«Ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքների գեղեցկությանը». բլոգեր Անահիտ...

«Ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքների գեղեցկությանը». բլոգեր Անահիտ Դադոյան

483

Աշխատանքային ոլորտի հանդեպ մեծ սեր ունեցող բլոգեր Անահիտը պատմում է ամենակարևորների՝ իր գեղեցիկ կյանքի, սիրելի ընտանիքի ու համեղ խոհանոց ունենալու մասին։

«Ես Անահիտ Դադոյանն եմ, երիտասարդ մայրիկ, ֆուդբլոգեր, շուտով կդառնամ 24 տարեկան, ու չնայած նրան, որ հիմա իմ առօրյան պտտվում է  խոհանոցի ու ուտեստների շուրջ, մասնագիտությունս լրիվ այլ է։ 2017 թվականին ավարտել եմ Երևանի հայ-հունական պետական քոլեջի զբոսաշրջության բաժինը, ինչից հետո 2021 թվականին ավարտել եմ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միջազգային զբոսաշրջության բաժինը, ըստ դիպլոմի՝ բանասեր, լեզվաբան եմ։

Մասնագիտությունս՝ ըստ մի քանի տարի առաջվա Անահիտի, իմ սրտով էր, բայց ավարտելուց հետո հասկացա, որ դեռ չեմ ուզում աշխատել զբոսաշրջային ոլորտում։ Սոցիալական մեդիան միշտ շատ կարևոր տեղ է ունեցել իմ կյանքում, բայց երբեք չէի մտածի, որ այն կդառնա իմ անբաժան մասը ու նույնիսկ իմ աշխատանքը, եկամտի աղբյուրը։ Ապագայի համար ոչինչ չեմ կարող ասել, միգուցե մի օր կաշխատեմ նաև իմ մասնագիտությամբ, բայց ներկա պահին չեմ պլանավորում։

Ստացվել է այնպես, որ ընտանիք եմ կազմել վաղ տարիքում՝ 18-ում, ու չնայած այս հարցի շուրջ մարդկանց տեսակետները տարբեր են, իմ որոշման հիմքում ընկած է եղել այն միտքը, որ եթե կողքիդ կա մեկը, ով ամեն հարցում աջակցում է ու սեր տալիս՝ ինչու՞ ամեն օրը չանցկացնել միասին ու ամեն կետի չհասնել միասին։

Ընտանիքս, վստահաբար, շատ կարևոր տեղ ունի թե՛ իմ առօրյայում, թե՛ կյանքում, բայց ուզում եմ նշել, որ երբեմն զբաղվածության արդյունքում տուժում է այն ժամանակը, որը պետք է անցկացնեմ ամուսնուս ու երեխաներիս հետ, ինչի համար ինձ չեմ մեղադրում։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրս պետք է հիշենք, որ Մայր ու կին լինելուց բացի, մենք նաև անհատ ենք, ու եթե ինչ-որ մի տեղ շրջելը, երեկոյան ամուսնու հետ ֆիլմ դիտելը, աշխատանքի համար տանից բացակայելը, սրճարանում գիրք ընթերցելը նպաստելու են սեփական ես-ի բավարարմանն ու տրամադրության բարձրացմանը՝ դա պետք է անել, բնականաբար՝ ոչ օրվա մեջ 24 ժամ բացակայելով։ Հերթով փորձում եմ հասնել նպատակներիս՝ ընտանիքիս աջակցությամբ։

Դե, քանի որ ցանկանում էի ունենալ իմ սեփական էջը, համալսարանն ավարտելուց մի քանի օր հետո բացեցի ինստագրամյան նոր էջ ու որոշեցի, որ էջս պետք է դառնա բլոգ, բայց թե ի՞նչ բլոգ ու ինչի՞ համար՝ չգիտեի։ Բնականաբար, կյանքում ցանկացած աննպատակ բան չի ունենում շարունակություն, ու քանի որ հետո ծնվեց աղջիկս, ես ամեն օր առնչվում էի ինչ-որ արագ, բայց համեղ բաղադրատոմս գտնելու խնդրին։ Չգիտեմ՝ ինչու, բայց որոշեցի նկարել գործընթացն ու տեղադրել Տիկ տոկ-յան էջում։ Եղավ բուռն արձագանք, թվերը տեսնելուց հետո ոգևորությունս էլ ավելի մեծացավ։ Ու հիմա, երբ նայում եմ հին հոլովակներիս՝ ահավոր են, թե՛ ներկայացնելը, թե՛ երկար հոլովակը, մի խոսքով՝ ոչ մի բանը չեմ հավանում, բայց չեմ էլ ջնջում, որ միշտ հպարտանամ իմ առաջընթացով։ Սկիզբը դա էր, հետո արդեն որոշեցի, որ պետք է լինի ֆուդբլոգ ու սկսեցի զբաղվել թե՛ Տիկ տոկով, թե՛ Ինստագրամով։ Ճիշտ է, ոչ միշտ էր ստացվում պահել ամենօրյա ակտիվությունը, մանավանդ, որ նորածին բալիկի հետ էի, բայց ունեի նպատակ, որին պետք է հասնեի։

Ինստագրամյան էջս բացել եմ 0-ից, իսկ լսարանս հավաքել եմ լրիվ օրգանիկ՝ դիտումների հաշվին։ Դեռ մի քանի ամիս էր, ինչ էջս գործում էր, ու հոլովակներս սկսեցին գնալ ակտիվ բաժին։ Մեկը մյուսի ետևից ունենում էի բարձր դիտումներ, ու դրա շնորհիվ էլ ավելանում էին հետևորդներս։ Հպարտորեն եմ միշտ ասում այն փաստը, որ լսարանս մեծացել է օրգանիկ, առանց հայտնի բլոգեր ընկերների ու ինֆլյուենսեր գովազդների։ 

Առաջ Տիկ տոկն էր այն հարթակը, որ ցանկացած անհատի տալիս էր հնարավորություն լինել լսելի ու ունենալ բարձր դիտումներ։ Ժամանակի ընթացքում ինստագրամյան էջիս թափն էլ ավելի մեծացավ, ու հիմա այդ հարթակում լսարանս ավելի մեծ է, քան Տիկ տոկում։ Այժմ ես ինստագրամյան էջումս ունեմ ավելի քան 82 000 հետևորդ։ Ես ու խոհանոցը միշտ սիրել ենք իրար, համեղ ուտելն ինձ համար շնչելու պես է, միշտ սիրել եմ պատրաստելն ու նոր բաղադրատոմսեր հորինելը։ Այն ժամանակ ունեի իմ անձնական էջը, որտեղ սթորիներում էի կիսվում, բայց  ոչ պատրաստման ընթացքով, այլ արդյունքով։ Սկսեցի ամեն օր նկարել բաղադրատոմսեր, սկզբում նոթատետր էի վերցրել, գրի էի առնում, թե ինչեր պետք է պատրաստեմ, հետո սկսեցի զգալ լսարանիս պահանջները։ Ընթացքում արդեն առավոտյան որոշում էի, իսկ ցերեկը՝ պատրաստում»։

Անահիտը պատմում է նաև աշխատանքային գործունեության ընթացքում առաջ եկած վախերի ու դրանց հաղթահարման մասին։

«Մենք ապրում  ենք մի հասարակությունում, որտեղ երեսիդ ասում են՝ դու գեր ես, դու տգեղ ես, դու էսպես… դու էնպես…

Այս խնդիրն առավել խորն է սոցիալական ցանցերում՝ մանավանդ Տիկ տոկում, եթե ռեալ կյանքում կզսպեն իրենց՝ պատասխանից վախենալով, ապա օնլայն հարթակում բացում են կեղծ էջ/էջեր ու հանգիստ քննադատում։ Բնականաբար, սկզբում կային վախեր ու կային կոմպլեքսներ, որոնց վրա շատ եմ աշխատել։ Իրականում շատ չէի կենտրոնացել, որ վատ մեկնաբանություններ կգրեն, ու դեռ չի եղել դեպք, որ ինչ-որ մեկնաբանություն շատ ծանր տանեմ ու նեղսրտեմ։ Վատ մեկնաբանությունների հետ կապված փորձում եմ տալ մաքսիմալ ադեկվատ, հումորով ու բարի պատասխան։ Ես շատ լավ գիտակցում եմ, որ դիմացինի մեջ մարդը տեսնում, նկատում է այն, ինչը որ նա ինքն է կրում իր մեջ, և աջ ու ձախ նեգատիվ տվող մարդիկ, կարծում եմ, ուղղակի երջանիկ չեն, դրանից ելնելով էլ չարանում են ինչ-որ մեկի հոլովակի վրա, ու այդ չարությանը նույն կերպ պատասխանել պետք չի։ Բացի այդ էլ, միշտ հիշում եմ, որ աշխատում եմ մեծ մասշտաբով լսարանի հետ, բնական է, որ ոչ բոլորն են ինձ սիրելու, պատրաստածս հավանելու ու գովաբանելու։ 

Իսկ ինչ վերաբերվում է իմ կոմպլեքսներին՝ հիմա ես նկարվում եմ առանց ֆիլտրերի: Ունենալով թերություններ դեմքիս վրա, բայց ինքս ինձ վրա շա՜տ աշխատելով՝ հասկացել եմ, որ իրական Անահիտը հենց ես եմ, այս Անահիտն ավելի գեղեցիկ է, քան հեռախոսի միջի ֆիլտրովը։

Այս ամենի հետ մեկտեղ, ես համոզված եմ, որ բոլոր մայրիկները կհասկանան ինձ, երբ ասեմ, որ ազատ ժամանակ չեմ ունենում, բայց երբեմն փորձում եմ քնիս հաշվին կամ ինչ-որ գործի հաշվին անել այն, ինչը որ ես եմ սիրում։ Ժամանակին հոբբիներ շատ եմ ունեցել, հաճախել եմ պարի, նկարչության, երգի, մի խոսքով պատանեկության տարիներին ինձ փնտրել եմ ամեն տեղ։ Դեռահասության տարիներից սկսած ամեն օրվա մեջ ժամանակ սկսեցի տրամադրել ֆիլմեր դիտելուն։ Իսկ  քոլեջիս տարիներին իմ ամենասիրելի հոբբին դարձավ գիրք կարդալը: Վերջին տարիներին լիովին սիրահարվել եմ դետեկտիվ գրականությանը, ու ինչու չէ, սիրահարվել եմ «Պուարո»-ի կերպարին, բայց ընդհանուր առմամբ սիրում եմ կարդալ ցանկացած գիրք ու գրականություն, բացառությամբ՝ ժամանակակից գրականության, մասնավորապես բեսթսելլեր գրքերը, որոնք միշտ պարունակում են դատարկաբանություն ու ընդամենը լավ մարքեթինգով կամ վերնագրով գրավում են մարդկանց։ Բայց էստեղ ուզում եմ «հաստ տառեր»-ով բացառություն անել, որովհետև առաջիկայում պլանավորում եմ կարդալ Ռուբեն Եսայանի «Թունելից 13կմ հեռավորություն վրա» գիրքը, որը և՛ ժամանակակից գրականություն է, և՛ բեսթսելլեր»։

 Անահիտի երազանքը։

«Եթե խոսեմ երազանքներից, ես ինձ ինչքան հիշում եմ՝ ունեմ մի երազանք, դա հաղորդավար դառնալն է։ Ես հավատում եմ երազանքիս ու հավատում նաև այն բանին, որ TV-ում հայտնվելը, միգուցե, մի օր դառնա իրականություն։ Շատ եմ ցանկանում համատեղել համեղ պատրաստելը իմ երազանքի հետ։ Այժմ հետաքրքիր պրոեկտների մտքեր ունեմ, բայց ժամանակից առաջ չեմ ուզում ընկնել։ Այդ մասին հուսամ՝ մի օր կխոսեմ, երբ իրականություն դարձնեմ»։

Կյանքի ամենակարևոր կարգախոսը։

«Համոզված եմ, որ եթե ունեք մոտիվացիայի պակաս, այս կարգախոսը սրտխփոց կառաջացնի ու կօգնի առաջ շարժվել։

Ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքների գեղեցկությանը։

Երբ բլոգս նոր էի բացել, սթորի բաժնում տեղադրել էի թղթի վրա գրված էս տողերը, հետո ամեն օր մտքիս մեջ կրկնում էի ու անգամ ամենատխուր, ամենադժվար ու ամենազբաղված օրերին ինձ ստիպում էի վեր կենալ ու աշխատել բլոգի վրա, որովհետև կար նպատակ ու երազանք։ Հիմա նույնպես իմ կյանքում արդիական է այս կարգախոսը»։

Անահիտի կարևոր խորհուրդը։

«Եթե խոսքը գնում է սկսնակ բլոգերների մասին՝ խորհուրդներս շատ են… 

Նախ հասկացեք՝ իրոք ուզու՞մ եք ունենալ բլոգ ու ինչի՞ համար եք ուզում, եթե այս հարցերին կարողանաք տալ լիարժեք պատասխան՝ իմացեք,  որ ճանապարհը միգուցե լինի դժվար, բայց  ամենակարևորը չհանձնվելն է։ Ոչ-ոք առաջին օրվանից չի կարողացել ունենալ իդեալական կոնտենտ, բարձր դիտումներ ու հազարավոր հետևորդներ: Պատրաստ եղեք վատ մեկնաբանությունների ու մի կոտրվեք, մի հուզվեք, ճանապարհի կեսից ետ մի կանգնեք։ Բլոգի մեջ դրեք Ձեր մի մասնիկը, Ձեր անկեղծ ես-ը ու կտեսնեք, թե մարդիկ ինչքան կսիրեն Ձեզ։ Իսկ տեխնիկական մասով էլ՝ միշտ ուսումնասիրեք, սովորեք, փորձարկեք։ Ալգորիթմները փոխվում են ամեն օր ու  սոցիալական մեդիան այնքան էլ հեշտ չէ, որքան, որ թվում է»։ 

Էլեն Ավետիսյան

4-րդ կուրս

Կիսվել