100-ամյա հայ կինոյի նոր խնդիրները

100-ամյա հայ կինոյի նոր խնդիրները

279

20-ական թվականներին կինոն առաջատար էր մեծ պետություններում, և այդ ժամանակվա Հայաստանում կինոարտադրություն հիմնադրելն ու այլ պետությունների հետ ոտք գցելը միանշանակ միամտություն էր թվում: Սակայն այդ ռիսկային քայլն այնուամենայնիվ արվում է․ սկզբնավորվում է հայ կինոն, և դա կապվում է Համո Բեկնազարյանի անվան հետ: Շատ հայտնի ռեժիսորներ` Էդ.Քեոսայանը, Ա.Մկրտչյանը, Դ.Կեսայացնը և էլի շատ ուրիշներ, սկսում են նկարահանել սովետական ֆիլմերը, որոնք մինչ օրս էլ դիտվում են:

Զրուցել ենք մասնագետների հետ՝ անդրադառնալով կինոյի ներկայիս վիճակին, առկա խնդիրներին, հնի և նորի տարբերությանը: 

Փաստ է, որ անկախ նվաճած միջազգային այս կամ այն մրցանակից՝ շատ ժամանակ Հայաստանում այդ մրցանակի արժանացած ֆիլմերը երբեմն չեն ցուցադրվում, և փաստորեն ֆիլմերի գերակշիռ մասն իր հանդիսատեսին չի գտնում բուն Հայաստանում: Այս մասին խոսել ենք Հայաստանի Ազգային կինոկենտրոնի  PR բաժնի ղեկավար Գոհար Սարգսյանի հետ:

«Որպես կինոկենտրոնի PR բաժնի ղեկավար՝ կցանկանայի նշել, որ հայկական ֆիլմերի տարածումը կարևոր է ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Պայմանավորված այն հանգամանքով, որ ֆիլմերը նկարահանվում են ոչ միայն մեկ արտադրողի կողմից, այլ նաև մի քանի, ֆիլմի հանրայնացումն ավելի արդյունավետ է լինում: Բոլորի մոտ հարց է առաջանում, թե ինչու ժամանակակից ֆիլմերը չեն ցուցադրվում մեր կինոթատրոններում։ Պատճառն այն է, որ ֆիլմն ունի արտադրության և ցուցադրման մի քանի փուլ, այսինքն երբ ֆիլմը արտադրվում է, այն պետք է անցնի որոշակի փառատոնային ճանապարհ, որը կարող է տևել 1-2 տարի, որից հետո նոր դուրս է գալիս հայկական ցուցադրության։ Փառատոններում ֆիլմերը չեն ներկայացվում որևէ անվանակարգի, եթե դրանք արդեն ցուցադրվել են, և հենց սա է պատճառը, որ մենք շատ ֆիլմերի հաջողությունների մասին լսում ենք, բայց այդպես էլ չենք կարողանում տեսնել․ արտադրման և ցուցադրման ժամանակը սպառվում է»,- ասում է Գոհարը:

Իսկ արդեն ֆիլմերի ֆինանսական և այլ խնդիրների մասին զրուցել ենք անիմացիոն ռեժիսոր Տիգրան Առաքելյանի հետ: Զրուցակիցս նշում է մի քանի ակնառու խնդիրներ, որոնք խանգարում են հայկական կինոարտադրության զարգանալուն: Դրանցից առաջինն ըստ զրուցակցիս կրթության պակասն է։ Երկրորդ խնդիրը ռեժիսորի կարծիքով ֆինանսական բացն է, սակայն թեկուզ ֆինանսական ապահովվածության դեպքում հնարավոր չի լինի ստանալ որակյալ արտադրանք, եթե չկա գրագետ մասնագետների բավարար քանակ: Տիգրանը կարծում է, որ կինոարտադրողները պետք է այնպես անեն, որ կարողանան տեղավորվել միջազգային հարթակներում: «Եթե կինոարտադրողը ֆիլմ է ստեղծում, պետք է նաև նպատակ ունենա դա միջազգային շուկա հանելու, որ պրոդուկտն ավելի ստացված լինի»,- ասում է ռեժիսորը: Հարցրինք նաև, թե ինչ կարծիքի է ռեժիսորը այն քննադատությունների մասին, երբ ասում են, որ հայկական կինոն ինքնատիպություն չունի: Ռեժիսորի համոզմամբ՝ դա գալիս է այն բանից, որ շատ կինոարտադրողներ կրկնօրինակում են արտասահմանյան արդեն իսկ լավ ստացված ֆիլմերը ու այդ կրկնօրինակման արդյունքում աղավաղում հայկական կինոյի որակը: «Պետք է  փորձել իրականացնել համարտադրություն։ Դրա օրինակներից մեկը, որին մասնակցություն եմ ունեցել, «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն է, որն ունեցել է համարտադրողներ Լիտվիայից, Գերմանիայից և Հայաստանից, ու այդ համատեղ աշխատանքի արդյունքը շատ ավելի ստացված է, այսինքն այս դեպքում  կարելի է տեսնել, թե ինչպես է ֆիլմը ճանապարհորդում տարբեր փառատոններով»,- ասում է ռեժիսորը:

Արևշատյան Իրինա

2-րդ կուրս

Կիսվել