Պատերազմը և մեդիան․ զրույց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ

Պատերազմը և մեդիան․ զրույց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ

312

Տեղեկատվական պատերազմը տեղեկատվական հակամարտության ամենակարծր տեսակն է։ Գոյություն չունեն տեղեկատվական պատերազմի վարման եղանակների և միջոցների համընդհանուր ընդունելություն գտած իրավաբանական, բարոյական նորմեր և սահմանափակումներ։ Տեղեկատվական պատերազմի վարման եղանակներն ու միջոցները սահմանափակված են միայն դրա արդյունավետության պատկերացումներով։

Հատկապես պատերազմական իրավիճակում, մեդիան դառնում է թշնամու ձեռքին ամենալավ գործիքը` ապատեղեկատվություն և մանիպուլացիա տարածելու համար։ Տեղեկատվական պատերազմ վարելու լավագույն հարթակը մեդիան է դառնում, ոչ միայն պատերազմական, այլ ցանկացած արտակարգ իրավիճակում։ Մեդիան ողողվում է այնպիսի սխալներով, որոնք էթիկապես ճիշտ չեն,  և լրագրողական աշխատանքի համար  դրանք դառնում են շատ լուրջ խոչընդոտ։ Պատերազմական իրավիճակում կարևոր նախապայման է դառնում տեղեկատվությունը մանրակրկիտ ստուգել, հետո նոր հրապարակելը, աշխատել օպերատիվ և հետևողական: Որքանով է դա ստացվել հայաստանյան մեդիաաշխատողների մոտ, և  պատերազմական իրավիճակում  մեդիան ինչ խնդիրների է բախվել. այս հարցերի շուրջ զրուցել ենք տեղեկատվական անվտանգության մասնագետ և  մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:

«Խնդիրները բնականաբար շատ-շատ են, բայց կանդրադառնամ մի քանիսին. առաջինը, երբ ռազմական դրություն է հայտարարվում և այդ ընթացքում գրաքննություն է իրականացվում, երկրորդը՝ տեղեկատվության հայթայթումը բարդանում է այն լրատվամիջոցների համար, որոնք  չունեն ռազմական լրագրող և ստիպված են  երկրորդական աղբյուրներից օգտվել: Ռազմական լրագրող պատրաստելն  իրենից ենթադրում է լուրջ ֆինանսական ծախսեր՝ սաղավարտ, զրահաբաճկոն և այլն: Երրորդը՝ փաստերի ստուգումն է, այս խնդիրը էլ ավելի է լրջանում պատերազմի ժամանակ։ Հայաստանում կան փոքրաթիվ լրատվամիջոցներ, որոնք ունեն փաստերի ստուգման խմբեր  և շատ լուրջ են մոտենում այդ գործին»:

Պատերազմական իրավիճակներում, և ոչ միայն, պրոպագանդան դիտվում է որպես պաթետիկ երևույթ, և հասարակությունը, անընդհատ պաթետիկ լուրերի ռմբակոծման տակ գտնվելով, շրջապատվում  է խուճապի և վախի  սառը մթնոլորտով։ Այդ սառը մթնոլորտը պատում է ոչ միայն հասարակությանը, այլ նաև այդ հասարակության թիկունքը պահող զինվորին։ Այս ամենին դիմակայելուն, հետպատերազմական շրջանի սխալներին և այդ օրերին լրատվամիջոցների աշխատանքին մեդիափորձագետը նույնպես անդրադարձավ․

«Կարծում եմ՝ թյուր կարծիք է, որ պրոպագանդան պաթետիկ երևույթ է, վատ պրոպագանդան է պաթետիկ, և բնականաբար վատ պրոպագանդան հաճախ հակառակ արդյունք է ունենում, այսինքն, մարդիկ արդեն սովորում են  նման պաթոսային նյութերին, իսկ լավ պրոպագանդան աննկատ է և ազդեցիկ, բայց Հայաստանում այն շատ թույլ է զարգացած։ Տեղեկատվական սխալներին անդրադառնալով՝ պետք է նշեմ, որ այն  ընդհանուր  է, և այդ երևույթը նկատելի է ոչ միայն պատերազմական կամ  հետպատերազմյան  շրջանում, այլ  ընդհանրապես, իսկ դրա պատճառը հստակ տեղեկատվական ռազմավարության բացակայությունն է: Լրատվամիջոցների  աշխատանքի հետ կապված միայն կնշեմ այն հանգամանքը, որ կան լրատվամիջոցներ, որոնք միշտ շատ լավ են աշխատում, ցավոք սրտի, քիչ են, բայց կան, մեծամասնությունը շատ վատ է աշխատում։ Տեղեկատվությունը կարող է ազդել ինչպես ընդհանուր տրամադրությունների վրա, այնպես էլ թիկունքում, ինչը կարող է թուլացնել բանակի մարտունակությունը, իսկ ապատեղեկատվությունը ազդում է արտաքին քաղաքականության վրա, որովհետև  հնարավոր է կեղծ պատկերներ  ձևավորի  երրորդ երկրներում,  և դա կարող է տանել դեպի համաշխարհային կարծիքի  սխալ ձևավորման: Պրոպագանդան տեղեկատվության դոզավորված տարածումն է, երբեմն ճիշտ, երբեմն ավելորդ։ Բնականաբար, պրոպագանդան ոչ միայն արդարացված երևույթ է, այլ  նաև անհարժեշտ է կիրառել պատերազմի ժամանակ, հակառակ դեպքում սկսում է ազդել հակառակորդի պրոպագանդան»։

Խոսելով տեղեկատվական պատերազմների և պրոպագանդայի մասին՝ անհրաժեշտ
է հաշվի առնել, որ այն ոչ թե քարացած, մնայուն, այլև փոփոխվող,
զարգացող գործողություննրի համախումբ է: Տեղեկատվական պատերազմների գործընթացում սկսվում, շարունակվում են համակարգի բաղադրիչների փոփոխություններ, այդ իսկ պատճառով բարդ է հստակորեն կանխատեսել, թե գործընթացն իր բազմաքանակ տարրերով ինչպիսի վերջնական տեսք կունենա։

Օֆելյա Հովհաննիսյան

4-րդ կուրս

Կիսվել