Մանկության երազանքից մինչև գործող բիզնես

Մանկության երազանքից մինչև գործող բիզնես

303

22-ամյա Լիանան արդեն մի քանի ամիս է, ինչ ունի իր սեփական բիզնեսը, որի մասին երազում էր դեռ մանկուց: Լիանայի հետ զրուցել ենք սեփական բիզնեսի ստեղծման, արդյունավետ գովազդի և իր հետագա պլանների մասին.

Ինչպե՞ս որոշեցիք ստեղծել ձեր սեփական բիզնեսը, և որո՞նք էին Ձեր առաջին քայլերը։

-Սեփական բիզնես ունենալը իմ մանկության երազանքն է եղել։ Ցանկանում էի իմ սեփական ստեղծագործությունները վերածել բիզնեսի՝ չնայած ոչ ոքի չէի ասում դրա մասին։ Իսկ հիմա, երբ արդեն ունեմ համապատասխան կրթություն ու ռեսուրսներ, սկսել եմ իմ սեփական մոմերի բրենդի զարգացումը սոցիալական ցանցերում։ Մի  քանի ամիս առաջ սկսեցի ուսումնասիրել շուկան, մրցակիցներին, սպառողներին, և ստեղծեցի իմ սեփական ունիկալ առևտրային առաջարկը, որը արդեն մեկ ամիս է, ինչ հասանելի է հաճախորդներին։

-Ինչպիսի՞ խնդիրների եք բախվում բիզնես ոլորտում։

-Շատ կարևոր է հիշել, որ ցանկացած նախագիծ՝ կլինի բիզնես, թե մեկ այլ բան, իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում։ Կա ձախողելու  մշտական վախ։ Ձախողումը կարող է կապված լինել պրոդուկտների սխալ մատուցման, թիրախային խմբի սխալ վերլուծության հետ։ Դժվար է, քանի որ մինչև շուկայում հաստատվելը, բիզնեսի ռազմավարության անընդհատ փոփոխությունների անհրաժեշտություն կա և հենց առկա տեսականու մեջ։

 Լիանայի դեկորատիվ ձեռագործ մոմերը

Որքանո՞վ է արդյունավետ օգտագործել գովազդը ապրանքի սպառման հարցում։

-Եթե խոսքը օնլայն գովազդի մասն է, ապա այսօր, եթե բիզնեսը չունի սոցիալական ցանցերում ներկայացվածություն և պրոֆեսիոնալ գովազդ,  ապա հավանականությունը, որ մրցակցությանը չի դիմանա, շատ մեծ է։  Սոցիալական ցանցերի գովազդային գործիքները թույլ են տալիս ընտրել համապատասխան թիրախային լսարան, ընտրել գովազդի տեսակը և գումարի չափը։ Եթե մեր խնդիրն է բարձացնել էջում հաճախորդների հետ փոխազդեցությունը, ապա կարող ենք միացել engagment տեսակի գովազդը։ Կարող ենք ներգրավվել ինֆյուենսերների մեր գովազդային արշավների համար և այլն։ Այսինքն՝ ճիշտ գովազդային արշավը լուծում է բիզնեսի շատ-շատ խնդիրներ։

-Համացանցը կարելի՞ է համարել ապրանքի/ծառայության ճանաչման կամ վաճառքի թերևս լավագույն միջոցը։

-Ինչպես նշեցի նախորդ հարցում, այսօր համացանցը բիզնեսների համար թիվ մեկ առաջխաղացման գործիքը կարող է լինել։ Առաջխաղացում կլինի միայն այն դեպքում, եթե բիզնեսը ունենա գրագետ ռազմավարություն և կոնտենտ պլան,  հասկանա, թե ինչպես պետք է ներգրավվի իր թիրախային լսարանին, իր առաջ դնի հստակ նպատակներ և դրանց իրականացման համար հստակ ժամկետներ։ Այս ամենը կատարելուց և բիզնեսի սոցիալական էջերը մշտապես վերլուծելու արդյունքում բիզնեսի հաջողությունն իհարկե կստացվի։

Լիանայի դեկորատիվ ձեռագործ մոմերը

Ի՞նչ փուլեր պետք է անցի բիզնեսը, որպեսզի իր տեղը գտնի  շուկայում:

-Նախ նշեմ, որ այդ ամենի համար կարևոր է ոչ միայն վճարովի գովազդը, այլ նաև էջերի ճիշտ փաթեթավորումը: Հաճախորդը, այցելելով բիզնեսի էջ, պետք է ստանա իրեն հուզող հարցերի պատասխանները:  Եթե հետաքրքրեն առաջարկները, կշարունակի հետևել մեզ: Այնուհետև պետք է վաստակել հաճախորդի վստահությունը: Հիշենք, որ հաճախորդը միայն մեզ չէ, որ դիտարկում է գնում կատարելու համար, այլև այցելում է մեր մրցակիցների էջեր: Եվ նրա պահանջները, առաջնահերթություները և խնդիրները հաշվի առնելով՝ պետք է կառուցենք մեր բիզնեսի կոնտենտ պլանը: Իսկ գնում կատարելուց հետո մշակենք քայլեր հաճախորդների ետվերադարձի համար. չէ՞ որ անընդհատ նոր հաճախորդներ տրամաբանորեն չեն կարող գալ,  և պետք է պահպանել հներին: Բիզնեսը կարելի է համարել հաստատված, եթե հաճախորդները վերադառնում են շարունակական գնումների:

-Որո՞նք են Ձեր քայլերն ապագայում։

-Ես նոր եմ սկսել իմ բիզնեսը, և այն դեռ շատ  փոփոխությունների կենթարկվի ապագայում։  Պլանավորում եմ իմ մոմերը ներկակացնել ոչ միայն համացանցում, այլ նաև օֆլայն խանութներում։ Ինչպես նաև արդեն ամռանը հաճախորդների կներկայացնեմ նոր առևտրային առաջարկ։ Պլանավորում եմ համագործակցել հայկական արտադրության այլ փոքր բիզնեսնի հետ, որի համար ունեմ բավական շահավետ առաջարկ։

Մերի Սահակյան

4-րդ կուրս

Կիսվել