100 մարդ, 100 պատմություն

100 մարդ, 100 պատմություն

692

Դիմանկարային ակնարկը ժանր է, որն  ընտրված հերոսին  բացահայտում է բոլոր կողմերից, ներկայացնում է նրա կենսագրությունը, ի ցույց է դնում  բնավորության գծերը, խառնվածքը, նախասիրությունները, մասնագիտությունը, մի խոսքով` այն ամենը, ինչը կապված է հերոսի հետ։

 Ժանրի և նրա դրսևորման ժամանակակից մոտեցումների մասին զրուցել ենք հանրային հեռուստաընկերության լրագրող, դիմանակրային ակնարկների հեղինակ Լիլիթ Խաչատրյանի հետ։

Ինչպե՞ս եք ընտրում Ձեր դիմանակարային ակնարկների հերոսներին, ինչո՞վ են նրանք առանձնանում մյուսներից։

-Իմ հերոսներին ընտրում եմ տարբեր հարթակներից, ընկերական շրջապատի ծանոթներից կամ համացանցից: Ինչ խոսք, կարևոր է  նաև  մարդու` ինքն իր մասին պատմել  կարողանալու, ինքն իրեն ներկայացնելու կարողությունը: Հաշվի են առնվում նաև մարդու մտավոր կարողությունները կամ որևէ շնորհով օժտված լինելը, որ մոտիվացիա կդառնա մյուսների համար: Մեր շրջապատում շատ են մարդիկ, ովքեր ունակ են որևէ գործ սկսելու, բայց վախենում են առաջին քայլն անելուց, և եթե գտնվում է մի հերոս, ով կարող է այդ գործն անել, հետևորդներ հավաքել, հաստատ ինչ-որ մեկը, որ ցանկանում է նման գործ անել, կոգեշնչվի այդ  հերոսից ևս։

Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ դիմանակարային ակնարկի հերոս կարող են դառնալ բոլորը, և  հեղինակին մնում է միայն բացահայտել նրանց յուրահատուկ կողմերը։

-Այս մտքի հետ և՛ համաձայն եմ,  և՛ ոչ, քանի որ շատ բան կախված է հենց մարդուց: Կան մարդիկ, ովքեր իրենց տեսակով փակ են, և նրանց բերանից անգամ աքցանով խոսք չես կարող հանել. նրանց հետ աշխատելը բարդ է,  և  ո՛չ,  հեղինակից շատ բան կախված չէ, քանի  որ կարող ես տարբեր մոտեցումներ էլ ցուցաբերել, սակայն եթե մարդն ինքն իրեն չի ուզում ներկայացնել, ինքն իրեն չի ուզում բացել, դու շատ բան անել չես կարող: Դա է պատճառը, որ  ոչ բոլորի մասին կարող ես ակնարկ պատրաստել, ոչ բոլորի յուրահատուկ կողմերը կարող են  դառնալ  դիմանակարային ականարկի գլխավոր այցեքարտ, որով կարող ես դիմանակաարային ակնարկ ստանալ։ Առհասարակ ակնարկագիրը հույսը միայն սեփական գեղեցիկ մտքերի վրա դնել չի կարող, որովհետև նա կարող է  շատ գեղեցիկ  հորինել, նկարագրել և ներկայացնել այդ մարդուն այնպիսին, ինչպիսին որ նա կա, միևնույն է, դա իրական և ամբողջական չի լինի:  Նա  այդ մարդուն կներկայացնի իր  պատկերացրածի պես, ինչ խոսք, դա չի ստացվի տվյալ մարդու յուրահատուկ, իրական գծերը ներկայացնող ակնարկ, այլ կդառնա հեղինակի մտքերի զեղումը։

Հերոս ընտրելիս առհասարակ անհրաժեշտ է հերոսի հետ նախապես աշխատել, զրուցել և հասկանալ, թե  ունի արդյոք նա նվազագույնը 3 անհրաժեշտ  կետ,  որոնց մասին կարելի է խոսել, և դա առանձնահատուկ ու տարբերվող կլինի: Իսկ եթե չունի ու այդ մարդը չի կարողանում ինքն իրեն ներկայացնել, ապա ինչքան էլ ստեղծագործական թիմը և առանձին մարդիկ 4 կողմից էլ  նրա պատմությունը գեղեցիկ ներկայացնեն,  այդ   դիմանակարային ակնարկը ենթարկվելու է ձախողման, որովհետև հնարավոր չէ առանց հերոսի հորինել, ներկայացնել նրա  փոխարեն։ Հորինելու վերաբերյալ հարկ է նշել, որ  հատկապես, երբ դու գործ ունես տեսախցիկով տարբերակի, այսինքն` տեսանյութի հետ,  ապա պարզ է դառնում` արդյոք տեսախցիկը նրան ներկայացրեց, թե՞  նախապես գրված սցենարով  ինչ- որ մեկը այն  պատմեց, այսինքն`տեսանյութը միանգամից  իրարից կեղծն ու ճիշտը տարբերում է։ Ու երբ այդ ամենը հայտնվի համացանցում, շատ դիտումներ չի հավաքի, որովհետև դա կեղծ է, դա հորինած կերպար է, որի փախարեն այդ մարդը դերասանություն է անում։

Ինպե՞ս եք հերոսներին, հատկապես եթե նրանք նախկինում տեսախցիկի հետ աշխատելու փորձ չեն ունեցել, բացում տեսախցիկի առաջ և շահում նրանց վստահությունը` իրենց հանարավորինս ազատ և անկաշկանդ դրսևորելու համար։

-Տարբերակ չկա, որ հերոսը  չկաշկանդվի, տարբերակ չկա, որ տեսախցիկը միացնես, ու հերոսը չխառնվի: Դա միայն կայացած արտիստների դեպքում է լինում, ովքեր տեսախցիկի հետ աշխատելու շատ մեծ փորձ ունեն։ Մարդ կա, որ, իրոք, խառնվում է և չգիտի, թե իրեն, որ տեսանկյունից ներկայացնի, արդյոք իր այս կողմը բացահայտի, թե  մյուս։ Իմ դեպքում մինչ նկարահանումը ես հերոսների հետ ունենում եմ զրույց, ասում եմ, որ   մեր ռոպորտաժի կառուցվածքը այսպիսին է, մենք միասին անցնելու ենք հետևյալ փուլերով, նկարահանումը անելու ենք այս վայրերում:  Ես նրանց հնարավորինս տեղեկացնում եմ, թե ինչ ենք անելու, և ասում եմ, օրիանկ, որ եթե նկարահանումն իրականացնելու համար Երևանի մեջ ունենք երեք վայր, ապա  առաջինը գնում ենք էստեղ, որտեղ տալու եմ  էսպիսի հարցեր և քննարկելու ենք նրա կյանքի այս փուլը, երկրորդում անելու ենք այսպես և երրորդում ամփոփելու ենք։ Եվ այդպես հերոսը պատկերացում է կազմում նկարահանման փուլերի մասին։ Նկարահանման վայրերը ընտրվում են նաև հերոսի ցանկությամբ և հաշվի է առնվում, թե որ վայրերն են նրա համար առավել հոգեհարազատ։ Ես մարդկանց բացում եմ տեսախցիկի առջև ամենապարզ մարդկային զրույցներով և թեմաներով։ Դա նրանց` քո անձի հանդեպ վստահություն է ներշնչում։

Ըստ Ձեզորո՞նք են ժանրի` մինչ օրս իրեն չսպառելու և հեռուստադիտողին հետաքրքիր մնալու գաղտնիքները։

-Նույն բանն է, թե ինչպես մինչ օրս հեծանիվը դեռ ակտուալ է,  և շատերը շարունակում են հեծանիվ քշել: Սա նույն հորինված հեծանիվն է ժուռնալիստիկայում, ավելի ճիշտ` հեծանիվներից մեկն է, որը հետաքրքիր է, և միշտ կարելի է գտնել հետաքրքիր մարդկանց: Ամեն օր ծնվում են մարդիկ, ամեն օր չափահաս են դառնում մարդիկ, ու ամեն օր ինչ-որ գործ նախաձեռնում են տարբեր մարդիկ, և նրանք հաստատ ուզում են ներկայանալ, իսկ լրագրողները նկատում են նրանց, ու նրանց մասին հաստատ պատմելու բան կա. 100 մարդ, 100 պատմություն։

Ըստ Ձեզ` որքանո՞վ է հեռուստադիտողը հետաքրքրված դիմանակարային անարկի ժանրով, ո՞ր հերոսներն են առավել գրավում նրա ուշադրությունը և ստանում առավել մեծ արձագանք։

-Միշտ էլ մարդկանց հետաքրքիր է կողքից ուրիշի կյանքին, հաջողություններին հետևելը: Միշտ էլ ցանկանում են պարզել, թե ոնց է ստացվել, որ երակարատև անհաջողություններից հետո նրանք ինչ-որ հարցում հաջողել են, այսինքն` մարդկանց միշտ հետաքրքիր է ուրիշների կյանքը, որ հետո նստեն, քննարեկեն մյուսների հետ։

 Շատ տարբեր կարող է լինել և անկանխատեսելի, թե որ հերոսները առավել մեծ ուշադրություն կգրավեն:  Դու չես կարող առավելագույնս վստահ լինել, որ եթե այս հերոսի մասին հաղորդում պատրաստես, ապա դա ամենաշատ դիտումն է հավաքելու: Կան հերոսներ, որ որոշ դժվարությունների մեջ են, սակայն այդ դժվարություններին զուգահեռ շատ դրական են տրամադրված, կան հերսսներ, ովքեր իրենց փորձությունների ու մարտահրավերների մեջ են գցում ու դրանցից պատվով են դուրս գալիս, ու այդ մարտահրավերների մասին իրենք շատ հասարակ կերպով են պատմում, այլ ոչ թե « պաթոսախեղդ» արած, նման հերոսները շատ մեծ արձագանք են ստանում:

Ո՞ր արտահայտչամիջոցներն են (տեսողական, լսողական) առավել ընդգծում և օգնում հնարավորինս ամբողջական և պատկերավոր ներկայացնել  հերոսի կենսագրությունը, կյանքի հետաքրքիր դրվագները և այլն։

-Հերոսին պատկերավոր ներկայացնելու համար անհրաժեշտ է գտնել հերոսին հոգեհարազատ սյուժե, հոգեհարազատ վայր, հոգեհարազատ մարդիկ և իրավիճակներ։

Ես, աշխատելով հռուստատեսությունում, կարող եմ ասել, որ լավագույն տարբերակը տեսանյութի միջոցով հերոսին ներկայացնելն ու առավել ընդգծված ցույց տալն է, ու կարող եմ ասել, որ շատ լավ դիմանակարային ակնարկներ կան «սպուտնիկ Արմենիայում, Մեդիամաքսում, որտեղ, գործընկերներս տեքստով ներկայացնում են հերոսի ամբողջ էմոցիաները, հույզերը: Իմ մասով ես կարող եմ ասել, որ տեսողական արտահայտչամիջոցները ամենալավն են ընդգծում,  որովհետև ես տեղում ցույց եմ ստալիս մարդկանց և ներկայացնում, թե ինչ է կատարվում։ Ուրիշ բան է տեքստային տարբերակով էդ ամեն ինչը ներկայացնելը և էմոցիաներ փոխանցելը։

Երբեմն վտանգ կա հերոսին իդեալականացնելու, ինչը իրատեսականից հեռու է: Ինչպե՞ս եք խուսափում այդ հանգամանքից։

-Այստեղ մի խնդիր կա, հնարավոր է հերոսը շատ է սիրում խոսել, իրեն ներկայացնել, բայց դուք պետք է սահմանափակեք դա,  ձեր առջև ևս չափ սահմանեք, այսինքն` ունեք հնարավորություն այս մարդուն ներկայացնելու 4 րոպեների ընթացքում, և խնդիրն է պատմել, թե ով է նա, ինչով է զբաղվում, ինչպես է մոտիվացվում, ինչպես կատարեց իր առաջին քայլերը ինչ-որ ասպարեզում: Այսինքն` դուք առանձնացնում եք այն ամենակարևոր տեղեկատվությունը, որը պետք է անհարաժեշտ լինի հեռուստադիտողին, իսկ երբ հերոսը սկսում է գլուխ գովել, դա պետք է հեղիանկը զգա և կանխի` անկախ նրանից, թե որքան է սիրում հերոսին: Երբ հերոսը սկսում է ավելորդ տեղեկատվություն տարածել և տեղեկություն տալ իրենից, պաթոս մտցնել այդ ամենի մեջ, դա շատ հեշտ 2 կոճակով կարելի է կտրել մոնտաժի օգնությամբ և թողնել այն, ինչ որ կա, մարդն ինչպես որ է։

Հետևու՞մ եք արտասահմանյան դիմանկարային ակնարկներին: Ինչո՞վ են դրանք տարբերվում մեր արտադրանքից, և արդյոք հայաստանյան դիմանակարային ակնարկները զիջում են դրանց գաղափարապես կամ տեխնիկապես։

-Ընդհանուր առմամբ հետևում եմ արտասահմանյան դիմանակարային ականարկներին և կարող եմ ասել, որ մենք տեխնիկապես գրեթե ոչնչով  չենք զիջում, եթե օրիանկ չեն որոշում  ինչ-որ դիմանակարային կինո նկարահանել: Զուտ ռեպորտաժային մակարդակում տեխնիկապես հիմա խնդիր չունենք: Գաղափարապես և բովանդակային առումով հաճախ մենք չենք կարող ստանալ այն դիմանակարային ակնարկները, որոնք, օրինակ, ամերիկյան հեռուստաեթերում, եվրոպական հեռուստաեթերում և անգամ ռուսական հեռուստաեթերում են, այստեղ շատ բան ստեղծագործական թիմի ձեռքերում չէ, քանի որ մեր մարդիկ գաղափարապես մի փոքր տարբերվում են  իրենց արժեհամակարգով, մտածելակերպով, նիստ ու կացով, և այն, այսպես կոչված, «գժական» դիմանակարային ակնարկը, որը մենք պատկերացնում ենք  և ուզում ենք ստանալ, մեր գլխում սիրուն սցենար գրած,  մտածում ենք, որ հերոսին կարող ենք տանել այստեղ, այնտեղ, ցանկանում ենք, որ էսպիսի, էնպիսի բաներ անի, վերջում հասկանում ենք, որ այդ մարդը ի զորու չէ այդքան բանը անելու: Եթե անգամ նա կարող է դերասանություն անել, միևնույն է, կեղծ է ստացվում. այստեղ բովանդակային առումով մենք չենք կարող ստանալ այն, ինչ ստանում են արատասահամանում։

Բայց այս ամենին զուգահեռ` տպագիր տարբերակով, երբ ոչ թե տեսանյութ ես անում, այլ ուղղակի գրում ես դիմանակարային ակնարկ, այս դեպքում հնարաավոր է մեր հասարակության մեջ ստանալ և փոխանցել այն բոլոր էմոցիաները, որոնք, օրինակ, չեն զիջի արտասահմանյան տպագիր դիմանակարային ականարկներին։

Տեսանյութերի պարագայում մի փոքր դժվար է, քանի որ, այնուամենայնիվ, մարդիկ իրենք իրենց ափսեի մեջ չեն զգում, և հաճախ հայ հերոսները մտածում են, որ հեռուստադիտողը հնարավոր է իրեն ճիշտ չընկալի, նման համարձակ պահվածքը չընդունի. շատ բարդույթներ կան մեր հայ հերոսների մեջ:

Ուսումնասիրելով Ձեր պատրաստած դիմանակարային ակնարկները` նկատեցինք, որ Ձեր՝ այսինքն` հեղինակի ներկայությունը գրեթե բացակայում է կադրում: Ինչո՞վ է դա պայամանավորված: Արդյոք հեռուստադիտողը սիրում է  առավելապես իր հերոսին տեսնել կադրում, քան առնչվել ակնարկի հեղինակի հետ։

-Ես ինձ համար մի սկզբունք եմ որդեգերել, որ ակնարկը հերոսի մասին է, և ոչ թե իմ, ու իմ ներկայությունը կադրում չի արդարացվում: Յուրաքանչյուր ռեպորտաժի համար, երբ ինչ- որ սցենար եք գրում, դուք պետք է հասկանաք` դուք այդ սցենարում ձեր դեմքով և ասելիքով տեղավորվու՞մ եք, թե՞ ոչ:  Պետք է զգոն լինեք և դա աննշան դարձնեք։ Երբ ես ակնարկ եմ պատրաստում, հասկանում եմ, որ ես այնտեղ չեմ կարող լինել,  քանի որ ես իմ ներկայությունը  հերոսի մասին ավելին չի ասում, ասելիք չունեմ: Ինքը` հերոսը, արդեն իր մասին պատմում է, և իմ ներկայությունը ռեպորտաժում պետք է արդարացված լինի գործողությամբ, ասելիքով, և առհասարակ պետք է հաշվի առնել, թե  ինչ է տալիս լրրագրողի ներկայությունը այդ ռեպորտաժում: Արդյո՞ք ավելորդ ժամանակ է խլում, թե՞ իրոք կա իմաստ, հիմնավոր իմաստ, որ դրանով հեռուստադիտողի կարծիքը միանգամից կփոխվի, եթե կադրում հայտնվի լրագրողը։ Իմ կարծիքով, եթե ակնարկը որևէ անձնավորության մասին է, ապա նա պետք է առավելագույնս ներկայանա և խոսի իր մասին, լրագրողի անելիքը այստեղ այդ ամենը փաթեթավորելն է և ոչ թե կադրում հայտնվելը և ուշադրությունը հերոսից շեղելը։

Ըստ Ձեզ` ո՞րն է դիմանկարային ակնարկի` եթերում լինելու առաքելությունը, որքանո՞վ է այն այսօր անհրաժեշտ հոռուստադիտողին։

-Հիմա առավել ևս մարդիկ շատ են սկսել պատմություններ, փոդքասթներ լսել, մարդկանց դուր է գալիս ինչ-որ մեկի օրինակին հետևել, նայել, ուրիշի կյանքի մասին լսել, գտնել իրեն, նմանեցնել, ոգեշնչվել, դրա համար, ես կարծում եմ, որ դիմանկարային ակնարկի առաքելությունը այսօր մոտիվացնելն է, մարդկանց ցույց տալը, որ կա հիմա նման մարդ, ով անում է նման գործ, և դա շատ լավ գործ է, ու այդպես ճանաչում բերել այն մարդկանց, ովքեր լավ գործով են զբաղվում: Իսկ Հայաստանի պայմաններում հիմա շատ դժվար է գտնել մոտիվացիա, մարդիկ, ովքեր հետաքրքիր գործով են զբաղվում ու ինչ-որ ձևով իրենց մեջ ուժ են գտնում դրա համար։

Ի՞նչ բացեր և թերություններ եք նկատում այսօրվա դիմանկարային ակնարկներում, առանձնացրեք դրանցից մի քանիսը։

-Կարող եմ մի դիտարկում անել, որ այսօր շատ են սիրում մեր հասարակությանը դրամա ներկայացնել, դրամա անել մի տեղ անգամ, որտեղ դա չկա։ Անձամբ ես գնահատում եմ յուրաքանչյուր ռեպորտաժում, կապ չունի դա դիմանկարային ակնարկ է, թե ոչ,  հերոսի անկեղծությունը, և շատ ժամանակ, երբ դա խտացվում է, հերոսի անկեղծությունը չի երևում, ու ավելի շատ ներկայացվում է այն լացը, հույզերը, որոնք այդքան չպետք է ներկայացվեն այն ռեպորտաժում: Ըստ իս` այդ դրաման է շատ։

Ի՞նչ նոր առաջարկներ, գաղափարներ ունեք ժանրին նոր կյանք և գույն հաղորդելու համար։

-Որպես այդպիսին, հիմա ինչ-որ տարբեր  գաղափարներ կամ առաջարկներ չունեմ, ես կարող եմ նայել տարբեր ակնարկներ և ասել, թե, օրինակ, ինչը կփոխեի դրանցում: Որպես էդպիսին, ժանրը ապրում է, զարգանում է, և նրան կյանք ու  գույն հաղորդելու գերնպատակ չկա, ուղղակի պետք է ոչ միայն ժանրին, այլև յուրաքանչյուր հերոսի մոտենալ առավելագույնս սիրուն, մտածված, որպեսզի ժանրը հաջողվի: Ամեն ինչ կախված է հերոսից. եթե հերոսը ունի գույն, հերոսի մեջ կյանքը եռում է, ապա ձեր ակնարկի մեջ էլ կյանքը կեռա, ու այդ ակնարկը գունավոր կլինի։

Գոհարիկ Գրիգորյան

4-րդ կուրս

Կիսվել