ԵՊՀ-ի հյուրը «Անմահների ակադեմիա» գրքի հեղինակ Համլետ Առաքելյանն է

ԵՊՀ-ի հյուրը «Անմահների ակադեմիա» գրքի հեղինակ Համլետ Առաքելյանն է

687

«Ամեն ինչ փոխվում է, երբ մեզ արժևորում են, գնահատում ու թևեր տալիս, երբ մեզ տեսնում են ու զգում, հավաքվում են մեր բոլոր կորած մասնիկները․ կասկածի մեջ մենք քանդվում ենք, արժևորման մեջ՝ կառուցվում նորովի»․ այս տողերը, որոնք շատերին են ծանոթ «Անմահների ակադեմիա» գրքի հեղինակ Համլետ Առաքելյանինն են, ում այսօր հյուրընկալեց Երևանի պետական համալսարանը՝ ՈՒԽ Գիտակրթական հանձնաժողովի նախաձեռնությամբ։

Ինչպես նշեցին նախաձեռնողները վերջին տարիներին մեծ ճանաչում գտած բլոգեր-հաղորդավարը երկար սպասված հյուր էր ԵՊՀ-ում, և ուսանողները հետաքրքրությամբ լսեցին երիտասարդ գրողի կարծիքը տարբեր հարցերի շուրջ, տվեցին իրենց հետաքրքրող հարցերը, ծանոթացան նրա կերպարին և կենսագրությանը։

Համլետը սովորել է Եվրոպական լեզուների հաղորդակցություն ֆակուլտետում և հանդիպմանը ներկա էին նաև նրա դասախոսներից շատերը։ Դահլիճ մտնելուն պես նա նշեց, որ գրքի ծնունդը տրվել է հենց համալսարանի շնորհիվ, և նրա գրքի շատ դրվագներ կառուցվել են այս պատերի ներսում տեղի ունեցածի հիման վրա։  Ուսանողական տարիների մասին խոսելով՝ Համլետը ասաց, որ դրանց շնորհիվ նա բացահայտեց իր համար գրականությունը, գրքերի աշխարհը, որոնց այսօրվա ես-ի համար ամենաշատն է շնորհակալ։

Հարցին, թե ինչպես որոշեց գիրք գրել, Համլետը պատասխանեց․ «Գրել սկսել եմ տասնչորս տարեկանից, և ցանկությունը միշտ է եղել, իսկ այս գիրքը ծնվել է ինքնաճանաչման ճանապարհին, իմ ես-ի փնտրտուքներով, երբ հասկացա, որ դրա համար պետք է գնալ հետ՝ դեպի սկիզբ, արմատներ, որտեղից էլ բազում հիմնահարցեր և պատասխաններ առաջ բերեցի ինձ համար»։

Հայկական բեսթսելեր դարձած գրքի հեղինակը խոսեց նաև հաղորդավարության և դրա հմտությունների մասին՝ շեշտելով, որ չնայած թյուր պատկերացումներին, իրական հաղորդավարությունը առանձին մասնագիտական կրթություն և մեծ աշխատանք է պահանջում, պատասխանատվություն և սեր այդ աշխատանքի նկատմամբ։

Հանդիպման ավարտին Համլետ Առաքելյանը խորհուրդ տվեց և հորդորեց ուսանողներին հնարավորինս շատ կրթվել, նրա խոսքով` այսօրվա մարդը միայն կրթության և ինքնազարգացման շնորհիվ կարող է հասնել ցանկալի արդյունքի։ «Ընտրեք մարդկանց, որոնք հավատում են ձեզ ու ձեր հաջողություններին, կարողություններին, բարուն, որ ձեր մեջ է, այլ ոչ թե վախի սերմեր դնում ձեր հոգում»,- մեջբերեց հեղինակը։

Սրբուհի Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել