Ճանաչենք մեր հերոսներին. Արգամ Սելիմյան

Ճանաչենք մեր հերոսներին. Արգամ Սելիմյան

363

Արգամը սովորել է Բազումի միջնակարգ դպրոցում: Շատ սիրված է եղել ուսուցիչների, ընկերների և շրջապատի կողմից: Մասնակցում էր դպրոցում կազմակերպված միջոցառումներին՝ հատկապես հայրենիքին նվիրված: Դպրոցական առարկաներից կարևորում էր ռազմագիտությունը, հաճախ էր մասնակցում Վանաձոր քաղաքում կազմակերպված ռազմահայրենասիրական մրցույթներին և նշանակետին դիպուկ կրակելու համար արժանանում մրցանակի ու պատվոգրի:

Նա նվիրված դասընկեր ու եղբայր էր: Համարձակ էր, ուներ իր կարծիքը և ցանկացած պահի կարող էր ասել այն, ինչ մտածում էր: Երբեմն ընկերոջ հետ վեճի մեջ էր մտնում՝ ասելով, որ յուրաքանչյուր տղա պետք է և պարտավոր է ծառայի: Ուսման հետ միաժամանակ հաճախում էր սպորտի՝ կարատեի: Սիրում էր զբաղվել նաև նկարչությամբ:

Արգամը հայրենասեր, ազնիվ, կենսախինդ, աշխատասեր, կյանքով լեցուն տղա էր, սիրում էր հումորներ ու կատակներ անել: Շատ էր սիրում մեքենա վարել, վերանորոգել ու ճանապարհորդել․ երևի սա էր պատճառը, որ դպրոցը դեռ չավարտած՝ երազանքներն իրականացնելու ճանապարհին ընդունվեց ավտոդպրոց, որտեղ աչքի էր ընկել իր բարձր առաջադիմությամբ: Թե՛ ավտոդպրոցը, թե՛ դպրոցը ավարտեց 2020 թվականի մայիսին և նույն թվականի հուլիսի 16-ին զորակոչվեց պարտադիր ժամկետային զինծառայության:

«Այդ օրվան Արգամը սպասում էր մեծ ոգևորությամբ և հայրենիքի պաշտպանությունը համարում էր իր մեծագույն պարտքը»,- ասում է հերոսի քույրը՝ Մերին։

2020 թվականի հուլիսի 16-ին զորակոչվեց բանակ: Ծառայության անցավ Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում, սակայն հանգամանքների բերումով նորակոչ զինծառայողներին տեղափոխեցին ԴՈՒՑ–ի զորամաս: Զինվորական երդում տալուց հետո տեղափոխեցին արդեն հիմնական՝ Մեհրաբի զորամաս:

Սեպտեմբերի 27-ին թշնամին լայնածավալ հարձակում սկսեց: Արցախին անհրաժեշտ էր օգնող ուժ, այդ պատճառով Հայաստանի տարբեր զորամասերում ծառայող զիվորներին տեղափոխեցին Արցախ, ինչին անմասն չմնաց նաև Մեհրաբի զորամասը: Արգամի մեքենան անսարք էր, և նրան չպետք է տանեին կռվի դաշտ, սակայն համառորեն պնդել է, նստել ուրիշի մեքենան և ինքնակամ անհրաժեշտ զենքը մութ գիշերով, անանցանելի անտառներով հասցրել տեղ՝ միանալով իր ընկերներին: Թեժ մարտերի ժամանակ, հաշվի չառնելով, որ ինքը միայն վարորդ է, մասնակցել է մարտական գործողություններին՝ Հադրութում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում, Կուբաթլուում և Կարմիր Շուկայում: Չորս անգամ հայտնվել են շրջափակման մեջ, բայց մարտական հմտությունների ճիշտ կիրառման շնորհիվ կարողացել են փրկվել՝ թշնամուն պատճառելով զգալի մարդկային կորուստներ։ Նրանք առաջատար ու մարտունակ ջոկատներից են համարվել, ինչի համար արժանացել են Արցախի փոխգնդապետի համակրանքին: Խիզախությամբ աչքի ընկած նրանց ջոկատը մշտապես եղել է թշնամու թիրախում:

«Փոքր ջոկատով պահել են 40 կիլոմետր տարածք: Կռվի դաշտում մնացել են 35 օր: Վերջին կանգառը եղել է Կարմիր Շուկան, որտեղ մի քանի օր տևած համառ մարտերից հետո, հայտնվելով կրկին թշնամու թիրախում, անօդաչու թռչող սարքի՝ «Բայրաքթարի» հարվածներից չկարողանալով պաշտպանվել, վիրավորվեցին մի քանի զինծառայողներ, իսկ նրանցից երկուսը՝ Արգամն ու Հայկազ Մկրտչյանը, հոկտեմբերի 29-ին անմահացան հանուն հարենիքի»,-պատմում է Մերին։

Արգամին հետմահու շնորհվել է հերոսի կոչում։ Նա անմահացավ հանուն հայրենիքի, հանուն խաղաղ երկնքի, իսկ մեր պարտքը նրան հիշելն է։ Արգամի հիշատակը վառ են պահում նաև իր հարազատ դպրոցում, որտեղ կա իրեն նվիրված փոքրիկ անկյուն:

Նարե Թորանյան

4-րդ կուրս

Կիսվել