Երեք սերունդ կրթած սահամանապահ ուսուցիչը

Երեք սերունդ կրթած սահամանապահ ուսուցիչը

401

Սահմանամերձ ու սահմանապահ Այգեպարը հակառակորդի կողմից մշտապես հրետակոծության է ենթարկվում։

Տիկին Հասմիկի տունն էլ հենց այն փողոցի վրա է, որտեղ ամենաշատը վնասված տներ կան․ ուսուցչի տունը ևս այդ տներից է։

«Տանը մեծ պատուհաններ ունեինք, հաճախակի կրակոցների պատճառով, որոշեցինք դրանց փոխարեն պաշտպանական պատեր դնել»,- ասում է տիկին Հասմիկը։

Տավուշի մարզի այս փոքրիկ համայնքը 90-ականներից սկսած միշտ է թշնամու նշանառության տակ եղել, բայց դա չի խանգարել տիկին Հասմիկին և մյուս գյուղացիներին շարունակել արարել գյուղում։

«Այստեղ կլիման շատ մեղմ է․ ամեն ինչ աճում է՝ նուռ, թուզ, խաղող, ու մենք խնամում ենք մեր այգին թշնամու դիրքերի մոտ, նրանց նշանառության տակ»,- ասում է նա։

Տիկին Հասմիկի խոսքով՝ 90-ականներից սկսած ուսուցչի առաքելությունը ևս ամբողջությամբ փոխվել է, որովհետև խաղաղ պայմաններում իրենք ուրիշ գործունեություն էին ծավալում, պատերազմում ու դրանից հետո աշխատանքի բովանդակությունը լրիվ այլ է։

-44 տարի անընդմեջ ես ապրում և աշխատում են այգեպարում, կրթել ու դաստիարակել եմ բազում սերունդների, աշխատում եմ արդեն իմ նախկին աշակերտների թոռների հետ․ երրորդ սերունդն եմ դաստիարարկում։

«Չնայած մշտապես թարմացվող պաշտպանական մեխանիզմների և դպրոցի շուրջը կառուցված պաշտպանիչ պատերի, միևնույն է երեխաների մուտքը դպրոց անվտանգ չէ, որի համար ամենաշատն եմ մտագովում»,-  ասում  է տիկին Հասմիկը։

Ընկեր Գյոզալյանի դասին երեխաները ուրախ են գնում, իրենց առաջին ուսուցչին և սիրելի դասղեկին վստահաբար ողջ կյանքում կհիշեն։

Այգեպարի դպրոցի տնօրեն Արևիկ Արզումանյանը ասում է․

-Ընկեր Գյոզալյանի նման ուսուցիչների մասին պետք է միշտ բարձրաձայնել և շնորհակալություն հայտնել նրանց նվիրվածության և առաջին հերթին երեխաների լուսավորության մասին մտածելու համար։

Արդեն մի քանի տարի է Գյոզալյանը հայոց լեզվի և գրականության մասնագետ լինելուց զատ նաև դպրոցի փոխտնօրենն է, ասում է՝ երեխաները քիչ են, չի դժվարանում և երկու պարտականություններն էլ լիարժեք կատարում է։

Տնօրենի խոսքով՝ թե՛ երեխաները, թե՛ ուսուցիչները չեն ցանկանում, որ դպրոցի  դեմքն ու դիմագիծը դարձած ուսուցիչը  որպես թոշակառու թողնի դպրոցը։

Ընկեր Գյոզալյանը վստահեցնում է՝ անկախ նրանից՝ կաշխատի դպրոցում, թե ոչ, ինչպես այս բոլոր տարիներին, այնպես էլ հետագայում աշակերտների համար իր տան դուռը միշտ բաց կլինի.

-Նկատել եմ, երեխաները ավելի շատ ուսուցչի հետ մտերմանում են հատկապես դասապրոցեսից դուրս։ Սիրում են օգտվել իմ անձնական գրադարանից, իսկ նրանց ցանկացած գրքով ապահովելը ինձ շատ է ուրախացնում։ Հպարտորեն կարող եմ ասել, որ սառույցը տեղից շարժվել է, և երեխաների մոտ ճաշակ և հետաքրքրություն է ձևավորվել։

Ընկեր Գյոզալյանի աշակերտներից Տաթևը և Մերին, ովքեր ավարտել են ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետը, միաբերան պատմում են, որ միշտ հիացել են իրենց սիրելի ուսուցչի բազմակողմանի զարգացվածությամբ և գիտելիքներով.

-Նրա շնորհիվ է, որ սիրել ենք գրականությունն ու հայոց լեզուն և ընտրել այս մասնագիրությունը, հատկապես ուսանող եղած տարիներին ամեն անգամ մտովի շնորհակալություն էինք հայտնում նրան իր տված անփոխարինելի գիտելիքների համար։

Տիկին Հասմիկի համար գիրք կարդալը կյանքի անբաժանելի մաս է, պատմում է՝ ինչպես է մի ձեռքով նորածին երեխային օրորել, մյուսով ներքնակի տակից հանել սիրելի գիրքը և սկել կարդալ։

Ուսուցչուհին առանձնահատուկ մոտեցում ունի ապագա զինվորների հանդեպ. առաջնայինը համարելով նրանց մեջ հայրենիքի պաշտպանության գաղափարը՝ գրեթե ամեն դասի մի քանի րոպե նվիրում է այս թեմայի շուրջ զրույցներին։

Քայլել շատ է սիրում, ազատ ժամանակ կարող է պարզապես դուրս գալ և սկսել զբոսնել գյուղի երկայնքով։ Ասում է՝ այս սերը այն ժամանակներից է մնացել, երբ ստիպված էին ոտքով կիլոմետրեր կտրել քաղաք գնալու համար։

Այգեպարի պատմության մեջ Հասմիկ Գյոզալյանն իր ուրույն հետքն է թողնում, ով սերունդներին կրթում է և սովորեցնում լավատես ու հաղթող լինել։

Սրբուհի Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել