Ինքնադիմանկարներ՝ ստեղծված ներփակված զգացմունքներից

Ինքնադիմանկարներ՝ ստեղծված ներփակված զգացմունքներից

685

Ամենահասարակ արևի շողից, քամուց, ողջ լինելուց ու սովորական մարդկանցից ոգևորվող Երանուհին ստեղծում է լուսանկարներ, որոնցից յուրաքանչյուրը ինչ-որ մեկի ներաշխարհի պատկերն է։

«Ես ծնվել եմ Հայաստանում, բայց երկար տարիներ ապրել եմ Ռուսաստանում։ Դպրոց հաճախել եմ Սևանում, երրորդ դասարանում ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Ռուսաստան, որտեղ էլ ավարտել եմ դպրոցը։ Համալսարան ընդունվեցի ծննդավայրում՝ լեզվաբանություն սովորելու նպատակով»։

Մանուկ հասակից Երանուհին սիրել է ստեղծագործել, հաճախել է նկարչության դասերի, սկսել է մատիտով աշխատել ու դիմանկարներ նկարել։ Դիմանկարների հանդեպ ունեցած սերը անցավ տեխնիկական ոլորտ՝ լուսանկարչություն։

«Լուսանկարում էի ընտանեկան տեսախցիկով, իսկ համալսարանական տարիներին բացահայտեցի, որ լուսանկարչության խմբակ ունենք, որտեղ բոլոր անդամները սովորում են լուսանկարել։ Խմբակի հետ գնացինք Հայաստանի մի քանի վայրեր (Գյումրի, Աղվերան) լուսանկարելու։ Մեծ հաճույք էր սովորել տեխնիկական նրբություններ մեր ղեկավարից, ով բավականին փորձառու էր այդ ոլորտում։ Եվ ահա այդ ամենը հիմք հանդիսացավ իմ լուսանկարչական կարիերայի»։

Լուսանկարչուհուն ոգևորում են նաև ֆիլմերի վիզուալ տեսարանները։ Գոդար, Բերգման, Կասսովից. նրանց ֆիլմերն են ոգեշնչման աղբյուրը։ Ֆիլմում դիտարկել լույսի ու ստվերի խաղը, կոնտրաստը ու կոմպոզիցիան. ահա այն ամենը, ինչ անում է նա:

«Աշխատավայրում ես ոչ պրոբլեմատիկ մարդ եմ։ Մի քանի դեպք եղել է, երբ հաճախորդների հետ իրար չենք հասկացել, բայց այդ ամենը կոնֆլիկտի չի վերածվել»։

Մեծ, ծուռումուռ քթով, ինչպես Լուի Գարելի կամ Սամվել Թադևոսյանի մոտ, բնական, առանց շպարի, առանց ֆիլլերների, խառնված հոնքերով ու բեղերով մարդկանց է սիրում նկարել։

Ինքնադիմանկարներ՝ ստեղծված ներփակված զգացմունքներից։ Հրաշքներ, որոնք ծնվում են նրա գլխում, այնուհետև ստանում ֆիզիկական տեսք, արտահայտվում լուսանկարչության շնորհիվ։

«Ես չեմ անի մի բան, որը իմ տարերքը չէ: Ես չեմ սիրում ծանր, ոճային հագուստ, կամ շպար իմ լուսանկարներում: Ես չեմ սիրում վառ գույներ, հատկապես եթե դրանք շատ են: Ներկա պահին ես սիրում եմ մինիմալիզմ, ստվերի և մթության խաղ իմ լուսանկարչույան մեջ: Բայց ենթադրում եմ, որ դա ժամանակի ընթացքում կփոխվի, քանի որ ես փոխվում եմ և աճում. դա բնական է: Համենայն դեպս, չեմ կարող ասել, որ ներկա պահին ինչ-որ տաբու ունեմ»։

Երանուհին պայուսակում միշտ պահում է անձնական օրագիր, որտեղ գրում է այն մտքերը, որոնք նրան անհանգստացնում են, կամ՝ հակառակը։

«Ֆոտոգենիկ լինել կամ չլինելը միայն կարծրատիպ է։ Լուսանկարի հաջող լինելը կախված է լույսից, դիրքից, ֆոնից, տեսախցիկի ոսպնյակից և առհասարակ լուսանկարչի ունակություններից։

Այն օրը, երբ ես պետք է նկարեմ հերթական մարդուն, շաբաթվա իմ ամենասիրելի  օրն է: Սովորաբար դրա նախորդ օրը ես արդեն անում եմ  լուսանկարչի բոլոր պատրաստությունները, որի մեջ մտնում է տեսախցիկի մարտկոցը լցնելը, հիշողության տեղ բացելը, համոզվելը, որ արդեն վարձել եմ ստուդիան, և մոդելի/հաճախորդի հետ ժամը հաստատելը: Այդ օրը ես ամեն ինչ անում եմ, որ ճիշտ ժաամանակին հասնեմ ստուդիա, ատում եմ ուշանալը, և երբ ուրիշներն են նկարահանումից ուշանում: Մինչև նկարահանումը ես լավ երաժշտություն եմ միացնում, որպեսզի լավ տրամադրություն ունենամ, և իմ մոդելն էլ հանգիստ և հարմարավետ զգա իրեն: Հետո ես օգնում եմ  ստուդիայի ասիստենտին կարգավորել այն գունային գամման, որը ես եմ ցանկանում:  Այնուհետև մենք սկսում ենք նկարահանել և շատ լավ ժամանակ ենք անցկացնում: Նկարահանումից հետո ես միշտ լիցքավորված, ոգեշնչված և ուրախ եմ գնում տուն: Նույնը կասեմ մոդելի մասին: Միշտ մի յուրահատուկ և աստվածային էներգետիկա կա իմ և այն մարդու միջև, ում լուսանկարում եմ: Ես, անկասկած, սիրում եմ այդ էներգիան, այն լցնում է ինձ և ուժ տալիս ապրելու և շարունակելու ստեղծագործել»։

Գրանցած հաջողությունների մասին խոսելիս Երանուհին նշում է իր աշխատանքներից մեկի մասին, որը գարնանը ցուցադրվելու է Փարիզի պատկերասրահներից մեկում, իսկ լուսանկարներից վեցը արդեն «PhotoVogue» կայքում են։ Այս ամենին հասնելու համար նա շատ մեծ հետևողականություն ու նվիրվածություն է ցուցաբերել, և սա դեռ սկիզբն է։

Մութ էներգիա, մերկություն, զգացմունք, ցավ, խորություն, էմոցիա, ազատություն. այս բոլորը տալիս են լուսանկարչուհու լուսանկարների ընդհանուր բնութագիրը։

«Էսկապիզմը անգլերենից թարգմանաբար նշանակում է հակված լինել շեղվել տհաճ զգացողություններից, հանգստանալ տհաճ իրականությունից՝ խորանալով և քեզ կորցնելով արվեստի ինչ-որ ձևի մեջ (երաժշտություն, լուսանկարչություն): Ինձ  համար առաջնային է իրականությունից փախչել ոչ ինքնակործանիչ ձևով: Լուսանկարչությունը իմ էսկապիզմն է: Երբ ես դեպրեսսիայի մեջ եմ, իմ մեջ ներքաշված,  ես լուսանկարում եմ: Դա կարծես բուժիչ լինի, դա օգնում է ինձ հանգստանալ, դա օգնում է ինձ լեզու գտնել իմ էմոցիաների հետ, արտահայտել դրանք և խաղաղվել: Այդ պատճառով ես անվանեցի իմ լուսանկարչությունը էսկապիզմ»։

Վիկտորյա Մկրտչյան

2-րդ կուրս 

Կիսվել