Մեկ անձից գնումները խոչընդոտում են ազատ տնտեսական մրցակցության կայացմանը

Մեկ անձից գնումները խոչընդոտում են ազատ տնտեսական մրցակցության կայացմանը

512

Ներքին գործերի նախարարությունը ոստիկանության ավտոմեքենաների ապահովագրությունն առանց մրցույթի պատվիրել է «Սիլ Ինշուրանսին»։ Պետական բյուջեից մեկ տարվա ընթացքում այս ընկերությանը կվճարվի մոտ կես միլիոն դոլար։

Նախարարությունը որպես պարզաբանում վկայակոչել է կառավարության 05.05.2017 թ. 526-Ն որոշման 23-րդ կետի 4-րդ ենթակետը և ՀՀ գնումների մասին օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որն առնչվում է մեկ անձից գնմանը։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նախարարության այս պարզաբանումն անլուրջ է համարում։  «Նախարարությունից պարզաբանում են միայն, թե դեկտեմբերին և հունվարին պայմանագրեր են կնքել հենց «Սիլ Ինշուրանսի» հետ՝ հաշվի առնելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի սահմանած պահանջներն ու նվազագույն սակագները», իսկ թե որոնք են այդ պահանջները, չի պարզաբանվում։ Կոռուպցիոն ռիսկը հենց սա է»- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Հոտկանյանը:

Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ մինչ պայմանագրերը կնքելը հարցումներ են արել շուկայի մյուս ընկերություններից, որոնց առաջարկած գներն ավելի բարձր են եղել, քան «Սիլ Ինշուրանսին»։ Նախարարությունը հրապարակել է  ՀՀ-ում գործող 6 ապահովագրական ընկերության կողմից առաջարկված ԿԱՍԿՈ ապահովագրատեսակի ապահովագրավճարների գործակիցները, սակայն արժեքների վերաբերյալ մանրամասներ չեն նշվել։

ՆԳՆ-ն հայտնել է նաև, որ ԱՊՊԱ տեսակի ապահովագրության համար «ՍԻԼ Ինշուրանս» ընկերությունը 2.5 մլն դրամով ավելի ցածր գին է առաջարկել, քան մյուս ընկերությունները:

Սակայն համաձայն Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից սահմանած RL 1-001 կանոնների 6-րդ գլխի 11-րդ հոդվածի` ապահովագրողները բոլոր ԱՊՊԱ պայմանագրերի գծով պետք է կիրառեն միևնույն հիմնական ապահովագրավճարի չափը, բացի դա, նույն գլխի 12-րդ հոդվածն էլ սահմանում է, որ ապահովագրողներն իրավունք չունեն ԱՊՊԱ պայմանագրի համար հաշվարկված վերջնական ապահովագրավճարների նկատմամբ կիրառել ուղղակի և անուղղակի զեղչեր՝ ներառյալ տրամադրելով ԱՊՊԱ պայմանագրի կնքմանն ուղեկցող անհատույց կամ զեղչված գնով ծառայություններ կամ նվերներ:

Այս հարցին անդրադարձ է կատարվել նաև կառավարության փետրվարի 16-ի նիստում, որտեղ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է ԱՊՊԱ պայմանագրերի ֆիքսված սակագնի մասին։ Նրա խոսքով՝ այս պայմաններում մրցութային կարգով ապահովագրող ընկերություն ընտրելու համար կան սահմանափակումներ։

Հարց է առաջանում. ինչպե՞ս է «ՍԻԼ Ինշուրանսը» ավելի ցածր գին առաջարկել, քան մյուս ապահովագրական ընկերությունները։

Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանի հարցին՝ ֆիքսված գնի պայմաններում ինչպե՞ս ենք ընտրում՝ որ ընկերության հետ պայմանագիր կնքել,  քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը տեղեկացրեց, որ ընկերությունները դասավորել են այբբենական կարգով և յուրաքանչյուր տարի պատրաստվում են ըստ այդ հերթականության կնքել պայմանագրերը։

Ըստ gnumner.am կայքի՝ նախորդ 4 տարիների ընթացքում կառավարությունը պայմանագրեր է կնքել 2019, 2020 թվականներին «Ինգո Արմենիա» ընկերության հետ, 2021-ին՝ «Ռեգո» («Ռեսո»)-ի հետ, իսկ 2022-ին կնքված պայմանագրերի մեծ մասը եղել են «ՍԻԼ Ինշուրանս» ընկերության հետ։ Այսինքն՝ կառավարությունն ընկերությունները այբբենական կարգով դասավորել որոշել է միայն այս տարի։ Այդ դեպքում ինչպե՞ս է 6 ապահովագրական ընկերությունների ցանկում («Սիլ Ինշուրանս», «Ռոսգոսստրախ Արմենիա», «Արմենիա Ինշուրանս», «Նաիրի Ինշուրանս», «Ինգո Արմենիա»,«Ռեգո (Ռեսո)») առաջինը հայտնվել «Սիլ Ինշուրանս»-ը։

Մեկ անձից գնումները խոչընդոտում են ազատ տնտեսական մրցակցության կայացմանը։ Այս եղանակով պետական գնումներ կարելի է կատարել, եթե առկա է ժամանակի խնդիր, բայց ակնհայտ է, որ ավտոմեքենաներ ունեցող ոստիկանությունում գիտեին, որ դրանք պետք է ապահովագրել շուկայում գործող վեց ընկերություններից մեկում։

Կառավարության իրար հակասող պարզաբանումները սպառիչ չեն և չեն հստակեցնում, թե որն է «Սիլ ինշուրանսի» առավելությունը. արդյո՞ք ընկերությունը, ցածր գնից բացի, տարբերվում է նաև որակով։ Նշենք, որ «Սիլ ինշուրանս» ընկերությունը պատկանում է իշխող ուժի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։

Սյուզաննա Օհանյան

2-րդ կուրս

«Հակակոռուպցիոն մեդիադպրոց»-ի երկրորդ մրցանակակիր

Կիսվել