Ժուռնալիստիկայի ֆակուլտետում մեկնարկեց «Հակակոռուպցիոն մեդիադպրոցը»

Ժուռնալիստիկայի ֆակուլտետում մեկնարկեց «Հակակոռուպցիոն մեդիադպրոցը»

819

Այսօր Երևանի պետական համալսարանում կայացավ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխգործակցությամբ ստեղծված «Հակակոռուպցիոն մեդիադպրոց»  ծրագրի բացման արարողությունը։

Դասընթացը մեկնարկեց ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի ողջույնի խոսքով։ Դեկանը ընդգծեց նախաձեռնության կարևորությունը և դրանում լրագրողների անմիջական դերը: «Ժուռնալիստիկայի ֆակուլտետը միշտ շարժվում է ժամանակին համընթաց, և «Հակակոռուպցիոն մեդիադպրոցը» ասվածի հերթական վկայությունն է»,- ասաց Ն. Մարտիրոսյանը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, ԹԻՀԿ կրթական ծրագրի ղեկավար Մարիամ Հովեյանը և այլք։

Վերջինս առաջին հերթին շնորհակալություն հայտնեց ծրագրի կազմակերպման համար և նշեց, որ լրագրողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում չի սահմանափակվում միայն  իրազեկման, թափանցիկության և հաշվետվողականության մասով, այլ նաև հետաքննական լրագրության շնորհիվ ակտիվ մասնակցությամբ և արդյունավետ բացահայտումերով։ Ծրագրի ղեկավարը վստահություն հայտնեց, որ մասնակիցները, ստանալով համապատասխան գիտելիքներ, ակտիվ գործունեություն կծավալեն այս ոլորտում։

Ծրագրի կազմակերպիչներ Սաթենիկ Գրիգորյանը և  Սահականուշ Պետրոսյանը շնորհակալություն հայտնեցին ուսանողներին բարձր ակտիվություն ցուցաբերելու համար և նշեցին, որ մրցութային շեմը հաղթահարած 20 ուսանողների համար դասընթացը կլինի լավագույն մեկնարկը մասնագիտական ոլորտում: Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր և մրցանակներ:

Մեդիադպրոցը մեկնարկեց ԹԻՀԿ հակակոռուպցիոն կրթության ծրագրի մասնագետ Անահիտ Հովակիմյանի դասախոսությամբ: Նա խոսեց հասարակության վարքագծի փոփոխությունների մասին՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի երաշխիք։

Հավելենք. դասընթացը տևելու է 4 շաբաթ, որի շրջանակներում մասնակիցների հետ կհանդիպեն ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դոցենտ Արփինե Հովհաննիսյանը, Հակակոռոպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը և  ԵՊՀ զարգացման գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը։

Սրբուհի Սարգսյան

Կիսվել