Ոճավորելով համացանցը. Անայի ճանապարհորդությունը նորաձևությունից համացանց

Ոճավորելով համացանցը. Անայի ճանապարհորդությունը նորաձևությունից համացանց

512

Սկզբում բոլորի զարմանքն է առաջացնում նրա անունը, իսկ նա էլ իր հերթին զայրանում է,  երբ անծանոթները պնդում են, որ իր անունը գրվում է երկու ն-ով․ նրա անունը հենց Անա է, Անա՝ մեկ ն-ով:

Անան Վանաձորից է եկել Երևան` սովորելու նպատակով: Սովորում է Գեղարվեստի Պետական ակադեմիայի «Հագուստի մոդելավորում» բաժնում, չնայած նրան այդքան էլ դուր չի գալիս հագուստ ստեղծելը․ նա սիրում է համադրել արդեն կարված հագուստը՝ յուրահատուկ և տարբերվող շեշտեր ավելացնելով: «Եթե տեսնեք փոքր ժամանակվա նկարներս, կհամոզվեք, որ դեռ փոքրուց սիրել եմ համադրել տարբեր հագուստներ, ինքս եմ ընտրել ինչ հագնել և ինչ աքսեսուարներ ավելացնել։ Արդեն պարզ էր, որ նման ուղղությամբ պիտի շարունակեմ»,- ասում է զրուցակիցս:

Անային հաճախ կտեսնեք փողոցում շներին կերակրելիս, որոնց նա անվանում է «լյոշիկներ»:

Տարբեր նախասիրություններով այս աղջիկն այժմ օգնում է շատերին գտնել իրենց ոճը: Քանի որ Անայի սերը մեծ էր ոճաբանության հանդեպ, և նա ցանկանում էր իր գիտելիքներով կիսվել շատ աղջիկների հետ, բացեց իր բլոգը, որը հիմնականոմ ոճաբանության և նորաձևության ոլորտների մասին է: Պատմում է, որ շատ էր հետաքրքրվում տարբեր բլոգերներով,  հետո որոշում, որ ինքն էլ պետք է սկսի, սակայն կարճ ժամանակ անց նորից դադարեցնում էր: Սակայն 2022 թվակականի հունվարին որոշեց սկսել ու այդպես էլ չջնջեց էջը և հիմա զբաղվում է ակտիվ բլոգերական գործունեությամբ:

«9-րդ, թե 10-րդ դասարանում էի, երբ որոշեցի կրել հայրիկիս վերնաշապիկը, ու այդ վերնաշապիկը շատ բան փոխեց․ ես դրանից հասկացա, որ ինձ դուր է գալիս oversize-ը, և դա է իմ ոճը»,- պատմում է Անան: Իր ոճում տարբեր փորձեր անելուց հետո Անան հասկացավ, որ ուզում է զբաղվել ոճաբանությամբ և օգնել շատ աղջիկների, որ գտնեն իրենց համապատասխան և հարմար ոճը, որում իրենց ավելի ինքնավստահ կզգան:

Որպես այդպիսին՝ չունի ստանդարտ ոճ․ Անային միշտ կտեսնեք տարբեր ոճերի հագուստներ համադրելիս, և հետևորդների կարծիքով` դա նրա մոտ իդեալական է ստացվում: 

Այժմ ունի հաճախորդներ և աշխատում է որպես անձնական ոճաբան: «Ոճաբանի աշխատանքի կարևորագույն մասը մարդու համար նրա ներաշխարհին ու բնավորությանը համապատասխան ոճ ստեղծելն է, այլ ոչ թե իր սեփական ոճը թելադրելը, որով հաճախորդը գուցե ինքնավստահ և հարմար չզգա»-, նշում է զրուցակիցս: Հարցին, թե իր կարծիքով՝ ինչի համար են մարդիկ իրեն հետևում, Անան պատասխանում է․ «Կարծում եմ՝ մարդկանց իմ էջը հետաքրքրում է այն պատճառով, որ Հայաստանում քիչ կան բլոգերներ, որոնք խոսում են ոճաբանության մասին։ Երևի թե նրանց անհրաժեշտ է այդ ինֆորմացիան, և ես տալիս եմ այն իմ բլոգում։ Հայաստանում,  ցավոք սրտի, այդքան էլ զարգացած չէ այս ճյուղը, և մարդիկ փորձում են  ոճաբանական բլոգների միջոցով լցնել այդ բացը»:

Անային մոտիվացնում են նորաձևության շաբաթները, այն, թե ինչպես են արտասահմանյան ոճաբաններն աշխատում, ինչն ինչի հետ են համադրում, ինչ նոր հավաքածուներ են ստեղծում։ Այդ ամենը տեսնելով` նա սովորում է և օգտագործում իր լուքերի մեջ։ «Բացի այդ, հետևում եմ  նաև շատ հայտնի ոճաբանների, որոնք աշխատում են հանրահայտ աստղերի հետ, ու այդ համադրություններից վերցնում եմ ինչ-որ դետալներ, օգտագործում իմ լուքերում ու, ինչու ոչ, նաև կիսվում հետևորդներիս հետ»,- ավելացնում է զրուցակիցս:

Անան միշտ նշում է, որ Հայաստանում, ցավոք, դժվար է գտնել թեկուզ դասընթացներ ոճաբանության մասին, և հարցին, թե արդյոք նրա ապագայի պլաններում չկան նման մտքեր, պատասխանում է. «Ապագայի պլանները շատ են և հաստատուն, սակայն այս պահին ոչինչ ասել չեմ կարող, միայն այն, որ պետք է սպասել շատ մեծ նորությունների»:

Իրինա Արևշատյան

2-րդ կուրս

Կիսվել