Երկրորդ համաշխարհային պատերազմը ավարտվեց 1945 թվականի մայիսի 9-ին։ Դրանից հետո աշխարհի համար սկսվեց բարդ ու երկար հետպատերազմյան տարիները։ Այդ տարիների ծնված երեխանեը թեև չտեսան համաշխարհային պատերազմը, բայց իրենց մանկության ընթացքում հաղթահարեցին աղքատությունը, սովը ու եղան նորկառուցվող աշխարհի կենդանի վկաները։
Մենք զրուցել ենք խաղաղության առաջին սերունդի ներկայացուցիչների հետ, ովքեր վերհիշել են իրենց կյանքը, կիսվել իրենց մանկության հիշողություններով։
Սվետա Մաղաքյան, ծնվել է 1945 թվականին հուլիսի 2-ին, Երևանում
«Ես ընդհամենը մեկ տարեկան էի, գուցե մի փոքր ավել, բայց շատ պարզ հիշում եմ՝ մորս հետ հերթ էինք կանգնում ուտելիքի և այլ ապրանքների համար։ Հատուկ քարտեր կային ստանալու համար։ Այդ քարտերը ցույց տալուց հետո միայն կարող էինք ուտելիք ստանալ։ Միայն 1947 թվականին քարտերը վերացան։ Ես Երևանում եմ ծնվել ու մեծացել։ Երևանում անցնող ուղտերը մանկությանս ամենավառ հիշողություններից են։ Երևանի Երրորդ մասում շուկա կար։ Առևտրականները ուղտերով տարբեր ապրանքներ էին բերում այլ երկրներից ու այստեղ վաճառում։ Երևանը այսօրվա Երևանին նման չէր։
Մենք բնակարանում էինք ապրում, բայց շատ մարդիկ դեռ մեկ հարկանի, ցածր տանիքներով, կավե տներում էին ապրում։ Ընկերներով երազում էինք ամռանը գոնե մեկ անգամ քնել տանիքներին՝ բաց երկնքի տակ։
5-րդ դասարանում էի սովորում, երբ առաջին անգամ հեռուստացույց տեսա։ Մեր ծանոթներից մի քանիսը ունեին։ Մենք ընտանիքով հյուր էինք գնում իրենց, նաև հեռուստացույց դիտում։
Պատերազմի ժամանակ զինվորական նամակները ծրարներով չէին փոխանցվում, այլ եռանկյունաձև ծալում էին ու վրան գրում հասցեն: Ես պատերազմից հետո եմ ծնվել, բայց դեռ նամակները բանակից եռանկյունաձև ծալված և առանց նամականիշի էին հասնում մեզ։ Իսկ մյուս դեպքերում նամակների վրա նամականիշը պարտադիր էր։
Նոր տարին էր շատ ուրախ անցնում։ Նոր տարա հանդեսները անցկացնում էնք Երրորդ մասի «Կիրովի կլուբում»։ Հանդեսների ավարտին մեզ նվերներ էին տալիս։ Շականակագույն տոպրակ էր, իսկ վրան տոնածառ էր նկարած։ Մեջը մեկ մանդարին էր, երկու ընկույզ, մի քանի կոնֆետ ու անպայման փշատ։ Շատ էի սիրում նոր տարին ու այդ նվերները»։
Մովսիսյան Ելենա, ծնվել է 1947 թվականի հունվարի 29-ին, Բաքվում
«Ինձ մանկապարտեզ չէին ընդունում։ Ասում էին՝ մազերը երկար է, պիտի կտրեք։ Այդպես էլ ծնողներս չտարան ինձ մանկապարտեզ, ես էլ մնացի երկար մազերով։
Ես Բաքվում եմ ծնվել։ Այն ժամանակ Բաքուն շատ բազմազգ քաղաք էր։ Մեր դասարանում սովորում էին 40 աշակերտ, որոնցից ընդհամնեը երկուսն էին ադրբեջանցի։ Հայեր, ռուսներ, հրեաներ և ընդհամենը 2 ադրբեջանցի տղա, պատկերացնու՞մ եք։ Բայց մենք շատ համերաշխ ենք ապրել կողք կողքի։ Հարևանների հետ մեկ ընտանիքի պես էինք։ Պատերազմից հետո սով էր։ Բայց մենք չգիտեինք դա ինչ է, քանի որ հայրիկս ճաշարանում էր աշխատում ու կարողանում էր ուտելիք բերել մեզ համար։ Այդ ուտելիքից հարևանների համար պարտադիր բաժին կար»։
Էդիկ Խաչատրյան, ծնվել է 1945 թվականի Նոյեմբերի 1-ին, Նորաշեն գյուղում
«Հիշում եմ` գյուղում խաղալու համար սովորական գնդակ անգամ չունեինք։ Լենինականից մարդիկ էին գալիս գյուղ, հին իրեր ու շորեր գնում կամ փոխանակում։ Մենք էլ ընկերներով մեր Հին շորերը տալիս էինք ու փոխարենը մի մաշված գնդակ էինք ստանում։ Գյուղի կյանքը քաղաքի կյանքից շատ էր տարբերվում։ Քաղաքներում աշակերտները պիոներական համազգեստ էին հագնում, իսկ ես այդպել էլ չհագա ու չկրեցի պիոներական համազգեստ։ Միայն 60-ականներին գյուղ բերեցին պիոներական համազգեստ։ Բայց սնունդի խնդիր շատ չունեինք, քանի որ ընտանի կենդանիներ էինք պահում ու օգնում էինք մեր աղքատ հարևաներին։
Լուրեր, երաժշտություն, տարբեր հաղորդումներ լսում էինք գյուղի միակ ռադիոյով։ Հավաքվում էինք եկեղեցու բակում, որը դարձրել էին կոլխոզի պահեստ։ Բարձր սյան վրա ամրացված բարձրախոսից ռադիո էինք լսում։ Ամեն օր ժամը հինգից սկսվում էր։ Հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, նույնիսկ քրդերեն հաղորդումներ էին հեռարձակվում։ Հիմա ֆուտբոլ շատ եմ սիրում, առաջին անգամ հենց մեր գյուղի ռադիոյով եմ լսել ֆուտբոլային հեռարձակում»։
Լիանա Հովաննիսյան, Անի Ղումաշյան
4-րդ կուրս