«Պայքար» կրթության իրավունքի համար

«Պայքար» կրթության իրավունքի համար

324

Գեղարքունիքի մարզի Ավազանի հիմնական դպրոցը համանուն գյուղի միակ դպրոցն է, որը կառուցվել է 1938 թվականին։ Այդ ժամանակից ի վեր դպրոցի խոնավացած և ճաքճքած պատերից վերանորոգման ձայն չի եկել, ու եթե չլինեին Սևանա լճից եկող անսանձ քամիները, դպրոցն այդպես էլ իր պատմության մեջ աշխատող ձեռքեր չէր տեսնի։ 1938 թվականից ի վեր դպրոցում վերականգնողական աշխատանքեր արվել են միայն 2000 թվականին, երբ փոխվել է դպրոցի տանիքը։

Ինչպես սահմանամերձ շատ գյուղերի դպրոցներում, Ավազանի հիմնական դպրոցում էլ աշակերտների թվաքանակը շատ քիչ է։ Այստղ սովորում է 29 աշակերտ։ Դասերն էլ անցկացվում են կոմպլեկտավորված դասարաններում։ Հենց նման պայմաններում են դրսևորվում ունիվերսալ և բազմակոմանի զարգացած ուսուցիչները։ Եթե չլինեին այս սուղ պայմանները, ինչպե՞ս կիմանայինք, որ տեխնոլոգիայի ուսուցչուհի ընկեր Խաչատրյանը ռուսական դպրոց է ավարտել և կարող է ռուսերեն էլ դասավանդել, իսկ դպրոցի տնօրենը կարող է կոստյումը թողնել աշխատասենյակում, հագնել սպորտային համազգեստը և ֆիզկուլտուրա դասավանդել։ Չլինեին այս սուղ պայմանները, ինֆորմատիկայի ուսուցչին էլ չէինք ուղարկի շախմատի ֆեդերացիայում վերապատրաստման՝ շախմատ դասավանդելու համար։

Ընդհանուր առմամբ դպրոցն ունի 11 ուսուցիչ, որոնցից չբացահայտված է մնացել միայն անգլերենի ուսուցչի տաղանդը, քանի որ նա միակն է բոլորից, ով ուսերին մեկ առարկայի պատասխանատվություն է վերցրել։

Կիսաքանդված պատերի ներսում ուսուցիչները փորձում են ամեն ինչ անել աշակերտների օրը հետաքրքիր դարձնելու համար։ Այստեղ կազմակերպվում են տարբեր դպրոցական միջոցառումներ, ցերեկույթներ և շաբաթօրյակներ։ Ու այս միջոցառումների մասին պատմող նյութերն ու լուսանկարները ինֆորմատիկայի ուսուցչի ջանքերով տեղ են գտնում դպրոցի կայքում, որը սակայն օրեցօր նմանվում է աշխատանքի հայտարարությունների համար նախատեսված թերթի, տեղ-տեղ «գովազդային դադարներով»։

Դպրոցում կրթությունը 9 ամյա է։ Այն ավարտելուց հետո աշակերտները ստիպվաած են լինում ընդունվել մոտակա այլ գյուղերի միջնակարգ կամ ավագ դպրոցներ։ Մեծամասամբ բոլորը հաճախում են ամենամոտ՝ Գեղամասար գյուղի միջնակարգ դպրոց, ուր հասնելու համար ստիպված են լինում ոտքով անցնել 2 կմ ճանապարհ։ Հենց այս ճանապարհին է, որ երեխաների գլխում ջնջվում է մոտիկի և հեռուի հստակ ընկալումը։ Այս 2 կմ անցնելիով էլ նրանք ձևավորում իրենց բոլոր պատկերացումները Հայաստանի և դրա բարձրագույն արժեք հանդիսացող մարդու մասին։ Հենց այս ճանապարհին են նրանք իմանում, որ Հայաստանի Հանրապետությունում կրթություն ստանալու իրավունք ունի յուրաքանչյուր երեխա, բայց ոմանք շուրջօրյա պայքարով են հասնում այդ իրավունքին։

Սյուզաննա Օհանյան

2-րդ կուրս

Կիսվել