Համալսարանական կրթություն և Ակադեմիական քաղաք. բարեփոխումների մասին մեկնաբանում են տարբեր ոլորտի մասնագետները

Համալսարանական կրթություն և Ակադեմիական քաղաք. բարեփոխումների մասին մեկնաբանում են տարբեր ոլորտի մասնագետները

355

Ակադեմիական քաղաքը, որտեղ կենտրոնացված կլինեն Հայաստանում գործող համալսարանները, տարաբնույթ քննարկումների կիզակետում է։ Արդյոք  21-րդ դարում դեռ պահպանվել է համալսարանի ու համալսարանական կրթության դերը մեր հասարակության մեջ։ Թեմայի մասին իրենց պատկերացումներն են արտահայտել բոլորովին տարբեր մասնագիտությունների ու աշխատանքի տեր մարդիկ։

Մանկավարժ- Ես Ավագյան Հայարփին եմ Տավուշի մարզի Դովեղ գյուղից։ Մանկավարժ եմ, ավարտել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Բանասիրության ֆակուլտետը, ունեմ մանկավարժի որակավորում։ Ես մեծ տարիքում եմ ուսանել համալսարանում՝ երբ երեսուն տարեկանից մեծ էի։ Դա իմ նպատակն էր, նկատի ունեմ ուսուցիչ դառնալը։ Կարծում եմ համալսարանական կրթության դերը շատ մեծ է, անգամ՝ անփոխարինելի։

Գիտեք, ես սովորել եմ Իջևանի մասնաճյուղում և կարծում եմ՝ համալսարանների աշխարհագրությունը ընդհանրապես կապ չունի։ Եթե իսկապես նպատակդ սովորելն է, այլ ոչ թե քաղաք տեղափոխվելը, ապա, կարծում եմ, նոր որոշումը կարող է նույնիսկ դրական ազդել կրթության որակի վրա։ Հնարավոր է՝ կրճատվեն ուսանողների քանակը, բայց՝  ի օգուտ որակի:

Զոդող- Ես երբ երիտասարդ էի, ուզում էի համալսարանում սովորել, բայց այն ժամանակ ծնողներս չունեին այդքան գումար իմ ուսման համար, ստիպված զոդել սովորեցի։ Հիմա մեր շրջանում, երբ զոդելու կարիք է լինում, ինձ բոլորը ճանաչում են։ Լավ եմ վաստակում, չեմ բողոքում։ Ես որդուս էի ուղարկել սովորելու, երկու տարի սովորեց Ինֆորմատիկայի ու կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, բայց դուրս եկավ համալսարանից։ Անհատական ծրագրավորում սովորեց անցած տարի։ Վեց ամսում սովորեց։ Ես դեմ էի, որ դուրս գար համալսարանից, մշտապես վիճում էինք այդ հարցի շուրջ, ինձ փորձում էր համոզել, որ այդպես ժամանակ ու գումար կխնայի, արդյունքում լավ մասնագետ կդառնա։ Սկզբում չէի հավատում։Բայց հիմա գոհ եմ։ Շատ լավ է վաստակում։ Երիտասարդներն ավելի ճկուն են ու հեշտ են կողմնորոշվում։ Եվ եթե անկեղծ, արդեն ես էլ եմ այն կարծիքին, որ համալսարանում կրթության որակը տարեցտարի վատանում է, կամ գոնե չի համապատասխանում արագ փոփոխվող ժամանակի պահանջներին։ Տեղյակ եմ, որ համալսարանները մեկ տեղ հավաքելու ծրագիր կա։ Չեմ մտածել դրա մասին, բայց կարծում եմ՝ մեծ տարբերություն չի լինի այդ փոփոխությունից։

ԱԻՆ աշխատակից- Ճիշտն ասած, ես չեմ սովորել համալսարանում, բայց համալսարանում սովորելն ինձ համար առաջնահերթություն է միշտ եղել․ որդիներս ասում են՝ դա հին մտածելակերպ է, բայց ես մտածում եմ, որ խելացի մարդը պետք է համալսարան ավարտած լինի։ Երեք որդիներս էլ այս պահին սովորում են, թեպետ ես նրանց չեմ համոզել։ Եթե անկեղծ լինեմ: Ես նրանց սովորելուց ոչ մի բան չեմ հասկանում, այո, նրանք դեռ դպրոցական տարիքում բարձր առաջադիմություն են ունեցել, բայց հիմա ժամանակի մեծ մասը տրամադրում են ոչ թե համալսարանին, այլ աշխատանքին, ու բացի դա այլ կուրսերի են մասնակցում։ Անկեղծ հարց է առաջանում, եթե այդպես է՝ այսինքն կարող ես ավելի արագ մասնագիտություն ձեռք բերել ու ավելի լավ վարձատրվել հետագայում, քան համալսարանի սովորածով, ապա ինչի՞ն է պետք այսպիսի կրթությունը։ Գուցե միայն դիպլումի, չնայած ասեմ, դիպլոմն էլ արդեն կորցրել էր ուժը, կարծում եմ՝ միայն ուժ ունի պետական հիմնարկներում։ Ես ԱԻՆ  համակարգում աշխատում եմ արդեն 16 տարի՝ դեռ այն ժամանակ, երբ նախարարությունը չէր ձևավորվել։ Ես հիմա այսքան տարի հետո շարքային փրկարար եմ, բայց հնարավորություններ եղել են պաշտոնական առաջխաղացման, սակայն խանգարել է համալսարանական դիպլոմ չունենալը։ Իսկ որակի մասին խոսելը մի փոքր այլ հարց է։ Ինչ վերաբերում է ստեղծվելիք կրթական ավանին՝ կարծում եմ, որ առաջին հերթին ուշադրություն կդարձնեն որակին։

Բժիշկ– Ես Գևորգ Մանուկյանն եմ, մասնագիտական շրջանակներում ինձ արդեն Գեորգի Արտուրովիչ են դիմում։ Ես հիմա սովորում եմ Մոսկվայում, ընդհանուր բժշկության օրդինատոր եմ։ Նախորդ 6 տարիները սովերել եմ ԵՊԲ-ում։ Ես առանց համալսարանական կրթության իմ կյանքը չեմ պատկերացրել․ գուցե դա նրանից է, որ ես եղել եմ բժշկական համալսարանի ուսանող։ Օրինակ՝ շատ ընկերներ, ովքեր այլ համալսարանի ուսանողներ են, այդքան էլ գոհ չեն իրենց համալսարանական կրթությունից։ Ես էլ այդ կարծիքին եմ, բայց մասնագիտություններ կան, որոնց տիրապետել կարող ես միայն համալսարանական գիտելիքներով, օրինակ՝ բժշկություն, իրավաբանություն ու բնագիտական առարկաներ, բայց շատ այլ մասնագիտությունների համար, կարծում եմ, համալսարան ավարտել, մեղմ ասած, պետք չէ․ այդ թվում ձեր մասնագիտության համար, նկատի ունեմ լրագրությունը։ Նման մասնագիտությունները կարող ես սովորել արագացված կուրսերով։ Ինչու այդքան ժամանակ ու գումար ծախսել, արդյունքում չստանալ որակյալ գիտելիք։ Սա իմ կարծիքն է, իսկ ինչ վերաբերում է կրթական ավան ստեղծելուն, ապա ասեմ՝ եթե դա իրոք միտված լինի որակի բարձրացմանը, ապա միանշանակ կողմ եմ։ Ուղղակի կարծում եմ՝ կպակասի թվաքանակը, որովհետև շատ մարդիկ ուղղակի կզրկվեն իրենց պճնամոլությունը ցուցադրելու հնարավորությունից։ Չնայած՝ ավելի լավ է որակ, քան քանակ։

Լեզվաբան– Հարցի շուրջ այլ կարծիք ունի Գայանեն, ով սովորում է Բրյուսովի անվան համալսարանում։ Նա կարծում է, որ համալսարանական կրթությունը առաջնային է մարդու կարիերայի ստեղծման գործում։

Ես Գայանե Անանյանն եմ, սովորում եմ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։ Երկու տարի առաջ տեղափոխվել եմ Երևան։ Կարծում եմ, որ համալսարանական կրթությունը շատ կարևոր դեր ունի բոլորիս կյանքում, և միայն համալսարանները կարող են մասնագիտության համար հիմնարար գիտելիքներ տալ։ Ես այքնան էլ հակված չեմ այն մտքին, որ մասնավոր դասընթացները կարող են ավելի արդյունավետ լինել, քան օրինակ բակալավրիատի ուսումնառությունը։ Ինչ վերաբերում է բուհական քաղաքի ստեղծմանը, ես գտնում եմ՝ սխալ որոշում է: Այո, ես ինքս հասկանում եմ, որ կրթության ոլորտում համակարգային բարեփոխումների անհրաժեշտություն կա, բայց կարծում եմ՝ սա չէ լավագույն լուծումը։ Եվ հետո, համալսարան ընդուվելու որոշման մեջ իր տեղն ունի նաև մայրաքաղաքի գրավչությունը։ Օրինակ՝ ես ուրախ էի, որ պետք է հենց Երևանում ուսանեմ: Այո՛, դուք կարող եք բերել այն հակափաստարկը, որ եթե նպատակն է սովորել, ապա համալսարանի տեղակայությունը պետք է կապ չունենա, բայց ես համակարծիք չեմ:

Էդգար Գորգինյան

4-րդ կուրս

Կիսվել