Նոր կյանք հին հագուստին

Նոր կյանք հին հագուստին

332

Մարիամը մասնագիտությամբ հագուստի մոդելավորող է, ով պատրաստում է նոր զգեստներ ՝ օգտագործելով հինը։

23-ամյա Մարիամի համար դեռ վաղ հասակից վառ օրինակ են եղել  տատիկը, ով զգեստներ է կարել շատ երկար ժամանակ և մորաքույրը, ով բլուզներ էր գործում հենց իր համար։

«Փոքր ժամանակ մեծ հետաքրքրություն չեմ ունեցել նման բաների հանդեպ, բայց ունեցել եմ ենթագիտակցական հետաքրքրություն էդ գործընթացի նկատմամբ։ Արդյոք մարդիկ նույն շորերով են մեծանում, թե՞ փոխվում են իրենց շորերն ու չափսերը։ Նման հարցեր էի ինձ տալիս, երբ ընդամենը 4-5 տարկան էի. էդ տարիքում նորմալ է նման բաների մասին մտածելը, երևի», – ժպիտով պատմեց Մարիամը։

Մարիայի խոսքով՝ նրա մանկությունը տարբերվող չի եղել, ոչ մի արտառոց բաներ տեղի չեն ունեցել իր կյանքում։

«3 տարի սովորել եմ Երևանի պետական համալսարանում, բայց թարգմանչությունը իմը չէր, ու առանց ժամանակ կորցնելու կիսատ թողեցի ուսումս. արդեն հավեսս առել էի։ Էդ ժամանակ էնքան էլ լավ շրջան չէր, ես դեմոտիվացված էի, ու բոլոր հետաքրքրություններս կորել էին»:

Եկավ ժամանակ, երբ Մարիամը սկսեց նկարել, դասերի չէր գնում, ուղղակի սիրողական գծագրում էր, մինչև սկսեց հագուստի հետ կապված ինչ-որ բաներ նկարել։

«Մեր տանը շատ հին շորեր կային, մաման միշտ տանում, պահում էր, իսկ ես գնում էի ու գտնում։ Ու հենց էդ ժամանակվանից էլ մտածեցի, որ արժե էդ հին շորերից նոր, ավելի հետաքրքիր նմուշներ ստանալ»։

Մարիամի մայրը շատ մեծ հրճվանքով է խոսում դստեր մասին։ Նշում է, որ իր համար մեծ ուրախություն էր, որ իր դուստրը պետք է իր ընտրած ճանապարհով գնա։

«Հաստատակամ, կարգ ու կանոնով, խելացի երեխա էր Մարիամը։ Մանկուց զգացվում էր, որ արվեստի հետ է կապ ունենալու։ Անգամ նկարչության ուսուցչուհին էր զարմանում, թե ինչ նորաոճ պլատֆորմներ էր նկարում ինքը։ Ես թողել եմ, որ Մարիամը ինքը կայացնի իր որոշումները, ու եթե չէր ուզում ավարտել համալսարանի էդ բաժինը, ուրեմն չպիտի ավարտեր», – պատմեց Մարիամի մայրը։

Մարդիկ շատ տարբեր արձագանքներ են տալիս, երբ իմանում են Մարիամի գործունեության մասին։

«Արձագանքները տարբեր են։ Ոմանք մտածում են, որ տարօրինակ է 20-30 տարի առաջվա տաբատը ձևափոխելն ու կրելը։ Մարդիկ կան, որ իրենց աջակցությունն են ցուցաբերում՝ ասելով, որ լիովին համաձայն են էն գաղափարի հետ, որին ես «ծառայում եմ», որ պետք ա վերանորոգել ու վերածնել հին հագուստը։ Մարդիկ էլ կան, որ չեն զլանում ու անընդհատ հիշատակում են էն փաստը, որ իրենց պապիկը, պապան կամ քեռին նույնպես ունեցել էն նույն տաբատից, որը կրում եմ։ Իմ շրջապատում կան մարդիկ, ովքեր կիսում են իմ հայացքները ու իրոք հավանում աշխատանքներս»,- ժպիտով հավելեց Մարիամը։

Վիկտորիա Մկրտչյան

2-րդ կուրս

Կիսվել