Ճանաչենք մեր հերոսներին․ Դավիթ Գիշյան

Ճանաչենք մեր հերոսներին․ Դավիթ Գիշյան

1040

2022թ. սեպտեմբերյան ագրեսիան հետ մղելու արդյունքում հերոսաբար զոհվել է Դավիթ Գիշյանը։ Հերոսը ծնվել է 2002թ. սեպտեմբերի 24-ին, Երևանում: Ընտանիքի միակ տղան է։ Զրուցել ենք քրոջ՝ Մարիայի հետ։

Մարիայի ու Դավիթի տարիքային տարբերությունը 5 տարի էր, բայց դա երբեք չի խանգարել նրանց մտերմությանը։ Մարիան մեծագույն ջերումությամբ և սիրով պատմում է եղբոր մանկությունից․  «Շատ ակտիվ ու շարժուն երեխա էր, իր մեկ տարեկան դառնալու օրը սկսեց քայլել, դրանից հետո դժվար էր իր հետևից հասնելը, ամբողջ օրն ուզում էր քայլել: Բակից շատ դժվար էր տուն գալիս: Մանկապարտեզում, դպրոցում էլ շատ աշխույժ էր, շատ խելացի, լավ առաջադիմություն ուներ: Ֆուտբոլի հանդեպ մեծ սեր ուներ, գրեթե ամեն օր խաղում էր: Բարսելոնան իր սիրած ակումբն էր, ամեն անգամ պահանջում էր, որ նոր համազգեստ գնենք, հագից չէր ուզում հանել, բակում մեծերը իրեն հենց էդպես էլ հիշում են` միշտ Բարսելոնայի մարզահագուստով: Քանի որ ուշ դիմեցինք ֆուտբոլի դպրոց` չվերցրին իրեն, պարզվեց՝ ավելի փոքր տարիքից են սկսում մարզվել, բայց ինքը միևնույնն է միշտ բակում խաղում էր: Առհասարակ սպորտի հանդեպ սերը մեծ էր, բավականին երկար ժամանակ հաճախեց նաև բոքսի,  հետո թողեց, երևի 12-13 տարեկանում»։

Դավիթը չափից դուրս բարի էր ու հավատարիմ, այդ ամենը դրսևորովում էր կենդանիների հանդեպ ունեցած նրա մեծ սիրով։ Մարիան հիշում է, թե ինչպես էր բակի կենդանիներին կերակրում ու անգամ տուն բերում՝ չնայած ընտանիքի անդամների դեմ լինելուն։ Ասում է՝ մինչև վերջ էլ հոգատար էր անպաշտպան կենդանիների հանդեպ, անգամ դիրքերում շներին պահում էր։ 

Բոլորի կողմից սիրված տղան միշտ ուշադրության կենտրոնում էր․ «Շատ աչքի ընկնող էր, և՛ արտաքինով, և՛ բնավորությամբ: Բոլոր տեղերում իրեն չափազանց սիրել են։ Ուսուցիչները միշտ  առանձնակի ուշադիր են եղել իր հանդեպ»։ 

Դպրոցում հերոսի սիրելի առարկան աշխարհագրությունն էր, պատմությունը, անգլերենը և գրականությունը։ Հակառակ նրան, որ մաթեմատիկայի հանդեպ առանձնակի սեր չուներ, հրաշալի տրամաբանություն ու մտածողություն ուներ։ Քրոջ խոսքով՝ իրենք շատ հաճախ էին տանը ինտերնետային խնդիրներ լուծում։ Ասում է՝ Դավիթը շատ արագ էր կողմնորոշվում։

«Իր մոտ ավելի շատ բնատուր խելացիությունն էր արտահայտված, Դավիթը երբեք  չէր նստի և անգիր աներ դասերը: «Գերազանցիկի» կերպարի մեջ չէր, այլ իսկապես խելացի էր, խելքով էր» :

Ինտելեկտի լավագույն դրսևորումներից մեկը Դավիթի բարձր հումորի զգացումն էր, ամենադժվար պահերին անգամ գտնում էր ելք ու ժպիտով հաղթահարում ամեն ինչ։ Դավիթն իր մեջ լույս էր կրում,  սակայն, ինչպես քույրն է նշում, ցավոք մահը ամեն լավ ու դրական բան փորձում է կլանել։

Դավիթը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի տուրիզմի  բաժին։ Մասնագիտության հետ կապված նպատակները հերոս հայորդուն հեռուն էին տանում։ Ավարտելուց հետո ցանականում էր հյուրանոց ունենալ․ «Համալսարանում չհասցրեց սովորել, միանգամից զորակոչվեց բանակ: Եթե չեմ սխալվում, արդեն բանակում էր, երբ իմացանք, որ ընդունվել է, ցուցակը այդ ժամանակ հրապարակեցին»։

Հերոս տղան ծառայության 6 ամիսը անցկացրել է Էջմիածնում՝ որպես ականազերծող։ 7-րդ ամսում տեղափոխվել է Կապան․ «Եղբայրս Կապանում գտնվելու ժամանակ գրեթե միշտ դիրքերում էր, ծառայությունից երբեք չի բողոքել, անգամ լարված իրավիճակների, կրակոցների ժամանակ ոչինչ չենք իմացել, մեզ միշտ ասում էր՝ հանգիստ եղեք»։

Դավիթ Գիշյանը իրեն բնորոշ խիզախությամբ ու արիությամբ է ծառայել։ Ընդամենը մի քանի ամիսների ընթացքում ճանաչվել է լավագույն զինվոր, ստացել պատվոգրեր։

Սեպտեմբերի 9-ին Դավիթը բարձրացավ դիրքեր, հերոսը դիրքերում եղած ժամանակահատվածը շատ էր սիրում, բաց ավաղ այս անգամ վերջինն էր․․․

«Սեպտեմբերի 13-ին 00:30-ի մոտակայքում կռիվը սկսվել է, մի քանի ժամ եղբորս դիրքը կռիվ է տվել: Առավոտյան, երբ հասկացել են, որ վիճակը արդեն անելանելի է, սկսել են նահանջել: Եղբայրս, նկատելով, որ ընկերներից մեկը չկա, զինվել է և ետ բարձրացել դիրք: Արդյունքում վիրավորվել է ազերիների կողմից, ապա գերեվարվել»։

Դավիթի հետ նույն դիրքում եղած տղաները ողջ են, բացի իրենից ու ընկերոջից՝ ում համար կյանքը չխնայեց հայորդին։

Սեպտեմբերի 13-ին տեսանյութ տարածվեց, որտեղ թշնամին իբրև թե օգնություն էր ցուցաբերում վիրավոր տղային, ընտանիքի անդամները հույս ունեին, որ եթե տարածվել է տեսանյութը, ուրեմն Դավիթը կվերադառնա հայրենիք, բայց ոսոխի անսրտությունը այս անգամ էլ չափ չէր ճանաչում։

«Դավիթիս վիրավորումը ծանր էր, շատ արյուն էր կորցրել: Ամսի 17-ին տրված 32 մարմինների մեջ նաև իր մարմինն էր, մենք ամսի 18-ին տեղեկացանք: Հայրս է ճանաչել: Եղբորս պարզապես թողել են, որ անաքամ լինի, օգնություն չեն տրամադրել»։

Քրոջ համար անսպասելի չէր Դավիթի քայլը, որովհետև նա գիտեր՝ հերոսը, մեծ հոգու տեր անձնավորություն է։

Երանի հնարավոր լիներ, ու նրան ասեի՝ կներես, որ իմանալով, թե ինչ վտանգավոր տեղ ես ծառայում, ոչինչ չարեցի քեզ փրկելու համար․․․

Կուզե՜ի, շատ կուզեի  ասել, որ աշխարհում ամենից շատ իրեն եմ սիրում, ու դա երբեք չի փոխվելու․․․

Նելլի Իգիթյան

4-րդ կուրս

Կիսվել