիոնալ էր պատմում, որ մեզ թվում էր՝ ներկա ենք։ Դպրոցական տարիներից ինչ էլ մոռանանք, իր պատմությունները միշտ կհիշենք»։ Սամվելը հոգով կապված է կորցրած հայրենիքին, իր խոսքով՝ «Էն ամենաիսկական հայրենիքին»՝ Սասունին․ մի քանի անգամ գնացել, գտել է պապական գյուղը, օջախը։ Այդ մասին երբեք առանց ոգևորության չի խոսում, միանգամից ձայնը փոխվում է, աչքերը՝ լցվում հիացմունքով։
Ազգայինն այսքան արժևորող հայորդուն ոչինչ չէր կարողանա այնքան ցավեցնել, որքան հայենիքի կորուստը։ Մտերիմները պատմում են, որ 44-օրյա պատերազմից հետո մի տեսակ «խեղճացել» է, ասում է՝ իմ հաղթանակի դրոշակը խլել են ժողովուրդ ջան, էլ առաջվանը չեմ կարող լինել։
Գրական լեզվով խոսել չի սիրում, ասում է՝ իմը չէ, ինձ իմ ափսեում չեմ զգում։ Չնայած փայլուն գիտելիքներին ու ճկուն մտքին, ամեն տեղ, երբ «հավեսը տա» իր սասնո բարբառով է խոսում, պատմում և սիրել տալիս լեզուն։ «Չէ, ժողովուրտ ջան, ես զըմ լեզվով գըխոսամ, վըր հըսկըծավ՝ հըսկըծավ, վըր ու չէ՝ Աստվաձ ուր հեդ»։
Սրբուհի Սարգսյան
2-րդ կուրս