Միջմշակույթային բարեկամություն․ հարաբերությունների կառուցում՝ որպես միջազգային ուսանող

Միջմշակույթային բարեկամություն․ հարաբերությունների կառուցում՝ որպես միջազգային ուսանող

408

Վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում համալսարաններ և քոլեջներ ընդունվող միջազգային ուսանողների թիվը ակնհայտորեն  աճում է: ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ արտասահմանում սովորող ուսանողների թիվը վերջին 2 տարում հասել է 5,3 միլիոնի: Այս միտումը պայմանավորված է մի շարք գործոններով, ներառյալ աճող համաշխարհային տնտեսությունը, բարձրագույն կրթության աճող պահանջարկը, կրթաթոշակների և ֆինանսավորման այլ հնարավորությունների առկայությունը: Այնուամենայնիվ, օտար երկրում սովորելը կարող է սարսափելի փորձ լինել բազմաթիվ միջազգային ուսանողների համար: Նրանք կարող են հանդիպել մի շարք մարտահրավերների, ներառյալ լեզվական խոչընդոտները, մշակութային տարբերությունները և նոր ակադեմիական և սոցիալական միջավայրին հարմարվելու դժվարությունները: Journalist.amը զրուցել է միջազգային փոխանակման ծրագրի միջոցով Հայաստան եկած մի իտալուհու հետ, պարզել նրա այստեղ գտնվելու նպատակը, անդրադարձել այն խնդիրներին, որոնց նա առնչվել է և ինչ լուծումներ է տվել դրանց։

Մեր հերոսուհին Բենեդետտա Լոկատելլին է, 23 տարեկան Բերգամոյ քաղաքից, որը գտնվում է  Միլանից 50 կմ հեռավորության վրա, Իտալիայից հյուսիս: Բենեդետտան սովորում  է  Բոլոնիայի համալսարանի բակալավրիատի երրորդ կուրսում, որտեղ ուսումնասիրում է միջմշակութային միջնորդություն։ Բացի իտալերենից տիրապետում է նաև  գերմաներենին, ռուսերենին և անգլերենին։ Նա Հայաստան է եկել 2023թ.-ի փետրվարին և այստեղ սովորում է ԵՊՀ-ի ռուս բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսում։

-Ի՞նչը Ձեզ ոգեշնչեց սովորել արտասահմանում (Հայաստանում):

-Ես ռուսերեն եմ սովորում և երբեք չեմ եղել ռուսալեզու երկրում: Ես դիմել էի Էրազմուս ծրագրին Ուկրաինա մեկնելու համար, սակայն պատերազմի պատճառով այլևս չկարողացա գնալ այնտեղ, ուստի հնարավորություն ունեցա ընտրել այլ երկիր։ Իսկ Հայսատանը  իմ ընտրությունն էր։ Ես երբեք չեմ եղել Ասիայում, ուստի ասացի՝  ինչու՞ ոչ։

-Արդյո՞ք հեշտ էր ինտեգրվել շրջակա միջավայրին։

-Այո, բավականին շատ։ Իմ դասընկերները բոլորն էլ զարմանալի են, շատ ընկերասեր և հետաքրքրված են իմ մշակույթով։ Պրոֆեսորները բոլորն էլ շատ հասանելի են և ինձ շատ են օգնել դասերի հարցում։

-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել այստեղ սովորելու ժամանակ։ 

-Հիմնական դժվարությունն այն է, որ այստեղ դուք չեք օգտագործում այնքան տեխնոլոգիա, որքան Իտալիայում… Այստեղ դա պարզապես ձեր մատիտն է և ձեր նոթատետրը, մինչդեռ մենք սովորաբար շատ ենք օգտագործում համակարգիչը:  

-Ի՞նչ կփոխեք հայաստանյան  կրթական համակարգում:

 -Պարզապես քննությունները կպակասեցնեի։

-Ո՞րն է եղել Ձեր ամենամեծ մարտահրավերը Հայաստանը ուսումնասիրելիս, և ինչպե՞ս եք այն հաղթահարել:

-Կարծում եմ՝ պետք է պահել ճիշտ հավասարակշռություն սովորելու և ճանապարհորդելու միջև: Ես իսկապես ուզում եմ տեսնել Հայաստանի բոլոր մասերը, քանի որ հնարավորություն ունեմ, բայց, ցավոք, իմ ֆակուլտետում (նաև Իտալիայում) պետք է շատ առաջադրանքներ և տնային աշխատանքներ կատարել, և դա ինձ խանգարում է ավելի խորը ուսումնասիրել մշակույթը:

-Ի՞նչ մշակութային տարբերություններ եք նկատել Ձեր հայրենի երկրի և Հայաստանի միջև:

-Մշակույթը, ենթադրում եմ, շատ նման է… Միակ բանը, որ ես նկատել էի, տարբերվում է կնոջ դերն ընտանեկան կյանքում և հասարակության մեջ: Նկատել եմ, որ այստեղի աղջիկները շատ երիտասարդ են ամուսնանում և շատ փոքր են սկսում ընտանիք կառուցել։ Ինձ նաև ասացին, որ հարսնացուն սովորաբար ապրում է փեսայի հետ իր ծնողների տանը։ Իտալիայում նման բան չի լինում։ Սովորաբար պետք է ավարտել համալսարանը, ստանալ լավ աշխատանք, որը կարող է ապահովել ընտանիքի հնարավոր կառուցումը, և միայն դրանից հետո ընտանիք կազմել։ Հավանաբար դա է պատճառը, որ ամուսնության և առաջին երեխա ունենալու միջին տարիքը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում։ Նաև համալսարանում նկատել եմ, որ տղաները միշտ դռները բացում են աղջիկների առաջ և թողնում են, որ նրանք առաջինը ներս մտնեն կամ դուրս գան… Եվրոպայում աղջիկներն իրենց համարում են ավելի «ուժեղ և անկախ», և այդ պատճառով մենք սովոր չենք դրան:

-Ի՞նչ խնդիր/խնդիրներ կարող եք բարձրաձայնել, որ նկատել եք Հայաստանում։

-Հայաստանում վարորդները շատ վտանգավոր են վարում մեքենան։ Ինչպես նաև տան վարձերի արժեքներն են շատ բարձր։ Դժվար էր պատշաճ տուն գտնել հարմար գնով։  Իսկ այն, ինչ առաջարկում էին տանտերերը, այնքան էլ չէր համապատասխանում իրականությանը։

-Ի՞նչ եք կարծում, որո՞նք են արտերկրում սովորելու առավելությունները:

-Կարծում եմ՝ արտերկրում սովորելը օգնում է քեզ նոր ընկերներ ձեռք բերել և ճանաչել տարբեր մշակույթներ։ Նույնիսկ ավելի լավ է, քան ճանապարհորդելը: Դուք ավելի շատ ժամանակ ունեք մշակույթի և ապրելակերպի մասին պատկերացումներ կազմելու համար:

-Ի՞նչ եք ակնկալում ստանալ հայաստանյան կրթությունից:

-Ավելի շատ ինֆորմացիա հայկական մշակույթի մասին։ Ավելի շատ միջազգային ընկերներ։ Եվ ռուսերենի ավելի լավ իմացություն։

Լուսինե Սարգսյան

3-րդ կուրս

Կիսվել