«Խզբզ» ցուցահանդեսը՝ ՃՇՀԱՀ-ում

«Խզբզ» ցուցահանդեսը՝ ՃՇՀԱՀ-ում

484

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) օրերս տեղի ունեցավ երկամյա պատմություն ունեցող Դրամատիկական երկլեզու (հայերեն-ֆրանսերեն) արվեստանոցի արտիստներին նվիրված «Արվեստների խաչմերուկում» խորագրով «Խզբզ» ցուցահանդեսը։

Ցուցահանդեսում ներկայացված են ՃՇՀԱՀ Դիզայն ֆակուլտետի մագիստատուրայի ուսանողուհի Նոննա Հովհաննիսյանի ստեղծագործությունները։ Նա ցանկանում է տարբերվել։ Այս առիթով ասաց․ «Տրամաբանական է, որ միշտ պետք է սկսել նոր գծի պատմություններ: Ես ես չէի լինի, եթե չընտրեի փորձություններով լի ճանապարհը. դա թվային հարթակն է: Այսօր դաշտն ազատ է ու մրցունակ, իսկ տարբերվելն իսկապես բավականին բարդ է»:

Սա Նոննայի առաջին ցուցահանդեսը չէ, սակայն ծավալով տարբերվում էր երկու տարի առաջ կազմակերպված իր ցուցահանդեսից: Միջոցառմանը ներկա էր համալսարանի աշխատակազմը՝ ռեկտորի գլխավորությամբ, Դրամատիկական արվեստանոցի հիմնադիր Սերժ Ավետիքյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունից ներկայացուցիչ Դավիթ Բոնգարը, Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Դավիթ Թյուրսը, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն և այլ պատվավոր հյուրեր: Սերժ Ավետիքյանն ասաց․ «Նոննան ոչ միայն նկարել գիտի, այլև խոսել: Նոննան խոսեց. Խզբզանոցը խոսեց»։

Ցուցահանդեսն ուղեկցվում էր համալսարանականների դաշնամուրային հնչյուններով։ Երաժշտությունն ընդհատվեց դերասանների ձայնից. նրանք անակնկալ ներկայացում էին պատրաստել, ինչն անսպասելի էր անգամ ցուցահանդեսի հեղինակի համար։

Ցուցահանդեսի խորագիրը պատահական չէ ընտրված․ հանդիպել են երկու տարբեր արվեստներ՝ Նոննայի աշխատանքն ու արվեստանոցը։ Արվեստանոցի հիմնադիրը նշեց․ «Այս հանդիպումը հետաքրքիր է այնքանով, որ ինքը լուսանկարից ավելի արտահայտիչ հետքեր է թողնում: Լուսանկարը կարծես իրական ներկայություն է ստեղծում, բայց այն ավարտված է, իսկ այն, ինչ ես տեսնում եմ Նոննայի աշխատանքներում, ավարտված չէ։ Դու պետք է ավարտես աշխատանքը, շարժումը: Եվ այս հանդիպումը մեկը մյուսին կարծես լրացնում է: Եվ պետք է հասկանալ, որ թատրոնը ապրող է, Նոննայի աշխատանքն էլ է ապրում..․»։

Ուսանողուհու աշխատանքները սև ու սպիտակ են, սակայն որոշ աշխատանքներում նկատելի են գույներ։ Նոննայի խոսքով՝ ինքը գույներ չի սիրում, սակայն մի քանի տեղ անհրաժեշտ էր կիրառել՝ արվեստանոցի դասախոսներին ընդգծելու համար: Նոննան պատմում է՝ ինչպես է սկսել խզբզել․ «Երկու տարի առաջ ես ծանոթացա պարոն Ավետիքյանի հետ, որն այստեղ հիմնադրել էր դրամատիկ արվեստանոցը: Ես էլ, քանի որ խզբզում էի, և ինձ մոտ մի շրջան էր, երբ ես գծի փնտրտուքների մեջ էի, սկսեցի հաճախել արվեստանոց: Ընթացքում միտք ծագեց խզբզել այդ գործընթացը, և ես խզբզեցի ինչ-որ կատարվում էր բեմում, ու դա դարձավ իմ մուսան: Ամեն ամիս մեկ շաբաթով հաճախում էի ու նկարում: Այնքան կուտակվեցին աշխատանքները, որ արդեն անհրաժեշտություն կար ցուցադրելու: Համաձայնության ու համագործակցության արդյունքում այսօր իմ ցուցահանդեսն է»։

ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանն իր շնորհակալական խոսքում ընդգծեց, որ այս ցուցահանդեսը խթան է և լավ օրինակ մյուս ուսանողների համար. «Ողջունելի է, որ մեր ուսանողուհին այսպիսի հաջողություններ ունի արվեստում և ոչ միայն իր բնագավառում, այլև կապում է արվեստի մի քանի ոլորտներ՝ իր կողմից ստեղծելով և ստեղծագործելով»։

Ուսանողուհու աշխատանքների շարքում նկատելի էր դատարկ մի կտավ, որը ներկաների համար էր՝ իրենց գիծը կերտելու համար: Նոննայի խոսքով՝ դա այն է, ինչ դառնալու է գծի նոր պատմության սկիզբը:

Լիլիթ Հովհաննիսյան

3-րդ կուրս

Կիսվել