«Չնախատեսված վայրում աղբ թափելը ամոթ է, իսկ մայր հողին խոնարհվելը եւ այն...

«Չնախատեսված վայրում աղբ թափելը ամոթ է, իսկ մայր հողին խոնարհվելը եւ այն մաքրպատելը՝ պատվաբեր»

345

Աղբահանության խնդիրը Հայաստանում դեռ արդի է, իսկ այն լուծելու նպատակով կատարվող աշխատանքները՝ անտեսանելի: Հիմնական խնդիրը մարդկանց անտարբերությունն է: «Ինչու՞ պետք է ուրիշի գցած աղբը հավաքեմ»,- այսպես են մտածում շատերն ու, աղբը գետնին թողնելով, հեռանում: Ահա սրա արդյունքում է, որ այդ խնդիրը անլուծելի է մնում  Հայաստանում ու կմնա այնքան ժամանակ, մինչև մարդկանց կարծրատիպերը չվերանան: Սակայն ոչ բոլորն են անտարբեր այդ հարցի շուրջ, հակառակը, փորձում են անել ամեն բան իրենց երկիրն ու հողը մաքուր պահելու համար:

Կամավորական խմբերում իր գործունեությունն է ծավալում Մանեն, ում համար իր հայրենիքը մաքուր պահելը պատիվ է:

«Կարելի է ասել, որ ես երբեւէ անտարբեր չեմ եղել բնության ու դրա պահմանման նկատմամբ, քանի որ շատ եմ սիրում այն։ Ես ոչ մի տարիքում աղբը չեմ գցել չնախատեսված վայրում ու չէի հասկանում այն մարդկանց, որ այդպես էին վարվում։ Այդ վիճակը՝ ժողովրդի անտարբերությունը եւ անարգանքը հողի ու հայրենիքի նկատմամբ առավել մտահոգիչ էր հատկապես 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո: Այդ ժամանակ ավելի էի արժեւորում հայրենիքը սիրելու եւ նրա մասին հոգ տանելու իմ պարտավորությունը։ Հասկացա նաեւ, որ աղբը չնախատեսված վայրում նետելը գիտակցության ցածր մակարդակի եւ հայրենիքը չճանաչելու խնդիր է: Այդ շրջանում որոշեցի, որ այսուհետ ոչ միայն շարունակելու եմ իմ չափով պահպանել բնության գեղեցկությունը ու անաղարտությունը, այլեւ մաքրելու եմ այն աղբից։ Ֆեյսբուքի միջոցով գաղափարակիցներ գտա, հանդիպումներ ու քննարկումներ ունեցանք։ Մեր մաքրապատող թիմի նպատակը հասարակությանը կրթելն է, դաստիարակելը եւ պարտավորեցնելը սիրել հայրենիքը, ինչը, պարզվում է, հաջողել ենք։ Չնախատեսված վայրում աղբ թափելը ամոթ է. այս է մեր կարգախոսը, իսկ մայր հողին խոնարհվելը եւ այն մաքրապատելը ես եւ ընկերներս պատվաբեր ենք համարում»:

Ինչպես նա է նշում, շատ հաճախ միայնակ է զբաղվում իր սիրելի «աշխատանքով» դասերից հետո, ազատ օրերին, ամեն հնարավոր պահի, երբ զգում է, որ կարիքը կա։

«Երբ նոր էի որոշել զբաղվել մաքրապատմամբ, ծնողներս ու հարազատներս դեմ էին, մինչեւ հիմա զարմանում են, թե ինչպես եմ փողոցում ուրիշի նետած աղբը վերցնում, գցում աղբամանը։ Ես էլ իրենց շատ հանգիստ բացատրում էի, որ մենք պատասխանատու ենք մեր շրջակա աշխարհի պահպանման համար, ինչպես նաեւ սա հայրենիքը զարգացնելու մի մեթոդ է։ Ինչպե՞ս կարող է աղբոտ երկրում բարեկարգ ու ապահով կյանք ունենալ գիտակից մարդը։ Հիշում եմ, որ մի անգամ դասարանում այնքան էի խոսել մաքրապատման ու աղբի խնդրի, բնության ավերման ու հայրենիքի գաղափարի մասին, որ դասընկերներս այդ օրը խոստացան, որ այլեւս աղբը չեն նետելու փողոցում, ու դասերից հետո միասին դպրոցի հարակից տարածքում մաքրապատում արեցինք։

Մի դեպք եմ միայն հիշում, որը վիրավորական էր։ Մաքրապատում էի Մայր Աթոռում իրականացնում, երբ կողքովս անցնող դպրոցական երեխաները իրար հարցնում էին, թե ով է այս աղջիկը, որ աղբ է հավաքում, երեխաներից մեկն էլ ասաց՝ լավ հագնված «բոմժ»։ Դաստիարակության բացակայության խնդիր էր»:

Այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի հասարակության մի շրջանում տարածված այն կարծրատիպը, որ գետնին գցած աղբը հավաքելը ամոթ է, նա առանձ երկմտելու պատասխանեց, որ շատ է ցավում, որ այս կարծրատիպը հաճախ է հանդիպում: Ի հակադրություն այս կարծիքին՝ նա եւ իր ընկերները ամոթ են համարում աղբը ամենուր նետելը, մեր հայրենիքի ու ժողովրդի բարօրրության անարգումը, բնության աղճատումը եւ շատ ավելի ամոթալի երեւույթներ, որի մասին խոսելն անգամ տհաճ է։ Եւ վերջապես ինչպես կարելի է ամոթ համարել հայրենիքը սիրելը եւ այդ սերը գործերով ապացուցելը։

«Վերջին մեծ մաքրապատումը մեր խմբով արել ենք մարտի 19-ին Սարդարապատի հուշահամալիրի կից անտառում։ Մեր նախաձեռնության հիմնադիրը՝ Հակոբը, գնացել էր հուշահամալիր, հետո մաքրապատման նպատակով գնացել էր դեպի անտառ ու տեսել, որ շատ է հավաքված աղբը: Այդ ժամանակ էլ որոշել էր, որ ցանկալի է մաքրապատում կազմակերպել այդ տարածքում։ Մաքրապատմանը մասնակցել է շուրջ 100 մարդ. ոչ միայն մեր կամավորներն էին, այլ նաեւ Արմավիրի դպրոցներից աշակերտներ ու ուսուցիչներ, ինչպես նաեւ մեզ էին միացել Արմավիր համայնքի ղեկավարը, աշխատակիցները ու հարակից գյուղերի բնակիչները»:

 Զրույցի ընթացքում Մանեն խոսեց նաև այն մասին, թե ինչպես են ընտրում այն տարածքները, որտեղ պետք է մաքրապատում իրականացնեն:

«Մաքրապատման առաջնահերթությունը տալիս ենք պատմամշակութային կոթողներին, հատուկ ու արժեքավոր տարածքներին, իհարկե, մենք հայրենիքում տարանջատում չենք դնում կարեւոր ու ոչ կարեւոր հողակտորների, բայց կան հատուկ տարածքներ, որ մաս-մաքուր պիտի լինեն։ Օրինակ՝ ինքս Եռաբլուրում հաճախ եմ մաքրապատում. մեր տղաների տունը միշտ մաքուր ու խնամված պիտի լինի. իրենք արժանի են լավ ու հարգալից վերաբերմունքի»:

Հարցրույցի վերջում Մանեն նշեց, որ վերջերս Երեւանի փողոցներում թափված աղբ քիչ է հանդիպում, ինչը ոգեւորող է: Վերջին տարիներին նկատել է, որ շատ մեծ ձեռքբերումներ ունենք, օրինակ՝ աղբի թափոնների մշակմամբ զբաղվող կազմակերպությունները, որոնց աշխատանքն իսկապես գովելի է: Այդ տեմպերով շարուակելու դեպքում, վստահությամբ ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում 10-15 տարի հետո աղբի խնդիր այլևս չի լինի:

Անի Ստեփանյան

2-րդ կուրս

Կիսվել