Հետպատերազմյան շրջանի հեգեբանական կողմը․ մաս հինգերորդ

Հետպատերազմյան շրջանի հեգեբանական կողմը․ մաս հինգերորդ

373

Պատերազմական և հետպատերազմյան շրջանում մարդիկ հայտնվում են հոգեբանական ծանր իրավիճակում, և քիչ չէ այդ գործում մեդիայի դերը։ Խնդիրը հասկանալու և վերլուծելու համար այս անգամ փորձել ենք խոսել 44 օրյա պատերազմում հերոսաբար ընկած Գրիշա Վարդանյանի քրոջ հետ, ով ոչ միայն պատմեց Գրիշայի մարդ տեսակի մասին, այլ նաև խոսեց պատերազմի օրերին ունեցած ապրումների և հետպատերազմյան ծանր շրջանի մասին:

«Գրիշան բնավորությամբ հանգիստ, համեստ, ընկերասեր, միևնույն ժամանակ շատ էմոցիոնալ անձնավորություն էր։ Գրիշան ընտանիքին  շատ նվիրված էր, իսկ ընտանիքից հետո իր համար կարևոր էր երկրի անվտանգությունը, սեփական աշխատանքը լավ կատարելը և ամեն հարցում ծնողների կողքին լինելը։ Գրիշան սովորում էր Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության բաժնում, համատեղ նաև աշխատում էր, որպեսզի մերոնց նեղություն չտա և իր ուսման վարձը ինքը վճարի։ 2020 թվականի սեպտեմբերի 19-ին Գրիշան ամուսնացավ, իսկ արդեն սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Հիշում եմ նրա անհանգստացած վիճակը, անընդհատ մի բան էր կրկնում, որ ինքն էլ պետք է գնա, պետք է ամեն կերպ օգնի, որ հաղթենք, պետք է գնա սահմանին կանգնող զինվորի կողքին կանգնի, օգնի, ոգևորի։ Ամեն կերպ փորձում էինք համոզել, որ դեռ մի գնա, կհասցնես, նոր ես ամուսնացել, սակայն մեկ–երկու շաբաթ անց մեզ նամակ եկավ  այն մասին, որ հոկտեմբերի 16-ին Գրիշան, որպես պահեստազորային, պետք է զինակոչվի։ Ճիշտ է, այդ լուրը բոլորիս համար շատ ծանր էր, բայց ի՞նչ կարող էինք անել, պայքարը մեր երկրի համար էր, ինչպես նաև մեր համար էր։ Նամակն ստանալուց հետո Գրիշան շատ ուրախ էր.  հոկտեմբերի 16-ին մարտական տրամադրված, ժպիտը երեսին  գնաց միանալու իր մարտական ընկերներին»։

Վարդուհու պատմելով՝ շրջապատում շատերը խոսում էին այն մասին, որ նոր ամուսանացած տղա էր և կյանքն էլ կապել էր նրա հետ, ում անսահման էր սիրում, ո՞նց կարողացավ գնալ:

«Երբ նոր էր գնացել, ահավոր լարված էինք, բայց երբ հետը խոսում էինք, ասում էր՝ անհանգստանալու բան չկա, ամեն ինչ լավ է։ Հոկտեմբերի 20-ից մենք էլ լուր չունեցանք Գրիշայից։ Սկզբում չէինք հասկանում, թե ինչ է կատարվում, իրավիճակի լրջությունը և սպասվելիք վտանգներն անգամ մեզ չէին կարող սթափեցնել, լարված էինք բոլորս, տանը  աշխատում էինք մեկս մյուսի հետ ընդհանրապես չխոսել, չէինք կարողանում իրար հասկանալ։ Եվ դեպրեսիան ավելի էր խորանում, քանի որ Գրիշայից ոչ մի լուր չունեինք։ Մոտ երկու ամիս ոչ մի լուր չունենալուց հետո որոշեցինք դիմել Կարմիր Խաչին՝ ինչ-որ տեղեկություն ստանալու համար։ Սակայն ապարդյուն, անհետ կորածների ցուցակում չկար, հիվանդանոցներում չկար, փնտրում էինք ամենուր, սակայն ոչ մի դրական պատասխան չէինք ստանում»։

Անտեղյակությունը, տագնապը, վախը ավելի էին խորանում, քանի որ իրենց անտեղյակությանը գումարվում էր մեդիայում տեղի ունեցող քաոսը: Այդ մասին ևս խոսել ենք Վարդուհու հետ․

«Հիշում եմ՝ այդ օրերին դժվար էր ադեկվատ մոտենալ որևէ հարցի, կամ լսել մի լուր և հասկանալ՝ արդյոք ճիշտ է, թե ոչ։ Մեդիայում ապատեղեկատվության մեծ արտահոսք կար, որը, ցավոք սրտի, որևէ վերահսկող կառույցի կողմից սահմանափակումների չէր ենթարկվում։ Մեդիայում տիրող քաոսը մեր տագնապն ու վախը ավել էր մեծացնում, և հետպատերազմական շրջանն էլ ավելի ծանր էր, քանի որ թե՛ մարդկայն, թե՛ նյութական  կորուստները անասելի շատ էին»։

Այն, ինչն ունի սկիզբ, ունի նաև վերջ, սակայն կան երևույթներ, որոնք անգամ ավարտվելուց հետո դեռ մնում են մարդկանց ենթագիտակցության մեջ, և թույլ չեն տալիս վերքերին սպիանալ:

Օֆելյա Հովհաննիսյան

4-րդ կուրս

Կիսվել