17 տարեկան Արաքսն ու իր շնորհները

17 տարեկան Արաքսն ու իր շնորհները

661

Արաքսը պատմում է, որ մեծ ձեռքբերումներ է ունեցել և հիմա էլ շարունակում է նույն ոգով։ 3 տարի անընդմեջ հաղթող է ճանաչվել գրականության և հայոց եկեղեցու պատմության հանրապետական օլիմպիադաներում։ ՀԱՀԵՆ-ի (Համահայկական ազգային հայրենասիրական երիտասարդական նախաձեռնություն) կողմից ստացել է տարվա լավագույն երիտասարդ ստեղծագործ մրցանակը։

Ասում է, որ ինքը ցեղակրոն գաղափարաբանության հետևորդն է՝ նժդեհյան մտածողության կրող, և շարունակում․ «Երբ սկսեցի ուսումնասիրել մեր ազգային արմատները, հասկացա, որ պիտի պատվով կրեմ հայուհի լինելու կոչումս, և Նժդեհի բառերով հոգիս հենվեց երկու հիմնասյան՝ հայրենիքին և Աստծուն»։ Ասում է նաև, որ սիրում է ասմունքը և զբաղվում ժողովրդական երգով։ Որպես մասնագիտական ուղղություն՝ ընտրել է բժշկությունը։ Պնդում է, որ կյանքում առաջնորդվում է այն սկզբունքով, որ պետք է իր հայրենիքի արժանի զավակը լինի և ապրի այնպես, որ իրեն նաև ճանաչեն այդ հայրենիքի սահմաններից դուրս։ Գրքեր կարդալն իր թուլությունն է համարում և, ինչպես ինքն է ասում, արդեն դրել է իր մեծ գրադարանի հիմնաքարը։ Շատ երազանքներ ունի, բայց ասում է՝ դրանցից ամենանվիրականն ազատ Շուշի ու հզոր Հայաստան տեսնելն է։

Պարզվում է՝ Արաքսն այժմ զբաղվում է հայոց ազգային էպոսի ամբողջական չափածո մշակմամբ։ Չափածոյի է վերածել նաև Մովսես Խորենացու երկերը։ Արդեն ունի իր առաջին բանաստեղծական ժողովածուն՝ Հայրենեանը։ Գրել սկսել է 12 տարեկանից։ Ասում է՝ երբ իր համար շատ հարազատ մարդկանց է ճանապարհել այլ երկիր, գրել է «Պանդուխտի երգ» բանաստեղծությունը։

Պանդուխտի երգ

Պանդուխտի պես, օտար ափերում,

Քեզ եմ կարոտում ու յուր քեզ փնտրում:

Մոլորված եմ ես օտարության մեջ,

Բախտը մեզ իրարից առանձին պահեց:

Հիմա ապրում եմ օտար ափերում,

Այս օտար ջրից համ էլ չեմ առնում:

Ուզում եմ շուրթս հպել քո ջրին,

Ապրել քո գրկում, իմ սուրբ հայրենիք:

Ուզում եմ ապրել միայն քո հողում,

Ուր օտարություն երբեք չեմ զգում:

Ուզում եմ շնչել օդդ հայկական,

Քեզնով հիանալ ու հպարտանալ:

Պանդուխտի նման երկար պիտի ապրեմ,

Իմ ձեռքով օտար հող պիտ մշակեմ։

Բայց մի օր կգամ, կվերադառնամ,

Որ խաչքարներդ արցունքով լվամ:

Գալիս եմ, գնում, Կարոտս առնում:

Բայց հետո նորից Կարոտով լցվում:

Օտար ափերը Ինձ հեռու տարան,

Բայց մի օր հաստատ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ:

Հոգնել եմ ապրել օտար աշխարհում,

Սիրտս ձգում է, քեզ է փափագում:

Պետք է շենացնեմ հողս հայկական,

Հոգիս էլ քեզ տամ, քիչ է ՀԱՅԱՍՏԱՆ:

Արաքսը նաև աֆորիզմներ է գրում․

Պատիվը վեհի համար սիրո ու խղճի ձուլվածքն է:

Հաղթանակ գծող գրիչի տերը ազգն է, միջուկը՝ ազգային միասնությունը:

Երբ մեռնում է ամոթը, մեռնում է մարդը բանական:

Լիլիթ Ապրեսյան

2-րդ կուրս

Կիսվել