Վիրահատական միջամտությունները` 21-րդ դարի թրենդ

Վիրահատական միջամտությունները` 21-րդ դարի թրենդ

228

Ասում են «արտաքին գեղեցկության» բացակայությունը չի խոչընդոտում «ներքին գեղեցկությանը»: Չէ՞ որ ոչ էսթետիկ արտաքինը հաճախ բերում է ցածր ինքնագնահատականի, որն իր հերթին կարող է  դեստրուկտիվ ազդեցություն ունենալ անհատի վրա և  սխալ ճանապարհով  տանել նրան։

Գրեթե միշտ եւ 21-րդ դարում առավել եւս մարդու արտաքինն ամենակարևոր գործոններից մեկն է։  Ավելի հմայիչ մարդիկ, որպես կանոն, ավելի հաջողակ են, իսկ դա նշանակում է, որ գեղեցկանալու համար  ցանկացած տեսակի միջամտություն  արդարացված է:

Պլաստիկ վիրաբուժությունը շատ արագ է զարգանում։ Այդ իսկ պատճառով պլաստիկ վիրաբուժության թեմայով մեծ թվով խոսակցություններ ու շահարկումներ կան։  Շատերի համար սա արդյունավետ միջոց է արտաքին տեսքը բարելավելու կամ ծերացման ընթացքը հետաձգելու համար:

Պետք է նշել, որ կան մի շարք  առասպելներ՝ կապված վիրահատական միջամտությունների հետ։ Ստորեւ կպարզենք, թե  որոնք են իրական և ունեն գիտական ​​հիմնավորում, իսկ որոնք են պարզապես հորինված։

Միֆ 1. Պլաստիկ վիրահատության են դիմում միայն նրանք, ովքեր դժգոհ են իրենց արտաքինից եւ ցանկություն ունեն ազատվելու մի շարք բարդույթներից։

Սա սխալ պատկերացում է, քանի որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդիկ դիմում են պլաստիկ վիրաբուժության տարբեր պատճառներով՝ հղիությունից և ծննդաբերությունից հետո օրգանիզմի ներդաշնակությունը վերականգնելու, ծերացման առաջին նշաններից ազատվելու համար՝ բժշկական նկատառումներով։

Միֆ 2. Բազում անգամներ խոսվել է այն մասին, որ պլաատիկ վիրահատությունը պետք է անել միայն հասուն տարիքում:

Նման հայտարարությունը խոսում է պլաստիկ վիրաբուժության մասին թյուր պատկերացումներ ունենալու մասին։ Յուրաքանչյուր վիրահատություն ունի առաջարկվող տարիք. օրինակ՝ օտոպլաստիկա (ականջի վիրահատություն) կատարվում է 7 տարեկանից (բայց ըստ ցուցումների), ռինոպլաստիկա և մամոպլաստիկա՝ 18 տարեկանից, լիպոսակցիա`  18  տարեկանից (ճարպի հեռացման միջամտության տեսակ )։ Լիպոսակցիայի ամենահաճախը դիմում են միջին տարիքի անձինք` 35-45 տարիքային խումբը, կանայք գերազանցում են տղամարդկանց։

«Տարեց մարդկանց դեպքում միայն լիպոսակցիան բավարար չէ  լավ արդյունք ստանալու համար, քանի որ առկա է մաշկի  էլաստիկության անկում, կախվածություն», -նշում է պլաստիկ վիրաբույժ Կարեն Պետրոսյանը։

Պետք է հիշել, որ պլաստիկ վիրահատությունը կատարվում է ոչ միայն այն հիվանդների համար, ովքեր ցանկանում են կերպարանափոխվել և ավելի երիտասարդ տեսք ունենալ, այլ նաև բժշկական նկատառումներով։

Գաղտնիք չէ, որ Հայաստանում որպես պլաստիկ միջամտություն առաջատար տեղում է  ռինոպլաստիկան (քթի պլաստիկ վիրահատություն): Քթի  արտաքին տեսքը շտկելու համար կատարվում է ռինոպլաստիկա,  իսկ որոշ շնչառական խնդիրների առկայության դեպքում` սեպտոպլաստիկա։ Ոմանք հաճախ նույնիսկ ստիպված են լինում մի քանի անգամ դիմել նույն միջամտության։

22-ամյա Աննան կատարել է ռինոպլաստիկա, այն էլ երկու անգամ։ Նշում է, որ առաջին անգամ վիրահատել է թե՛ արտաքին շտկումներ անելու համար, թե՛ շնչառական խնդիրներից ազատվելու համար.

«Առաջին վիրահատությունից հետո շնչառությունս դեռ վերջնական չէր կարգավորվել, այդ պատճառով ստիպված էի  եւս մեկ անգամ դիմել վիրահատական միջամտության` այս անգամ միայն սեպտոպլաստիկայի։ Երկրորդ վիրահատությունն արդեն վերջնական լուծել է առկա շնչառական բարդությունները»։

Պլաստիկ միջամտությունների զուգահեռ առաջ եկավ վերջին շրջանում շատ հայտնի, սակայն նախորդ դարում սկսված «Body positivity»  հասարակական շարժումը, որը նպատակաուղղված է հեռացնելու հասարակությունից գեղեցկության անիրատեսական իդեալը, նպաստել այն բանին, որ մարդիկ  ընդունեն իրենց մարմինն այնպիսին, ինչպիսին այն կա, բարձրացնեն իրենց ինքնագնահատականը, բարելավեն իրենց կերպարը եւ սովորեն ընդունել իրենց ամբողջությամբ։

Այս շարժումը միտված է ինչպես սեփական մարմինն ընդունելուն, այնպես էլ այլոց մարմիններին «հանգիստ թողնելուն» եւ  դրական վերաբերմունք ունենալուն։

Ներկայում շատերը չեն դիմում պլաստիկ միջամտությունների, քանի որ ունեն մտավախություն` կորցնելու իրենց «դիմագիծը» կամ պարզապես ցանկանում են ընդունել իրենց այնպիսին, ինչպիսին իրենք կան։

21-ամյա Լաուրան, չնայած բավականին դրական է վորաբերվում պլաստիկ եւ էսթետիկ միջամտություններին, սակայն չի ընդունում, երբ հատկապես  տղամարդիկ են  դիմում, օրինակ, քթի պլաստիկ վիրահատության։

«Առհասարակ կողմ եմ, որ մարդիկ ընդունեն եւ սիրեն իրենց այնպիսին, ինչպիսին ծնվել են, չդիմեն արտաքին փոփոխությունների եւ չփոխեն իրենց «ես»-ը։ Կարծում եմ՝ մենք ի սկզբանե ծնվել ենք այնպիսին, ինչպիսին պետք է լինենք եւ կարիք չկա ձգտել միմյանց նմանվել,  իսկ տղամարդկանց, ըստ իսկ, փոքր քիթ չի սազում։ Չէի ցանկանա որպեսզի իմ կողակցի քիթը վիրահատված լիներ»,-նշում է Լաուրան։

Կարեւոր է հիշել, որ ցանկացած վիրահատություն` ինչ տիպի էլ այն լինի, սթրես է օրգանիզմի համար։ Շատերը պատրաստ չեն լինում վերականգնողական  փուլին, որը հաճախ բավականին երկարատեւ եւ բարդ ընթացք է ունենում։ Հաճախ առաջանում են սպիներ, օրինակ, աչքերի հատվածում միջամտություն անելուց հետո, եւ միշտ չէ, որ սպիները հնարավոր է լինում ամբողջությամբ վերացնել։ Քիչ չեն նաեւ այն դեպքերը, երբ օրգանիզմ ինֆեկցիա է ներթափանցում։ Սրանց զուգահեռ կարող են ուղեկցել նաեւ մի շարք հոգեբանական խնդիրներ` սպասելի արդյունքի չհասնելու դեպքում։

Կատարյալ արտաքին ունենալու ձգտումը մարդկանց երբեմն  ստիպում է ավելի ու ավելի բարձր նշաձող սահմանել, նոր փորձությունների ենթարկել սեփական օրգանիզմն ու մարմինը, ավելի հաճախ նույնիսկ անգիտակցաբար դիմել պլաստիկ վիրաբույժներին՝ ենթարկվելով հերթական փորձության։

«Պլաստիկ վիրահատության ոչ ցանկալի արդյունքը հիասթափության, երբեմն նույնիսկ դեպրեսիայի պատճառ կարող է դառնալ հատկապես նրանց համար, ովքեր մինչեւ վիրահատության դիմելն արտաքին տեսքի պատճառով բարդույթներ են ունեցել։ Հաճախ նաեւ շրջապատի ոչ հիացական արձագանքը կարող է  հետվիրահատակ դեպրեսիայի լուրջ պատճառ հանդիսանալ, որը եւս մեկ անգամ պլաստիկ վիրաբուժության դիմելու պատճառ կհանդիսանա»,-նշում է հոգեբան Մարիա Նավասարդյանը։

Նարինե Ենգիբարյան

4-րդ կուրս

Կիսվել